Գիրք հայկական մշակութային ինքնության դեմ
ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ, «Հայաստանի պատմական քարտեզները» եւ «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքերի հեղինակ
«War Against Azerbaijan - Targeting Cultural Heritage»
«Ադրբեջանի դեմ պատերազմը. թիրախն է մշակութային ժառանգությունը»: Գիրքը մաս է կազմում «Ղարաբաղի ճշմարիտ իրողությունը» մատենաշարի: Խմբագիր` Քամալա Իմրանլի:
280 էջ, 27x25սմ, լաթակազմ, ներդիրՙ երկու սկավառակ, CD-ROM եւ DVD.
Հրատարակիչներն են Հեյդար Ալիեւի հիմնադրամը եւ Ադրբեջանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Բաքու- 2007.
ISBN (10) 9952-8091-4-X. ISBN (13) 978-9952-8091-4-5.
Արժեքն անհայտ է:
Գիրքը տպագրված է մեծ խնամքով, առանց ֆինանսական սահմանափակումների, նպատակ ունենալով դիտողի ու թերթողի աչքին երեւալ գրավիչ եւ գեղեցիկ: Բայց գրքի բուն նպատակն այլ է:
Նման գրքերը միմիայն կարող են ծառայել քարոզչական ծրագրերի, որոնք նպատակ ունեն աշխարհագրական-քաղաքական ուղղակի սխալ եւ կեղծ տեղեկությունների միջոցով հարեւան ժողովուրդների միջեւ թշնամություն հրահրել: Սրանք գալիս են ծառայելու մի քանի իշխող «ընտրյալների»` հասնելու իրենց տենչած քաղաքական դիրքերին ու նյութական շահերին, ի հաշիվ իրենց եւ հարեւան երկրների քաղաքացիների կյանքի ու բարօրության:
Գիրքն սկսում է Ադրբեջանի հանրապետության համառոտ պատմությամբ, ուր անանուն հեղինակն աշխատում է փաստել, որ Ադրբեջանն այս աշխարհագրական տարածքում գոյություն է ունեցել հազարամյակներ: Այստեղ ամբողջովին անտեսվել է այն իրողությունը, որ նույն շրջանում առկա է Ադրբեջան կամ Ատրպատական անունով մի այլ հնագույն երկրամաս, պարսկական Ադրբեջան նահանգը կամ նախկին Փոքր Մարաստանը, որը 2000 տարուց ավելի պատմություն ունի: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ Ատրպետ անունով մի տեղացի հայրենասեր զորավար կատաղի մարտերով պաշտպանեց իր հայրենիքը, որը, նրա պատվին կոչվեց Ատրոպատեն, ապագայում դառնալով Ադրբեգան, Ադրբեջան եւ Ազերբայջան, հայերենով Ատրպատական [1]:
Ադրբեջան անունը պետք է օգտագործել շատ զգուշորեն, քանի որ այս անունով երկրամասն առկա է Արաքսի հարավային ափին, որին մենք հայերս կոչում ենք Ատրպատական, իր հին անունով: Արաքսի հյուսիսային ափին գտնվող այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը ծնվել է միմիայն 1918 թվականին: Երբ 1918-ին հարավկովկասյան երկրներն անկախացան, այս երկրամասը որոշվել էր անվանել Արեւելյան եւ հարավային անդրկովկասյան հանրապետություն, բայց իշխող ազգայնամոլ Մուսավաթ կուսակցությունը որոշեց նորաստեղծ երկիրն անվանել Ադրբեջանի Հանրապետություն, այսպիսով տեղացի թաթարներին դարձնելով ադրբեջանցիներ [2]: Այս նույն տարածքում դարեր շարունակ իշխել էին խաներն ու մելիքները, որոնցից են Շիրվանը, Շամախին, Գանձակը (Ելիզավետպոլ), Թալիշը, Ղարաբաղի, Խամսայի մելիքությունները: Սրանց մեկ մասը կիսաինքնավար էր, նույնիսկ ցարական Ռուսաստանի եւ Պարսկաստանի գերիշխանության ներքո (տե՛ս քարտեզը): Ըստ արեւելագետ Կիրիլ Թումանովի, 1166-ից սկսյալ, կովկասյան Աղվանքի անկումից հետո տեղական իշխանությանը տեր կանգնեցին բնիկ խաչենցի մելիքները, որոնք ապագայում` ընդհուպ 19-րդ դար, իրենց ուժը կիսեցին իսլամացած իշխանների հետ [3]: Ադրբեջանում հրատարակված Իբն-Խուրդադբեհի հնագույն արաբերեն աշխարհագրական երկի թարգմանության մեջ առկա է մի բացատրական քարտեզ, որը հաստատում է վերը նշված փաստը: Քարտեզում Ադրբեջանը նշված է Արաքսի հարավում, որպես Պարսկաստանի նահանգներց մեկը, իսկ նրա հյուսիսային ափերին են Աղվանքը, Շիրվանը, Շաքին, Մուղանն ու Թաբարսարանը:
Հայաստանի տարածքը հասնում է մինչեւ Սեւանի ափերը [4]: Ռուս հանրահայտ արեւելագետ, ակադեմիկոս Վ. Բարթոլդը 1924 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին Ադրբեջանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում կարդացած դասախոսությունների ընթացքում ասում է. «.. այն շրջանը, որն այսօր կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն, նախկինում կոչվում էր Արրան [Աղվանք]: Ադրբեջան անվանումը նրան տրվել է միայն այն նկատառումով, որ երբ այս երկրի հիմքը դրվի` պարսկական Ատրպատականի հետ միասին նրանք դառնան միացյալ երկիր....» [5]: Այս դիվանագիտական խաղը նման է Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիա երկրամասի հետ պատահածին, որն անկախանալուց հետո ընդունեց «Մակեդոնիա» անվանումը, Հունաստանի Մակեդոնիա նահանգի անունը: Այս արարքով ստեղծված լարվածությունը մինչեւ օրս շարունակվում է:
Գրքի նախաբանում ասվում է, որ նախկինում այս երկրամասը կոչվել է Ալբանիա [Աղվանք], բնակեցված դեռեւս չորրորդ դարից քրիստոնեությունն ընդունած բնիկ աղվանացիներով: Թաթարական ու թրքական ցեղերի եւ մոնղոլների ներխուժումից հետո նրանք ձուլվել են եկվորների հետ եւ դարձել կրոնափոխ մուսուլմաններ, ընդունելով իշխող ցեղախմբերի լեզուն, թուրքերենը: Պետք է ավելացնել, որ հայերն ապրելով Արցախի անառիկ լեռնային շրջաններում, համառորեն պահպանել են իրենց կրոնը եւ լեզուն: Իրական ադրբեջանցիները կամ ազերիները, Պարսկաստանի Ադրբեջան նահանգի բնակիչները, որոնք նախկինում խոսում էին պարսկական փահլավի հնագույն լեզվի մի տարբերակով, 13-ից մինչեւ 15-րդ դարերի ընթացքում տիրող մոնղոլ եւ սելջուկ ցեղախմբերին հնազանդվելով ընդունեցին իշխողների լեզուն` թուրքերենը [6]: Պետք է նշել, որ պարսկական Ադրբեջանում` Ատրպատականում այսօր իսկ կան մի քանի գյուղեր, ուր դեռեւս գործածվում են հին փահլավի լեզվի բարբառներըՙ թաթերենն ու խազարերենը [7]:
Գրքի անանուն հեղինակը ապա շարունակում է պնդել, որ Կենտրոնական Ասիայի թրքական Օգուզ ցեղախմբերի Աղ-կոյունլու եւ Կարա-կոյունլու ցեղերը ադրբեջանցիներ էին, նույնիսկ հայտարարելով, որ Պարսկաստանի Սաֆավի շահերը, որոնք պարսկական եւ ատրպատականյան ծագում ունեին, իրականում ադրբեջանցիներ էին: Այսպիսով, ըստ հեղինակի` այսօրվա Ադրբեջանի հանրապետության ժողովուրդը իբր միաժամանակ աղվանցիների ու կենտրոնական Ասիայի ցեղերի շառավիղներն են: Սրանցից ո՞ր մեկին պետք է հավատալ: Հակառակ Ստրաբոնի վկայությանը, որ «Արաքս գետը հոսելով անցնում է Հայաստանի միջով» եւ «Կուր գետը Հայաստանի եւ Աղվանքի սահմանն է» [8], գրքի հեղինակը պնդում է, որ մինչեւ 19-րդ դարը Արցախի եւ այսօրվա Հայաստանի տարածքում հայեր չեն ապրել, եւ ներկայում նույն տարածքի հայ բնակչությունը այստեղ է բերվել սկսած 1813 եւ 1828 թվականներին` ռուս-պարսկական պայմանագրերից հետո, այն էլ ռուսական բանակի միջոցով, անտեսելով այն իրողությունը, որ տեղի բնակիչները, հատկապես Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող ժողովուրդները հնագույն ժամանակներից սկսած եղել են հայերը, պարսիկները, աղվանացիները, թալիշները եւ ապաՙ թաթարները: Հայ մելիքները, տեղակայված լինելով Ղարաբաղի բարձրունքներում, իրենց ռազմավարական անառիկ դիրքերից ելնելով, ընդհանրապես մնում էին ինքնավար, նույնիսկ երբ տափաստանային շրջանները ամբողջովին հպատակվում էին ռուսական ցարերին կամ պարսիկ շահերին: Եթե գրքին հավատալու լինենք, ապա հարեւան Զանգեզուրի հայ հայրենասեր-հերոս Դավիթ Բեկը աղվանցի-ադրբեջանցի կդառնա: Նույնը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում եւ Արցախում բնակվող բոլոր քրիստոնյա ժողովուրդներին, որոնք կդառնան քրիստոնյա աղվանցիների այսօրվա ադրբեջանցի շառավիղները: Ադրբեջանի Հանրապետության եւ Արցախի շրջանն այցելած հայ եւ օտար ճամփորդներից շատերը, նրանց շարքում Յոհանն Շիլտենբերգերը [9] 15-րդ դարում եւ Հովսեփ Էմինը [10] 18-րդ դարում շարադրած իրենց հուշերում նշել են Արցախի հայ բնակչության մասին: Իսկ Հայաստանի հանրապետության տարածքում գտնվող Սուրբ Էջմիածինը, հիմնադրված 301-303 թվականներին, դարեր շարունակ եղել է հայկական հոգեւոր կարեւոր կենտրոններից մեկը: Չպետք է մոռանալ, որ պարսից Շահ Աբբաս Սաֆավին 1603 թվականին Ջուղայից ու Նախիջեւանից շուրջ 300000 (ըստ գրքի` գոյություն չունեցող) հայի տեղահան անելովՙ քշեց դեպի Սպահան, ուր, հիմնելով Նոր Ջուղա քաղաքը, նրանց տվեց հանգրվան եւ նույնիսկ հատուկ առեւտրական եւ այլ իրավունքներ ու մենաշնորհներ, ուր մինչեւ հիմա կա հայկական աշխույժ գաղութ:
Նույնիսկ ղարաբաղցի հանրահայտ պատմաբան Միրզա Ջամալ Ջավանշիր Ղարաբաղցին (1773- 1853), 1840-1844 թվականներին շարադրած «Ղարաբաղի պատմությունը» ձեռագրում նշում է, թե «հնագույն ժամանակներից Պարտավը բնակեցված էր հայերով, եւ այլ ոչ-մուսուլմաններով» [11], ապա նշում, որ «Պարսից Սաֆավի սուլթանների օրոք Ղարաբաղի վիլայեթն իր հինգ հայկական մահալներով [շրջան], որոնք են Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջրաբերդի եւ Թալիշի մելիքությունները, հպատակվում էին Գանձակի բեգլարբեգությանը» [12]: Գրքում ամեն ջանք թափված է Կովկասի հարավի բոլոր շրջաններից ջնջելու Հայաստանի եւ հայերի անունը, նույնիսկ հայտարարելով, որ հայ կրոնապետները եւ կաթողիկոսներն իրականում քրիստոնյա աղվանցիների ժառանգորդներն էին: Աղվացիներն ունեին իրենց գիրը, որը ստեղծել էր Մեսրոպ Մաշտոցը: Սրանից մեզ է հասել մի քանի պատառիկ եւ հազվագյուտ լինելու պատճառով մինչեւ այժմ դեռ վերծանված չէ [13]: Փաստը ցույց է տալիս, որ Արցախի եւ Ադրբեջանի համարյա բոլոր քրիստոնեական հուշարձանների գրությունները հայերեն լեզվով եւ տառերով են, մինչդեռ գիրքը պնդում է, որ այս բոլոր հայերեն եւ հայատառ գրությունները պատկանում են քրիստոնյա աղվանցիներին, որոնք, իբր, իրենց նախահայրերն են եղել: Այս նպատակով էլ գրքում պատկերված եկեղեցիներն ու քրիստոնեական հուշարձանները փոքրադիր են, որպեսզի առկա գրությունները մնան անընթեռնելի:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Արցախի անկախության համար մղված պատերազմը սկսելու մեղքը դրված է Հայաստանի ուսերին, հարմար կերպով զանց առնելով այն պարագան, որ Ադրեջանի բանակն է առաջին հերթին սկսել արկերով եւ ապա Գրադ հրթիռներով ռմբակոծել Ստեփանակերտը, որի պատճառով հարյուրավոր անմեղ քաղաքացիներ զոհվեցին: Հեղինակը սգում է հայերի ձեռքով «ավերված» 1891 հուշարձան ու շինություն, որոնց մասին կխոսենք շուտով: Նախաբանի իններորդ պարբերության մեջ հեղինակը հայտարարում է, որ աղվանական Աղողլան վանքի վիճակն անհայտ է: Սա իրականում Բերձորի (Լաչին) մոտ գտնվող 4-րդ դարում կառուցված հայկական Ծիծեռնավանք միանավ եկեղեցին է, որի տանիքը ադրբեջանական իշխանության «հսկողության» ներքո քանդվել էր եւ միմիայն ազատագրվելուց հետո եկեղեցին նորոգվեց հայերի ձեռամբ եւ այժմ գործող եկեղեցի է: Հեղինակն ապա բերում է հայկական հանրահայտ վանքերի, Ամարասի (4րդ դար), Գանձասարի (10-13 դարեր), Տաթեւի, Գոշավանքի եւ Դադիվանքի (եկեղեցիները կառուցված են 12-13-րդ դարերում) անունները, դրանք աղվանական համարելով, երբ այս վանքերում գտվող բոլոր քանդակներն ու հայերեն մակագրությունները պերճախոս փաստեր են նրանց հայկական ծագման վերաբերյալ:
Նույնն է գրքի վերաբերմունքը Գանձասարի վանքի հանդեպ: Հեղինակի ասելով` այս կարեւոր աղվանական-քրիստոնեական մշակութային կոթողը մնացել է անխնամ եւ այժմ էլ նրա ճակատագիրն անհայտ է: Էջ 16-ում պատկերված է վանքը նախքան 1993-4 թվականը: Ինչպես կարելի է տեսնել նկարում, Գանաձասարի վանքն այսօր ազատագրողների ձեռքերով վերանորոգված է եւ վարում է հոգեւոր աշխույժ կյանք: Պետք է նշել, որ ադրբեջանական բանակի ռմբակոծման հետեւանքով պարիսպներից մեկը քանդվեց, երեւան բերելով պահպանելու նպատակով վաղ ժամանակներից պատի մեջ թաքցված բազմաթիվ խաչքարեր:
Գրքի «Կովկասյան Աղվանքի կրոնական ճարտարապետության ավանդը» գլխում համարյա բոլոր քրիստոնեական հուշարձանները, եկեղեցիները եւ մշակութային կոթողները վերանվանելու ու վերագրելու աշխատանքը շարունակվում է նույն ոգով: Սրան հաջորդող գլուխները հատկացված են Արցախին եւ շրջակա տարածքներին, ուր առկա են արբանյակային լուսանկարներ եւ հուշարձանների փոքրադիր լուսանկարներ, որոնցից 45 տոկոսը մեկ քաղաքի` Շուշիին են վերաբերում: Պատկերներին հաջորդում են աղյուսակներ, ուր նշված են հուշարձանների կամ շենքերի անունը, գտնվելու վայրը, կոորդինատները եւ այսօրվա իրավիճակը: Աղյուսակներում նշված հուշարձանների ու շենքերի շարքին են հետեւյալները.
- Ամրոցներ եւ աշտարակներ
- Եկեղեցիներ եւ վանքեր
- Նախաիսլամական տաճարներ
- Մզկիթներ
- Քարվանսարաներ
- Հին եւ նոր գերեզմանոցներ
- Կամուրջներ, աղբյուրներ
- Հնագիտական թանգարաններ եւ իրեր
- Բնակելի շենքեր
- Դպրոցներ եւ թատրոնի սրահներ
- Գրադարաններ
- Համայնքային ակումբներ
- Մշակույթի տներ
- Այլ շենքեր
Օբյեկտների ընդհանուր թիվը հասնում է 1891-ի, որոնց մեջ է վերոհիշյալ ողջ տեսականին:
Սրանցից 1421-ը որակված են որպես «ավերված» հայերի ձեռքով, իսկ մնացորդի վիճակը «անհայտ» է: Ցուցակի մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզվում է, որ այսպես կոչված «ավերված» օբյեկտներից 1189-ը բնակելի շենք, գրադարան, ակումբ եւ մշակույթի տուն են, որոնցից միմիայն մի քանիսն ունեն անուն կամ կոորդինատներ:
Մնացյալների վերաբերյալ որեւէ տեղեկություն, անուն կամ պատկեր գոյություն չունի: Գրքի բոլոր գլուխները ուսումնասիրելոց հետո ընթերցողը գալիս է հետեւյալ եզրակացությանը:
1. Շուշիի շրջան
Այսպես կոչված «ավերված» 167 հուշարձաններ պատկանում են բնակելի շենք, ակումբ, գրադարան եւ մշակույթի տուն տեսակին, որոնցից միայն 67-ի համար կա որեւէ պարզաբանող պատկեր: Այս պատկերներից 13-ը, աղյուսակի մեջ թիվ 134, 187, 191, 231, 256 եւ մի քանի ուրիշներ ցույց են տալիս, որ այս շինությունները` հակառակ ավերված պիտակին, իրականում կանգուն են:
2. Քարվաճառի շրջան
Գանձասարը նշված է «անհայտ» վիճակում, մինչդեռ նորոգված վանքն այսօր հոգեւոր կարեւոր կենտրոն է, որի աշխուժությունը չէր կարող վրիպած լինել Ադրբեջանի իշխանությունների աչքից:
Այս շրջանում ցուցակագրված 44 հուշարձաններից ու պատմամշակութային կոթողներից միմիայն յոթն են նշված որպես «ավերված», իսկ մնացորդի վիճակն «անհայտ» է: Ցուցակում առկա են 208 բնակելի շենք, ակումբ, գրադարան եւ մշակույթի տուն, որոնցից միմիայն հինգի համար կա տեղանքի արբանյակային պատկեր: Նույնիսկ այս պատկերներում համար 207 օբյեկտը, որը նշված է «ավերված», լուսանկարում երեւում է կանգուն շինություն:
3. Բերձորի շրջան (Լաչին)
Այստեղ ցուցակագրված են 137 տաճար, եկեղեցի, գերեզման, աղբյուր եւ հնագիտական իր, որոնցից միմիայն իննը նշված են որպես «ավերված», իսկ մնացած 126-ի վիճակը «անհայտ» է: Ցուցակագրված 196 բնակելի շենքներից, ակումբներից, գրադարաններից եւ մշակույթի տներից միմիայն մեկն է նշված «անհայտ», մյուս բոլորն «ավերված» են: Չնայած ըստ ցուցակի առկա է 195 ավերված շինություն, բայց դրանցից միմիայն չորսի համար կա տեղանքի արբանյակային լուսանկար (ցուցակի թիվ 150, 151, 266 եւ 299 օբյեկտները), նշելով, որ 299-ը «անհայտ» վիճակում է, մինչդեռ թիվ 299 պատկերում եղած շինությունը կանգուն է:
Ինչպես կարելի է գուշակել, մյուս տասը շրջանների աղյուսակները շարունակվում են նույն ոգով: Բավական է հիշել, որ աղյուսակներում նշված 615 բնակելի շենքերից, ակումբներից, գրադարաններից եւ մշակույթի տներից ոչ մեկի անունը կամ նրանց մասին որեւէ տեղեկություն չի հիշատակվում, եւ միմիայն 25-ն են, որ ունեն կից տեղանքի արբանյակային լուսանկար, մյուս 590-ի ճակատագիրը թողնված է հեղինակի հայեցողությանը, որը դրանք նշել է որպես «ավերված»: Կամուրջների մեկ մասը նշված է «ավերված», որոնք հավանաբար պատերազմի զոհերն են:
Նահանջող բանակի համար սովորական երեւույթ է թշնամու առաջխաղացումը դանդաղեցնելու նպատակով պայթեցնել եւ քանդել թշնամուն հանձնվելիք կամուրջները: Նահանջող ադրբեջանական բանակը մեծ հավանականությամբ պայթեցրել է հայերին լքվելիք կամուրջները, որոնք այժմ գործածվում են որպես «փաստեր», հաստատելու հայերի վերաբերմունքը հանդեպ «մշակութային» կոթողները: Առկա են Հայաստանի տարածքում ժամանակին գոյություն ունեցող մի քանի մզկիթների եւ պալատների անունները, անտեսելով այն պարագան, որ թե՛ Հայաստանում, եւ թե՛ Ադրբեջանում Խորհրդային երկրի համայնավարները անխտիր պայթեցրել ու ոչնչացրել են եկեղեցիների ու մզկիթների մեծ մասը:
Գրքի վերջին գլխում տեղադրված է աշխարհագրական հինգ քարտեզ:
1. Քարտեզ 1-ը 1823 թվականի ռուսական քարտեզ է, ուր պատկերված են Վրաստանն ու Հայաստանը բաժանված ցարական Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ: Ներկա Ադրբեջանի Հանրապետության տարածքում ցուցադրված են Մուղանի, Ղարաբաղի, Ելիզավետպոլի, Շաքիի, Շիրվանի եւ այլ շրջանները: Ինչպես 1918 թվականից առաջ պատրաստված բոլոր քարտեզներում, Ադրբեջանը տեղադրված է Արաքսի հարավում, որպես Պարսկաստանի մի նահանգ, հաստատելով հոդվածի սկզբի մեր դիտողությունը:
2. Քարտեզ 2-ը 1834 թվականի մեկ ուրիշ ռուսական փաստաթուղթ է, որի վրա նշված են ցարական «օբլաստներից» (շրջան) Հայաստանը եւ Ղարաբաղը:
3. Քարտեզ 3-ը ցուցադրում է 1921-ից մինչեւ 1958 թվականներին սփյուռքից Հայաստան ներգաղթած հայերի թիվը: Գրքում Հայաստանի եւ Արցախի շրջան ներգաղթածների թվականը տրված է 19-րդ դարի սկզբներին, մինչդեռ այստեղ ցուցադրված է 20-րդ դարի առաջին կեսին կատարվածը:
Քարտեզ 4-ը, 1847 թվականի ռուսական քարտեզ է, որի վրա գծված են Հայաստանի այսօրվա սահմանները: Քարտեզի նպատակն է ցուցադրել տեղանունների փոփոխությունները: Բայց չէ՞ որ խորհրդային ժամանակներում էր, որ ԽՍՀՄ-ի համարյա բոլոր տեղանուններն արդեն փոխվել ու դարձել էին նոր` կոմունիստական անուններ:
Քարտեզ 5-ը ներկա Հայաստանի քարտեզն է: Ի վերջո գրողիս հետեւյալն է զարմացնում: Խորհրդային իշխանության օրոք Արցախի ու Ադրբեջանի տարածքում գտնվող հազարավոր քրիստոնեական հուշարձաններ ու եկեղեցիներ հաճախ ոչնչացվում, իսկ լավագույն դեպքում անուշադրության էին մատնվում: Այս արարքներն աշխարհի համար աննկատելի էին, քանի որ կատարվում էին փակ սահմաններից ներս, առանց վկաների: Միակ վայրագությունը, որը կատարվեց աշխարհի աչքերի առջեւ, Նախիջեւանի ինքնավար հանրապետության մեջ գտնվող Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան միտումնավոր ոչնչացումն էր: Միջին դարերից սկսած այստեղ կանգնեցվել էին տասնյակ հազարից ավել խաչքարեր` քանդակված հայկական գրություններով: 1999-ի նոյեմբերին սահմանակից Իրանից նկատվեց մինչ այդ կանգուն խաչքարերի տապալման աշխատանքը եւ կարճ ժամանակ անց հսկայական գերեզմանոցում կանգուն խաչքար չմնաց:
Ավերման երկրորդ փուլը 2005 թվականի դեկտեմբերին էր, երբ Ադրբեջանի բանակայինները մեծ մուրճերով ջարդեցին բոլոր խաչքարերն ու կտորտանքը լցրեցին Արաքս գետը, նրանց տեղում կառուցելով զինվորական գոտի: Այս բոլորը կատարվեց ամբողջ աշխարհի աչքերի առջեւ:
Այժմ հարցը հետեւյալն է: Եթե, ըստ Ադրբեջանի իշխանությունների, այս խաչքարերը աղվանական-ադրբեջանական մշակույթին են պատկանում, ինչու նրանց հետեւորդները, ներկա ադրբեջանցիները, պահպանելու փոխարենՙ ոչնչացնում են իրենց մշակութային ավանդությունը:
Նույն հարցը պետք է տալ Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքում բազմաթիվ վավերագրված եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների մասին, որոնք դարեր շարունակ կանգուն էին, բայց այսօր սրանցից շատերի հետքն անգամ չկա: Եթե, ըստ ներկա գրքի, սրանք պատկանում էին աղվանական մշակույթին, որոնք ադրբեջացիների նախահայրերն էին, ապա ինչու՞ պահպանելու փոխարեն քանդել ու ոչնչացնել իրենց իսկ նախնիների մշակութային ավանդը եւ հուշարձանները: Արդյո՞ք մարդ իր անցյալի մշակույթը կոչնչացնի:
Վերջապես, գրքի ներդիր լազերային խտասալիկը (CD-ROM) վերոհիշյալ աղյուսակների կրկնողությունն է: Ամեն մեկ շրջանի համար հատկացված է մի տեղական քարտեզ, ուր նշված են հուշարձանները եւ այլն: Ամեն հուշարձան ունի առաձին մեկ էջ, ուր պետք է լինեն նրա պատկերը, տեղը, կոորդինատները եւ ներկա վիճակը: Առաջին մասը վերաբերում է Շուշի քաղաքին ու համանուն շրջանին, որտեղ են օբյեկտների 45 առ հարյուրը, բայց այստեղ բնակելի շենքերի, ակումբների, գրադարանների եւ մշակույթի տների տվյալներից միայն մեկ մասը կա եւ մեծ մասի տվյալներին ու լուսանկարներին հատկացված տեղերը դատարկ են: Իսկ երբ անցնում ես մյուս շրջանների աղյուսակներին, ապա այս տեսականու մեջ համարյա ոչ մի տվյալ գոյություն չունի, եւ տեղեկության ու լուսանկարներին հատկացված տեղերը ամբողջովին դատարկ են:
Ներդիր անորակ տեսահոլովակը (DVD) կրկնությունն է նույն սխալ տեղեկությունների ու ստերի, որոնք առկա են գրքի տեքստի մեջ: Այստեղ կարելի է տեսնել խորհրդային օրերից քաղաքների ու գյուղերի որոշ կադրեր եւ պատերազմը սկսելու մեղքը հայերի վրա դնելու կեղծիքներ` շեշտելով, որ Հայաստանն իր հողային տարածքը միշտ մեծացրել եւ մեծացնում է Ադրբեջանի հաշվին: Զարմանալի մի հերյուրանք, քանի որ 1922 թվականին էր, որ Լենինն ու այլ համայնավարներ Կարսը, Արդահանը, Իգդիրն ու Արարատներ նվիրեցին Թուրքիային, ապա Արցախն ու Նախիջեւանը բաշխեցին Ադրբեջանին, իսկ 1931 թվականին Զանգեզուրից որոշ հատվածներ պոկելովՙ նույնպես նվիրեցին Ադրբեջանին, Արցախն ու Բերձորն անջատելով Հայաստանից:
Ահա Ադրբեջանում պետական մակարդակով պատրաստված ու հրատարակված մի գիրք, որի բուն նպատակը իրականությունը քողարկելն ու խեղաթյուրելն է:
Ապրիլ, 2008, Լոնդոն
Ծանոթագրություններ
1. Պրոֆ. Էնայաթոլլահ Ռեզա, Արրան վա Ազերբայջան: Չեգունե նամե Ազերբայջան բար Արրան նահադե շոդ: (Արրանը [Աղվանք] եւ Ադրբեջանը: Ինչպես Ադրբեջան անվանումը տրվեց Արրանին), Էթթելաաթ «Սիասի վա Էղթեսադի (Քաղաքական եւ Տնտեսական)» պարբերաթերթ, Թեհրան, 2002, հատոր 181-182, էջ 4-25.
2. Ռիչարդ Հովհաննիսյան, Armenia on the road to Independence, 1918, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն, ԱՄՆ, 1967, էջ 189.
3. Կիրիլ Թումանով, Studies in Christian Caucasian History, Ջորջթաուն համալսարանի հրատարակչություն, ԱՄՆ, 1963, էջ 216-7.1
4. Իբն Խուրդադբեհ, ԽվՌչՈ կցՑպՌ Ռ հՑՐՈվ, (Քիթաբ ուլ-Մասալիք ուա ալ-Մամալիք), Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիա, Բաքու 1986, էջ 290, քարտեզ 10, ռուսերեն լեզվով:
5. Վասիլի Վլադիմիրովիչ Բարթոլդ, ՀՈոՏՑօ տՏ ՌրՑՏՐՌՌ ԽՈՉՍՈջՈ Ռ ԹՏրՑՏփվՏռ ժՉՐՏտօ, Արեւելագիտության Ինստիուտի հրատարակչություն, Մոսկվա, 1963, էջ 703:
6. Աբդոլալի Քարանգ, Թաթի ուա հարզանի. Դո լահջե ազ զաբանե բասթանե Ազերբայջան, (Թաթերեն եւ հարզաներենՙ երկու հնագույն ադրբեջանական բարբառներ), Վաեզփուր, Թավրիզ, 1954, պարսկերենով:
7. Դոկտոր Սաիդ Օրյանիի համակայքը, Լոնդոնի Արեւելյան եւ Աֆրիկյան Ինստիտուտ, CAIS:
8. Ստրաբոն, Geography, Լոեբ Դասական Գրադարան, Քեմբրիջ, 1928, Գիրք 11, գլուխ 1,5-6 եւ 4,1-2:
9. Յոհանն Շիլտենբերգեր, Bondage and Travels 1396 to 1427, Հակլույթ Միություն, Լոնդոն, 1879, գլուխ 62-64:
10. Հովսեփ Էմին, My Life and Adventures , Լոնդոն, 1792, գլուխ 17-ից 26:
11. Միրզա Ջամալ Ջավանշիր Ղարաբաղի, Թարիխե Ղարաբաղ (Ղարաբաղի պատմությունը), պարսկերենով, Ադրբեջանի ազգային ակադեմիայի գրադարան, ձեռագիր B-712/11603, էջ 4:
12. Նույնը, էջ 6:
13. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երեւանի պետական համալսարան, Երեւան, 1981, էջ 288-9:
Նյութը ամբողջությամբ կարելի է կարդալ հեղինակի կայքէջումՙ հայերեն եւ անգլերեն:
Նկար 1. Սենեքսի Կասպից Ծովի քարտեզը, 1742 թ.։ Քարտեզում նշված են Հայաստանը (դեղին), Վրաստանը (կարմիր), իսկ այսօրվա Ադրբեջանի տարածքը բաժանված է տարբեր խանությունների (կանաչ), որոնց շարքին են Դաղստանը, Դերբենդը, Շիրվանը, Շամախին եւ այլն: Բուն Ադրբեջանը` պարսկական Ատրպատականը (վարդագույն) գտնվում է Արաքսի հարավում, Պարսկաստանի տարածքում:
Նկար 2. Դադիվանքի պատկերը գրքում
Նկար 3. Գանձասարի վանքըՙ պատկերված գրքում, նախքան 1993 թվականը