«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հասարակության ուշադրությունը` դժվար վիճակում հայտնված երեխաներին

2000-ին, հիմնադրելով Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), մերձավոր սփյուռքի բարերարների շնորհիվ, իր օգնության ձեռքը մեկնեց ծնողազուրկ, անօթեւան, բռնությունների ենթարկված, անխնամ, մուրացիկ, թափառաշրջիկ, վատ վարքով, կրթությունից դուրս մնացած, լքված երեխաներին եւ նրանց ընտանիքներին Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ մերձավոր սփյուռքի երկրներում:

Կենտրոնը կարողանում է արագ արձագանքել դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին եւ գտնել նրանց խնդիրների լուծման` երեխայի համար ամենաարդյունավետ տարբերակը: Կենտրոնը, այսպիսով, հնարավորություն է ստեղծում կանխարգելելու մի կողմից երեխաների լքումը, մյուս կողմից` լքված երեխաների տեղավորումը մանկատուն, ավելին` կազմակերպում է արդեն մանկատներում գտնվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք կամ տեղավորումը խնամատար ընտանիքներում:

Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ այժմ արդեն դժվար է հանդիպել այնպիսի երեխաների, որոնք մուրում են փողոցներում, բայց նշեց, որ երեխաներին վերաբերող խնդիրները երկրում չեն նվազել. «Մենք չենք կարողանում խուսափել ընտանեկան բռնություններից, չափազանց աղքատ, զրկվածության պայմաններում մեծացող երեխաների խնդիրներից, դժբախտաբար չենք կարողանում խուսափել այն երեւույթից, որ կոչվում է մանկական աշխատանք, մանկական աշխատանքի շահագործում»:

Հայաստանում լքվող երեխաների թիվը մեծանում է` չնայած գործադրվող բոլոր ջանքերին, գործող մանկատներին, հազար ու մի ծրագրերին: Ընտանիքներ կան, որոնց հետ ոչ ոք չի աշխատում:

«Աշխատելով դժվար իրավիճակում հայտնված երեխաների հետ` բացահայտել ենք շատ հայտնի ճշմարտություն: Որեւէ մեկը չի կարող միայնակ այսպիսի խնդիրներ լուծել` պատասխան տալ այն հարցին, թե արդյոք երեխաները պաշտպանվա՞ծ են Հայաստանում. մենք ջանքեր գործադրում ենք, այո, բայց պետք է փաստենք, որ նրանք պաշտպանված չեն: Որպեսզի այս խնդիրներն ավելի համակարգված լուծվեն, ստեղծեցինք մարդկանց խումբ, որը ձեւավորվեց 2006-ին` Բելա Քոչարյանի գլխավորությամբ: «Բարեկամների խորհուրդը» բաց կառույց է` բաղկացած մտահոգ մարդկանցից, որ փորձում է մեզ օգնել հանրությանը իրազեկելու, ծրագրեր իրագործելու համար», հայտնեց տիկին Անտոնյանը:

Հունիսի 2-ին Հաղթանակ զբոսայգում կայանալիք աննախադեպ միջոցառումն էլ նվիրված է Երեխաների պաշտպանության օրվան: Միջոցառումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել դժվար վիճակում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների խնդիրների վրա եւ ձեւավորել հասույթ, որը թույլ կտա բազմաբնույթ աջակցություն տրամադրել նրանց, իսկ որ ամենակարեւորն էՙ նպաստել Հայաստանում նպատակաուղղված, կազմակերպված բարեգործության մշակույթի ձեւավորմանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4