«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՈՆՐԵԱԼԻ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Երեկ հրաշալի լուր ստացանք Կանադայիցՙ հայաստանցի 19-ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանն արժանացել է Մոնրեալի միջազգային մրցույթի առաջին դափնեկրի («Գրան պրի») կոչմանը: 23 մասնակիցների մեջ, որոնց շարքում էին դաշնակահարներՙ Ռուսաստանից, Մ. Նահանգներից, Կանադայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից, Նարեն, ինչպես գրում է կանադական հայտնի The Gazette թերթը, դյուրությամբ է արժանացել այդ մրցանակին եւ ստացել 30.000 դոլարի պարգեւը: Բոլոր մրցակիցներից ամենաերիտասարդըՙ Նարեն համբուրգյան Ստեյնուեյ դաշնամուրի վրա եւ Ժան-Մարի Զեյթունիի ղեկավարած Մետրոպոլիտեն նվագախմբի նվագակցությամբ նվագել է Չայկովսկու հանրածանոթ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն ու հիացրել բոլորինՙ թե՛ ժյուրիի անդամներին, թե՛ ունկնդիրներին:

Հիշեցնենք, որ Նարե Արղամանյանը «նոր անուններ» հայաստանյան հայտնի խմբի սաներից էր, վերջին տարիներին իր արվեստը կատարելագործում է Վիեննայում, հայտնի վարպետների մոտ:

Երկրորդ մրցանակին տիրացել են միանգամից երկու դաշնակահարներՙ Ալեքսանդր Մուտուզկինըՙ Ռուսաստանից եւ Մասատաքա Տաքադանՙ Ճապոնիայից: Երրորդ մրցանակ չի տրվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4