Օրինակներից մեկը Ս. Նորաշենն է
Այս օրերին, ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի, լրանում է Ախալքալաքի եւ Ախալցխայի հայության կոտորածների 90 տարին: Այդ կոտորածներին զոհ են դարձել 40-50 հզ. հայեր, որ այդ ժամանակվա համար կազմում էին տարածաշրջանի բնակչության կեսից ավելին: Այսօրինակ սկիզբ ուներ «Վրաստանի արդի հակահայ քաղաքականությունը» կլոր-սեղան քննարկումը, որ կազմակերպել էր «Միտք» վերլուծական կենտրոնը:
Կենտրոնի նախագահ Վահե Սարգսյանի զեկույցը հարցերի շարք էր, թե ինչու է անկախացումից ի վեր Վրաստանը ճնշումներ գործադրում Հայաստանի վրա` որպես խաղաքարտ օգտագործելով տարանցիկ երկիր ծառայելու հանգամանքը, ինչու է Վրաստանը անկատար թողնում Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ, ինչու է ճնշումների ենթարկվում Սամցխե-Ջավախեթի-Ծալկա տարածաշրջանի հայությունը` ինտեգրման պատրվակի տակ եւ այլն:
Օրակարգային հարցեր էին Վրաստանի «եկեղեցական քաղաքականությունը», «հակահայ քաղաքականությունը 1918-ից ի վեր», «վրաց պետական քաղաքականությունը եւ ոտնձգությունները հայկական մշակութային կոթողների նկատմամբ (Սուրբ Նորաշեն)»: Մասնավորապես վերջերս «Ազգի» ուշադրության կենտրոնում հայտնված Սուրբ Նորաշեն եկեղեցու հարցին մանրամասն անդրադարձել ենք մեր թերթի մի քանի համարներում եւ էլի կանդրադառնանք:
Նշենք, որ այս առնչությամբ զեկույց ներկայացնող Սամվել Կարապետյանը , որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության Երեւանի գրասենյակի տնօրենն է, անդրադարձավ Ս. Նորաշենի նկատմամբ վրացի քահանա Թարիելի ոտնձգություններին այն տեսանկյունով, որ վրացական շիրմաքարերը հայկական եկեղեցու բակ տեղափոխելն իսկ դատապարտելի է ոչ թե հայկական եկեղեցին վրացականացնելու կտրվածքով միայն, այլեւ սեփական ժողովրդի զավակների շիրիմները տեղափոխելով պղծելու առումով:
Ինչեւէ, վրաց եկեղեցու սպասավորի արարքները դեռեւս քննության կենթարկվեն, իսկ մինչ այդ նշենք, որ մոտ 8 օրվա ընթացքում Ս. Նորաշենի հետ նույն բակում գտնվող վրացական եկեղեցի «Ազգ»-ի թղթակցի այցելությունները այդպես էլ հնարավոր չդարձրին հայր Թարիելի հետ զրույցը, քանի որ վերջինս, այլոց փոխանցմամբ, այդպես էլ եկեղեցում չեղավ այցելության պահերին, իսկ խնդրանքը որեւէ պայմանավորվածության մասին մնաց անարձագանք:
Ա. Հ.