«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՆԱԵՎ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ

Գյումրու շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, ոլորտի փորձագետներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ ու անհատներ ստորագրել են կոալիցիա կազմելու համաձայնագիր: Երեկ Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում առաջին նիստը գումարած այս կոալիցիայի առաքելությունը լինելու է նրա մասնակիցների, տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացումն ու նրանց ջանքերի միավորումը` հանրության բնապահպանական իրավունքների եւ շահերի պաշտպանության, արդյունավետ բնապահպանական տեղական քաղաքականության մշակման եւ իրականացման, Գյումրի քաղաքի էկոլոգիական հիմնախնդիրների լուծման նպատակով: Առաջադիր նպատակներից է աջակցությունը քաղաքացիների բնապահպանական իրազեկության եւ գիտակցական մակարդակի բարձրացմանը, բնապահպանական մշակույթի զարգացմանը, քաղաքային միջավայրի որակի բարելավմանը:

Կոալիցիոն համաձայնագրում նշված են բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք նախատեսվում է իրականացնել առաջադրված նպատակների իրագործման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հասարակության եւ իշխանության կառույցների միջեւ բնապահպանական տեղեկատվության տարածման օպերատիվության, այդ տեղեկատվության մատչելիության ապահովմանը, շրջակա միջավայրին վերաբերող հարցերում քաղաքացիական մասնակցության ակտիվացմանն ու հասարակական վերահսկողության մեխանիզմների գործունության մեծացմանը, բնապահպանական կրթության ու դաստիարակության տարածմանը եւ կրթական հաստատությունների հետ համագործակցության ծավալմանը, քաղաքի շրջակա միջավայրի որակի անկախ փորձաքննության իրականացմանը, կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը եւ այլն:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4