Մինչ հանրապետությունում քննարկվում է Հանրային խորհուրդ ստեղծելու խնդիրը, Գյումրիում այդ անունով հասարակական մարմին ստեղծվել եւ գործում է արդեն մեկ տարուց ավելի: Նրանում ընդգրկված են քաղաքի մտավորականներ, հասարակական եւ գործարար հատվածների, տեղական իշխանության ներկայացուցիչներ:
Գյումրու հանրային խորհրդի մայիսի 30-ին հրավիրված 4-րդ նիստում քննարկված հարցերից առաջինը վերաբերում էր համայնքային ավագանու գործունեության, նրա աշխատանքի որակի բարելավման խնդիրներին: Քննարկման ժամանակ մասնավորապես կարեւորվեց ավագանու կանոնակարգի հարցը, որպիսին, ըստ բանախոսների, Գյումրու ավագանին առայժմ չունի: Ճիշտ է, ՏԻՄ օրենքում ավագանու գործունեության շրջանակները նշված են, բայց օրենքն այդ հարցում ամեն ինչ չէ, որ կանոնակարգում է: Խնդիր համարվեց նաեւ ավագանու առանձին նստավայր ունենալը, որպեսզի նրա աշխատանքն առավել արդյունավետ, հրապարակային եւ հաշվետվողական լինի հանրության առջեւ:
Երկրորդ հարցը վերաբերում էր Գյումրու բնակարանաշինության խնդիրներին ու առկա մոտեցումներին, նկատի ունենալով առաջին հերթին երկրաշարժից անօթեւանների ապահովումը: Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Գյումրու հանրային խորհուրդը ուղերձ էր հղել ՀՀ իշխանություններին եւ տեղական ու միջազգային տարբեր կառույցների` արդեն 20-ամյա այս խնդրի հետ կապված մտահոգությամբ ու մի շարք կոնկրետ առաջարկություններով: Խորհրդի նիստում նշվեց, որ շատ բան հստակվելու է ՀՀ կառավարության առաջիկա արտագնա նիստում, որը, ինչպես հաղորդվել է, տեղի է ունենալու Գյումրիում: Այսօր քաղաքում միայն երկրաշարժից անօթեւան ընտանիքների թիվը մոտ 4000 է, իսկ բնակավայրի անհետաձգելի հիմնախնդիրների շրջանակը եւ այս, եւ այլ առումներով շատ ավելի լայն է: Ակնկալվում է, որ կառավարության արտագնա նիստում կքննարկվեն ընդհանուր առմամբ Գյումրի քաղաքի զարգացման գերակա ուղղությունները:
Նիստում նաեւ լսվեց հաղորդում Գյումրու բնապահպանական իրավիճակի մասին:
Գ. Մ.