Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանը հավանաբար արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից, ոչ միայն Լիբանանից, այլեւ Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Ավստրալիայից եւ նույնիսկ Ռուսաստանից ստացվում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եւ հեռախոսազանգեր: Գրեթե բոլոր դեպքերում մարդիկ իրենց քաղաք են հրավիրում հայտնի հրամանատարին եւ ազգային գործչին` տեղի հայության հետ հանդիպման: Առանձին դեպքերում Սեֆիլյանին նաեւ հրավիրում են ժամանակավոր բնակության` խոստանալով օժանդակել նրա ազգային գործունեությանը: Այնուամենայնիվ, Ժիրայրի եւ նրա աջակիցների նախապատվությունը հանցագործ վարչախմբի` Սեֆիլյանին արտաքսելու ծրագիրը ձախողելն է: Ստացվող նոր տեղեկությունները հաստատում են, որ վերջինս շարունակում է մնալ ուժի մեջ, հակառակ, որ Վարչական դատարանը ոստիկանությանն է վերադարձրել հայցադիմումը: Պատճառն այն է, որ ոստիկանները մոռացել էին նշել հայցվորի անունը: Օրերս սպասվում է, որ ուղղված հայցադիմումը նորից կվերադարձվի դատարանին: Հետեւաբար առայժմ հիմքեր չկան կասկածելու, թե ռեժիմը, գոնե այս անգամ, որոշել է ենթարկվել օրենքին, եւ անհրաժեշտ է շարունակել բողոքի գործողությունները»: