«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՎԱՔ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ մայիսի 29-ին, հյուրընկալությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Գուգարաց թեմում գումարվեց նախադեպը չունեցող քահանայից ժողով: Ժողովին մասնակցում էին Արցախից եւ Հայաստանի բոլոր թեմերից Վանաձոր ժամանած վաթսուն հոգեւոր հայրեր: Առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Վեհափառ հայրապետի նախագահությամբ ժողովին մասնակից թեմակալ առաջնորդները եւ քահանա հայրերը ճաշու ժամերգությամբ միասնաբար աղոթք բարձրացրին առ Աստված:

Հավարտ ժամերգության Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ ճանաչողական այցով ուղեւորվեցին առաջնորդարան եւ ապա «Ծիծեռնակ» ճամբար, որտեղ անցկացվելու էր մեկօրյա հավաքը:՛

«Ծիծեռնակ» ճամբարում սրբազանի բարիգալստյան եւ ողջույնի խոսքից հետո Վեհափառը աղոթքով բացված հայտարարեց ժողովը: Ժողովի ատենապետն էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ատենադպիրը` Ստեփանավանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը: Ժողովի քննարկման նյութերն էին «Հոգեւոր հովվի առաքելությունը» եւ «Հոգեւոր հովիվն իբրեւ հասարակության անդամ» խորագրերը կրող եւ մի շարք ենթահարցեր պարունակող թեմաները: Թեմային առնչվող զեկույցով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Վահան քահանա Ազարյանը:

Հետկեսօրին, արծարծված հարցերի քննարկումներից հետո, ամփոփվեցին ժողովի արդյունքները եւ «Սրբոց Մանկանց» մատուռում երեկոյան կատարված համատեղ աղոթքով եւ Սեպուհ սրբազանի արձակման աղոթքով ավարտվեց պատմական օրը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4