Ռուսական պարգեւներ Արա Աբրահամյանին
Մայիսի երկրորդ կեսին Ռուսաստանում լայնորեն նշվել է սլավոնական գրի եւ մշակույթի տոնը: Երկրի եւ ուղղափառ աշխարհի բոլոր տաճարներում ու եկեղեցիներում երախտիքի խոսքերով հիշատակվել են սլավոնական գրչության հիմնադիրներ Կիրիլի եւ Մեֆոդիի անունները: Նրանց ջանքերի շնորհիվ սլավոնական ժողովուրդները կարողացան հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթությանն ու մշակույթին:
Մայիսի 24-ին Կրեմլի Վերափոխման տաճարում տեղի է ունեցել սուրբ պատարագ, ապաՙ խաչակիր երթ դեպի Սլավոնական հրապարակ: Մայիսի 26-ին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում տեղի է ունեցել սլավոնական արվեստի փառատոնի տոնական համերգ, որին մասնակցել են Ռուսաստանի, Սերբիայի, Սլովենիայի, Գերմանիայի եւ Խորվաթիայի արվեստի գործիչներ:
Սլավոնական մշակույթի պահպանման եւ զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Կիրիլի եւ Մեֆոդիի անվան միջազգային մրցանակներ են շնորհվել մի շարք անձանց, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանին:
Իսկ նախօրեին Կրեմլի Վերափոխման տաճարում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ն Ս. Սերգիյ Ռադոնեժսկու շքանշան էր հանձնել Արա Աբրահամյանին:
Պ. Ք.