Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հրաշալի համերգային ծրագիրը բացելու պատիվը տրվեց «Պողոսյան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներՙ դասական երաժշտության բնագավառ «Գործիքային կատարում» անվանակարգում դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանին եւ «Երգեցողություն» անվանակարգում Ասատուր Բավջյանին (բարիտոն)։ Ելույթներ ունեցան նաեւ Գյումրիի «Ժան եւ Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվ. արվեստի պետ. քոլեջի, Գյումրիի Ն. Տիգրանյանի անվ. արվեստի դպրոցի շնորհալի սաները։ Իսկ համերգային երկրորդ բաժինը տրամադրվել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին, գեղ. ղեկ, եւ գլխ. դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ։
Համերգից հետո «Ազգը» զրուցեց Ժան Պողոսյանի հետ եւ խնդրեց տեղեկացնել, թե ինչ զգացումներ են ստանում մրցանակակիրների ելույթներին ներկա գտնվելիս։ «Հպարտություն։ Պատասխանատվության մեծ զգացում, որ էլ ավելի կարողանանք օգտակար լինել մեր ազգի գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում իրենց կարողություններն ու եռանդը ներդնող երիտասարդներին, մեկ քայլ առաջ մղենք իրենց նախընտրած մասնագիտության մեջ։ Նրանք են, որ մեզ քաջալերում են ու մեր ազգի դեսպաններն են դառնում իրենց տաղանդով, խելքով ու գիտությամբ։ Հուզված եմ այսչափ հրաշալի համերգից ու կազմակերպիչներին իմ ջերմ խոսքն եմ հղում։ Ինչպես չհպարտանաս այս 10-ամյա քանոն նվագող Նարեկ Կազազյանի ելույթով, նաեւ մյուսներով։ Հպարտ եմ եւ ասում եմ բռավո»։
Նշենք, որ համերգը «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը եւ գլխավոր հովանավոր «Վիվասել» ընկերությունը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ