Հայրը մեղադրում է անկարգություններ հրահրողներին
Դատարան է ուղարկվել մարտի 5-ից կալանավորված 19-ամյա Ռաֆայել Գալյանի գործը, որը մեղադրվում է մարտի 1-ին հրահրված անկարգությունների ժամանակ «Ռոբերտո» եւ «Երեւան սիթի» խանութներից կոշիկներ եւ սննդամթերք թալանելու համար: Տղայի հայրը` 43-ամյա Անդրանիկ Գալյանը այս օրերին պատրաստվում է բողոքի ցույց անել` պահանջելով ձերբակալել մարտյան անկարգությունները հրահրողներին, հատկապես մատնանշելով առաջին նախագահին եւ Նիկոլ Փաշինյանին:
«Ես որպես ծնող եւ հայ մարդ` խիստ դատապարտում եմ իմ որդու ստոր արարքը: Այն ստվեր է գցել իմ ընտանիքի պատվին եւ ամոթով թողել ինձ ճանաչող շրջապատի մարդկանց մեջ: Կարծում եմ, որ իմ որդին եւ նրա ընկերներն այդ ամոթալի արարքը կատարել են ամբոխավարական ազդեցության տակ, հոգեբանական փսիխոզի պայմաններում: Ճիշտ է, երեխաները կատարել են ստոր արարք, ես դատապարտում եմ նրանց արարքը, որն արժանի է պատժի, սակայն այդ զանգվածային անկարգությունները կազմակերպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինքն էլ պետք է կրի պատիժը բոլորի տեղը», մասնավորաբար գրում է երիտասարդի հայրը խմբագրությանը հասցեագրած նամակում:
Զանգվածային անկարգությունները հրահրածներին ձերբակալելու խնդրանքով գլխավոր դատախազին դիմած տղայի հայրը երկրի նախագահին խնդրում է նաեւ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. «Հայաստանում, Արցախում, սփյուռքում, նաեւ ողջամիտ աշխարհում շատ լավ ու տրամաբանական կնկատվի իշխանությունների նման բարեխիղճ զիջումը հանուն մեր միասնական հայ ժողովրդի»:
Գ. Գ.