Յուրաքանչյուր շաբաթ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) դահլիճում տեղի են ունենում «Բանավեճի մանկապատանեկան ակումբի» երեխաների հանդիպումները: Մենք` պատանի լրագրողներս կազմում ենք այդ ակումբի հիմնական մասը եւ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկում ենք երեխաներին հուզող տարբեր թեմաներ: Մայիսի 30-ին մեր հանդիպումը կայացավ «Հայելի» ակումբում: Քննարկման թեման երեխաների իրավունքների պաշտպանվածությունն էր: Բերեցինք տարբեր օրինակներ, թե ինչպես են երեխաների իրավունքները ոտնահարվում` ինչպես դպրոցում, այնպես էլ ընտանիքում, բակում, խանութում եւ անգամ երթուղային տաքսիներում: Ներկա էին տարբեր հեռուստաընկերությունների թղթակիցներ, որոնցից ոմանք սիրով միացան մեր քննարկմանը եւ բանավիճելով հանդիպումն առավել հետաքրքրական դարձրին: Լրագրողների համար ներկայացրել էինք մեր իրավունքների հետ կապված զեկույցը (կազմողներ` Լիլիթ Ավդալյան , Աննա Վարդազարյան ), որտեղ մասնավորապես նշված է. «Շատ-շատերը չեն գիտակցում, որ ամենամեծ իրավախախտումը հեռուստատեսությամբ ցուցադրվող ալկոհոլի եւ ծխախոտի գովազդներն են, ինչպես նաեւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող եւ բռնություններ քարոզող ֆիլմերը, հաղորդումները եւ համակարգչային խաղերը: Ե՛վ երեխաներին, ե՛ւ մեծահասակներին պետք է իրազեկել երեխաների իրավունքների մասին` զանգվածային լրատվական միջոցներով եւ այլն: Պետք է դպրոցներում, բակերում լինեն երեխայի իրավունքներով զբաղվող մարդիկ, ովքեր իրենց գործը կանեն անվճար: Գործող օրենսդրական համակարգը բարեփոխումների կարիք ունի այնպիսի խոցելի սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու մասով, ինչպիսիք են մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաները: Հայաստանում շատ են խախտվում հաշմանդամ երեխաների իրավունքները, քանի որ նրանք զրկված են տրանսպորտից լիիրավ օգտվելու եւ որոշ հաստատություններ մտնել-դուրս գալու հնարավորությունից»:
Բանավեճի ակումբի անդամ Լիլիթ Ավդալյանն ասաց, որ որոշ խանութներում վաճառողները երբեմն անորակ ապրանք են տալիս երեխաներին, թերակշռում են կամ հերթի վերջն են տանում: «Հ2» հեռուստաընկերության լրագրող Արամ Գրիգորյանն էլ հակադարձեց, թե մեր ժամանակներում խանութներում հերթերն այնքան էլ շատ չեն: Մեր ընկերներից Արմեն Դերոյանն էլ նշեց, որ ընտանիքներում երբեմն հաշվի չեն առնում երեխաների կարծիքները, մինչդեռ երեխաները նույնպես կարող են խելացի մտքեր արտահայտել:
ՏԱԹԵՎ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ԴԵՐՈՅԱՆ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, «Մանկապատանեկան Ազգի» թղթակիցներ