Ավարտվեց բասկետբոլի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների 2-րդ շրջանը: Տղամարդկանց մրցաշարում վստահ ելույթներն է շարունակում «Պոլիտեխնիկը», որը հաղթանակով է ավարտել բոլոր 8 հանդիպումները: Երկրորդ շրջանում էլ պոլիտեխնիկցիները վստահ հանդես եկան եւ պարտության մատնեցին մրցակիցներին («Արաբկիր-ՖԻՄԱ»` 84-77, «Արցախ»` 95-71, ՖԻՄԱ` 89-43, «Գյումրի»` 80-66): «Պոլիտեխնիկը» 16 միավորով գլխավորում է աղյուսակը:
Վատ հանդես չեն գալիս «Արաբկիր-ՖԻՄԱ-ի» բասկետբոլիստները, որոնք զիջել են միայն «Պոլիտեխնիկին»: Հերթական խաղերում թիմը հաղթանակներ տարավ ՖԻՄԱ-ի (74-41) եւ «Գյումրիի» (73-70) նկատմամբ: Արաբկիրցիները 14 միավորով 2-րդ հորիզոնականում են: 3-րդ տեղում Գյումրիի թիմն է, որը պարտվելով առաջատարներին, իր հերթին հաղթել է ՖԻՄԱ-ին (74-40) եւ «Արցախին» (64-50): Վերջինս 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ աղյուսակը եզրափակում են ՖԻՄԱ-ի բասկետբոլիստները (8 միավոր), որոնք պարտվել են բոլոր 8 խաղերում:
Կանանց մրցաշարում Գյումրիի մանկավարժական ինստիտուտի թիմը կարողացավ 2-րդ շրջանում պարտության մատնել «Գրանդ Քենդիին» եւ միավորներով հավասարվելով, գլխավորել աղյուսակը: Գյումրեցիները հաղթեցին 8 միավորի առավելությամբ (75-68): Նրանք հաղթանակներ տարան նաեւ «Աջեռայի» (107-56), «Արարատի» (81-59) եւ «Արցախի» (59-31) նկատմամբ:
«Գրանդ Քենդին» ու Գյումրիի մանկավարժական ինստիտուտի թիմը վաստակել են 15-ական միավոր: 12 միավորով 3-րդ տեղում է «Արցախը», որին հաջորդում են «Արարատը» (10 միավոր) ու ՖԻՄԱ-ն (8): Առաջնություններում առաջին չորս տեղը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն եզրափակիչ փուլում, որը կկայանա սեպտեմբերին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ