«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս հրատարակվեց պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Ռուբեն Միրզախանյանի «Մշակութային կյանքը Հայաստանում 1956-66 թթ.» աշխատությունը: Խորհրդային 10-ամյա այդ ժամանակաշրջանի մշակույթը գրքում հանգամանորեն մատուցված է պատմաքննական տեսանկյունից, որում անկողմնակալ կերպով դիտարկված են այդ տարիների մշակութային համընդհանուր ոլորտներում տեղի ունեցող երեւույթներն ու զարգացման միտումները:

Հեղինակն անդրադառնալով այդ ժամանակաշրջանի մշակութային կյանքի բոլոր մանրամասներին եւ շրջադարձային երեւույթներին, նկատելի զսպվածությամբ գնահատելով խորհրդային մշակույթ կոչվող գաղափարախոսության ներքո ստեղծվող գեղարվեստական արժեքները, միաժամանակ հստակորեն զատում եւ արժեւորում է բազմազգ պետության մեջ հայ ազգային ինքնագիտակցությունը սնող եւ պահպանող ստեղծագործություններն ու ներազգային հոգեւոր զարգացումները: Այն, որ խորհրդային հասարակարգում այդ շրջանը որպես վերազարթոնքի շրջան է դիտարկվում եւ քննության ենթարկվում իր հասարակական-բարոյագիտական պատճառահետեւանքային կոնկրետ իրեղեն փաստերով, ուստի չափազանց նպատակային եւ օրապահանջ է դառնում Ռ. Միրզախանյանի աշխատությունը հատկապես մերօրյա տնտեսական նոր հարաբերությունների ժամանակ տեղի ունեցող այլընտրանքային որոնումների դաշտում:

Քննության առնելով 1956-66 թվականների խորհրդային մշակութային ոլորտների պլանավորված զարգացումները որպես սոցիալիստական հասարակության ձեւավորմանը նպաստող գաղափարական գործընթաց, հեղինակը աղբյուրագիտական մանրամասնությամբ ներկայացնում է նաեւ այդ ասպարեզում սաղմնավորվող գեղագիտական ընկալումների ազգային առանձնահատկությունները:

Իրապես չի կարելի չհամաձայնել հեղինակի պատմաքննական այն դիրքորոշման հետ, ըստ որի անհնար է բացառել ուսումնասիրվող հետստալինյան շրջանի մշակույթի ունեցած բարոյագիտական եւ հոգեբանական ազդեցությունը մասնավորապես հայ հասարակության ինքնագիտակցության եւ արժեհամակարգի վրա:

Գրքի գործնական-կիրառական նշանակությունը նաեւ այն է, որ քննության ենթարկելով շրջադարձային այդ տարիների մշակութային ոլորտների զարգացումները, հեղինակը նրբանկատորեն սահմանագիծ է անցկացնում մշակութային կյանքի քաղաքականության պլանաչափ եւ համաչափ զարգացումների միջեւ, որն, ըստ էության, այսօր արդեն տարիների հեռավորությունից հնարավորություն է ընձեռում հստակորեն իրագործել պետական մշակութային քաղաքականություն` ունենալով համազգային հեռագնա նպատակներ:

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4