11 տարի առաջ 1999-ինՙ առաջին անգամ կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը։ 2004-ից էլ դարձավ երկամյա։ Այս տարի փառատոնի նախապատրաստական աշխատանքները վաղուց էին ընթացքի մեջ, իսկ անհրաժեշտՙ 160 մլն դրամը հատկացնելու որոշումը կառավարությունը կայացրեց մայիսի 22-ին։
«Ազգի» հետ զրույցում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի նոր հայեցակարգը ամբողջովին համահունչ է նաեւ ազգային անվտանգության խնդիրներին ու հայեցակարգի դրույթներին: Փոփոխություններով փորձում ենք պրոֆեսիոնալը տարանջատել ինքնագործ արվեստից: Կանցկացվեն վարպետության դասեր պարուսույցների հետ, կտրամադրվեն ձայնագրություններ, համապատասխան դասագրքեր եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ ոլորտինՙ սփյուռքում գործող բոլոր պրոֆեսիոնալները պետք է ընդգրկվեն միասնական մեկ ծրագրում: Այդ խնդիրն ունի այս տարվա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը եւ այդ ուղղության ծրագրերն իրականացնելու են բոլոր ստեղծագործական միություններիըՙ ԻԿՕՄՕՍ-ի եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կազմակերպմամբ: Համահայկական ծրագրեր են մշակվելու կինոյի, թատրոնի, գրահրատարակչական գործի եւ շատ ուրիշ ոլորտներում: Այս տարի մենք փառատոնի կոնկրետ պրակտիկ արդյունքներ ենք սպասում, պարզաբանեց տկն Պողոսյանը»:
Այս տարի փառատոնը տեւելու է 5 ամիս: Ինչո՞ւ:
- Ճիշտ եք: Մենք ուզեցինք չշտապել, չխառնել ոլորտներն իրար: փառատոնային մասը կպահպանվի իր ավանդական ձեւով, բայց զուգահեռաբար, հանգիստ, հանդարտ քննարկումներ կանցկացվեն մասնագիտական ոլորտներում։
Արդյոք այդ տիպի քննարկումները չի՞ ենթադրում, որ դրանք Հայաստան-Սփյուռք համաժողովին նախապատրաստվել է:
-Անշուշտ ինչ որ քննարկված հարցեր կներկայացվեն համաժողովին, բայց մենք ավելի շատ ակնկալում ենք, որ կձեւավորվեն այն նախագծերը, որոնք համայն սփյուռքը կիրականացնի:
Թեեւ քննարկված որոշ հարցեր ներկայացվելու են Հայաստան-Սփյուռք համաժողովին, սակայն առաջնային ակնկալիքը, ըստ Հասմիկ Պողոսյանի, համայն սփյուռքի իրականցնելիք ծրագրերի ձեւավորումն է։ «Սփյուռքը ընդգրկված է համատեղ տնտեսական ու այլ ծրագրերում, բայց ստեղծագործական գործընթացում, կարծես թե միավորված չենքՙ գործում ենք անջատ-անջատ: Աշխարհով մեկ սփռված հայ անվանի արվեստագետները օտար բեմերն ու էկրանները «գրավելով», անուն ու հռչակ են ձեռք բերել, սակայն մեր մշակութային դաշտում ընդգրկված չեն»:
Փառատոնը կմեկնարկի հուլիսի կեսինՙ գրողների համաժողովով (որին արդեն մասնակցության 100-ից ավել հայտ է ներկայացվել արտերկրից)։ Կհաջորդեն «Ոսկե ծիրանի» շրջանակներում անցկացվող կինո ծրագիրը, այնուհետեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնային ծրագիրը «օգոստոսի 17-23-ը», ժուռնալիստների, թատերական գործիչների եւ ժառանգության պահպանության համահայկական ծրագրերը: Այս տարի էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահի հովանու ներքո:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ