«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐԱԿՐՎՈՂՆ Ի ՎԵՐՋՈ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԻԺԱՌՈՒՆ

Ամեն անգամ, երբ հրապարակավ հայտարարվում է պետհամալսարանի կամ մեկ այլ բուհի դասախոսին կաշառակերության համար հեռացնելու կամ կաշառք վերցնելու պահին ձերբակալելու մասին, մեր հասարակությունը նույն պահին մի կողմ է թողնում քաղաքականությունը եւ իր հուզական ամբողջ էներգիան ծախսում է տվյալ դասախոսի կյանքն ու գործը քննելու վրաՙ կաշառակեր հորջորջելով բոլոր դասախոսներին անխտիր: Որ բուհական համակարգում կաշառակերության երեւույթը կա, անհերքելի փաստ է, ենթակա չէ հակաճառման ու լիովին դատապարտելի է: Բայց դատելու եւ դատափետելու հետ արժե գոնե մի պահ մտածելՙ հասկանալու համար ուսանողից դրամ շորթելու անպատվելի արարքին մղող հանգամանքներն ու դրդապատճառները:

Տեսե՞լ եք արդյոք, թե ինչպես են ամսական 60-100 հազար դրամ վաստակելու համար մի բուհից մյուսը հեւոցով վազում միջին տարիքի շեմն անցած մեր այն գիտաշխատողները, ովքեր իրենց գործը կատարում են ծայրագույն ազնվությամբ: Կասեքՙ քիչ են այդպիսիք: Այո, քիչ են, որովհետեւ գերմարդկային ճիգեր են պահանջվում մեր բյուրհանգույց կյանքի սեղմ օղակներում անզորության ճիչով ուժեղ երեւալու համար:

Տեսե՞լ եք արդյոք նրանց աչքերում բույն դրած դառը տրտմությունըՙ մտավոր աշխատանքի մեջ հոգեմաշվելուց, ընտանեկան հոգսերի տակ ծանր կքալուց, մարմնի խորանում տնքացող ցավերը թաքուն պահելուց: Ու մինչեւ ե՞րբ: Մինչեւ վերջին շունչն արձակելը: Այդպես ապրել ոչ բոլորն են կարող, այդպիսի կյանքին դիմանալու համար ուրիշ ոգի է պետք: Ու գալիս է արծաթով փորձվելու պահը, պատիվն ու արժանապատվությունը վաճառելու կորստաբեր վճիռը: Կորստաբեր, որովհետեւ մեր ամեն մի արարքՙ թե՛ բարեգութ, թե՛ նենգամիտ, շրջապտույտ անելուց հետո գալիս ու հառնում է ուղիղ մեր դիմաց, կամ մեր հարազատների, անխնա հարվածելով ուղիղ մեր քիմքին:

Երբ փակվում են խոհեմության դռները, աղեկտուր աղերսում ենք, ներում հայցում, սակայն բախվում ենք ներման սառցե պատերին: Մտավորականը չէր անցնի այս ճանապարհը, եթե մեր իրականության մեջ գնահատվեր ու փայփայվեր մտավոր աշխատանքը: Թվում էր, թե երրորդ հանրապետության մտավորական ղեկավարների առաջին հրովարտակը հենց դա պիտի լիներ, բայց, ավա՜ղ, արծաթասիրությունը վեր դասվեց ամեն ինչից ու կրթված լինելը դարձավ ոչ պիտանի մարդավայել ապրելու համար, կրթվածությունը նվաղեց, երերաց դիպլոմավոր մարտնչող տգիտության ամենակուլ հորձանքից: Ու երբ փայլեց տգիտությունը իր ողջ պերճանքով, կրթված մարդը որոշեց իր վրեժն առնել իրեն ոտնատակ տվող, իր առջեւ գրոշներ շպրտող իրականությունից, իր տված գիտելիքի դիմաց պահանջելով իրեն հասանելիքը: Եվ հենց դա էլ մեզանում կոչվեց բուհական կոռուպցիա, վտարվեցին հրաշալի մասնագետներն ու նրանց տեղը բռնելու եկան ոչ կրթվածները, այսինքնՙ դիպլոմավորները:

Եվ այս անխոհեմ պտույտը շարունակվում է, փորձ չի արվում այս մասին գոչելու, որովհետեւ վարժվել ենք խխունջի նման մեր պատյանում թաքնվելուն, երեսպաշտներին ապավինելուն, կեղծ հերոսներին երկրպագելուն: Ու չգիտեմ, թե քանի կրթված մարդ վաղն իսկ կհավաքվի կառավարության շենքի դիմաց, եթե արդարամիտ եւ անվախ մեկը կոչ անի դուրս գալ ու պահանջել մտավոր աշխատանքի դիմաց վարձատրել այնքան, որ անմիտներն այլեւս տեղ չունենան մտավոր բարձր կարողություններ ունեցողների կողքին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4