ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակուություն է ունեցել: Նժդեհը գրել է. «1918 թ մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե այսօրվա Խորհրդային Հայաստանը,այլեւ այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա:Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը գլխովին ոչնչացումից փրկեց Արարատյան հայությանը եւ հիմքը դրեց Հայկական պետության»: 1919 թվականի Հայաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարել է 20-րդ դարի Ավարայր. «...Ղարաքիլիսայի բախտորոշ ու արյունահեղ ճակատամարտի ոգին ու մեծությունն ըստ արժանվույն գնահատելու եւ ըմբռնելու համար հարկ է գրեթե կրոնական երկյուղածությամբ մոտենալ փաստերին: Ղարաքիլիսայի պատմական կռիվը հայ-թուրքական պատերազմի ամենից բնորոշ դրվագն է իր ծավալով ու տեւողությամբ:...Հայ ցեղի լինել-չլինելու խնդիրն էր վճռվում Ղարաքիլիսայի առջեւ»: Հիմա տեսեք, թե ինչ է ասել 1918 թվականի մայիսի 31-ին, Բաթումի բանակցությունների ժամանակ, Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան.«Ղարաքիլիսան բացառիկ ճակատամարտ էր համաշխարհային այս պատերազմի պատմության մեջ:Դա ամենից լուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի Դարդանելից հետո: Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»:
Հիմա ընթերցենք «Մշակ» թերթի գնահատականը 1918 թվականի հունիսի 9-ին.«Հայերի` թուրքական զորքերի դեմ մղած պայքարի մեջ Ղարաքիլիսայի կռիվը բռնում է բացառիկ տեղ իր խիզախությամբ եւ հերոսական ոգով: Հայ-թուրքական կռիվներում ոչ մի տեղ հայկական զորքերը այնպիսի խիզախ, անձնուրաց դիմադրություն չցուցաբերեցին, ինչպես այդ արին Ղարաքիլիսայի մոտ հայ գյուղացիները, այդ լեռնական, երկրագործ եւ հովիվ մարդիկ: Այդ հերոսամարտը զգալի չափով թեթեւացրել է թուրքական ուլտիմատումի ծանրությունը եւ թուրք պատվիրակներին թելադրել է զիջող լինել: Եվ այն 1500 քառակուսի վերստ տարածությունը, որ թուրքական պատվիրակությունը զիջել է մեր պատվիրակությանը, դա եղել է շնորհիվ Ղարաքիլիսայի հերոսամարտի: Փառք, ուրեմն,այդ հերոսներին»:
Ղարաքիլիսայի ճակատամարտը սկսվել է մայիսի 25-ին եւ տեւել 4 օր` մինչեւ մայիսի 28-ը: Ղարաքիլիսան համարվում է մարտավարական նահանջ` Արարարատյան ճակատամարտերի հաղթանակն ապահովելու մարտավարություն, որտեղ հայ պաշտպանները եւս աչքի են ընկել աննկարագրելի հերոսությամբ: Հերոսամարտի պատմական արժեւորման փորձերը դեռեւս սակավ են: Պահպանված արխիվային փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, ժամանակի պարբերական մամուլի հրապարակումները դեռեւս սպասում են իրենց անաչառ եւ բազմահայաց, առանց շահարկումների ուսումնասիրողներին: Այս իմաստով ընթերցողին եւ ուսումնասիրողներին հիանալի նվեր են մատուցել պատմական գիտությունների թեկանածու, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը ` «Ղարաքիլիսայի 1918 թ. հերոսամարտը» գրքում ի մի հավաքելով արխիվային բազմաթիվ փաստաթղթեր, հերոսամարտի մասնակիցների եւ ականատեսների վկայություններ, զորավարների նամակներն ու կարգադրությունները եւ այլ նյութեր: Գրքի խմբագիրը պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանն է, տպագրությունը հովանավորել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը :
Հեղինակները գրքի նախաբանն անվանել են «Ղարաքիլիսայի հերոսամարտը եւ նրա դասերը», որը ներկայացնում ենք հատվածաբար:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1918 թ. մայիսյան հերոսամարտերը հիմք նախապատրաստեցին մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման համար: Ղարաքիլիսայի ճակատամարտը փաստորեն վերջինն էր, Սարդարապատից ու Բաշ-Ապարանից հետո, որով վերջակետ դրվեց թուրք-հայկական պատերազմին եւ ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրը:
Պետք է նշել, որ հերոսամարտերի շարքում լինելով վերջինըՙ Ղարաքիլիսան մի տեսակ ստվերվել է եւ հաճախ դիտարկվել իբրեւ Սարդարապատի ճակատամարտի բաղկացուցիչ: Մինչդեռ, եթե Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերը ունեին զուտ հայապահպան նշանակություն եւ նպատակ ունեին փրկել Արարատյան դաշտավայրում ծվարած հայությանն անխուսափելի կոտորածից, ապա Ղարաքիլիսայինը, բացի նշվածից, ուներ նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն, քանզի դրա հետեւանքով ժամանակավորապես կասեցվեց թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս եւ խանգարվեց քեմալականների ծրագրերի շուտափույթ իրականացումը:
... Այնուամենայնիվ, ինչպե՞ս պատահեց, որ Ղարաքիլիսայում ունեցանք մարտավարական, բայց ոչ բնավ բարոյական եւ ռազմավարական պարտություն:
Դեռեւս մայիսի 16-ին գեներալ Թովմաս Նազարբեկյանը հայկական 1-ն դիվիզիայի հրամանատար, գեներալ Արեշյանին կարգադրել էր կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Ղարաքիլիսա` պաշտպանելով նախապես գրաված դիրքերը Չաշան լեռ, Գյոյ Յոխուշ, Մեծ Քափանակ եւ Ավդիբեկ բնագծում, որի համար կային համապատասխան ուժեր: Մայիսի 16-ից 20-ը թուրքերը Ղարաքիլիսայի ուղղությամբ ակտիվ գործողություններ չձեռնարկեցին, ինչն այդ օրերին հայկական ջոկատների համար հնարավորություն էր ստեղծում ամուր պաշտպանություն կազմակերպել այնպիսի նպաստավոր բնագծում, ինչպիսին է Ջաջուռի լեռնանցքը: Ղարաքիլիսայի ճակատամարտում հայերն ունեին մեկ ակնհայտ առավելություն` տեղանքի հնարավորությունները, որոնք, ցավոք, չօգտագործվեցին: Թուրքերն, օգտվելով դրանից, մայիսի 20-ին գրավում են Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսնաղբյուր), Ղալթախչին, իսկ մայիսի 21-ին մոտենում են Վորոնցովկային եւ մահմեդական խուժանի օգնությամբ գրավում այն: Այսպիսի իրավիճակում Արեշյանը, սխալն ուղղելու փոխարեն, կատարում է հաջորդ ապաշնորհ քայլը` մայիսի 18-ին տեղեկացնում է Նազարբեկյանին, որ հրամանատարությունը հանձնում է իր տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանին: Նազարբեկյանը ոչ միայն հաստատում է Բեյ-Մամիկոնյանին, այլեւ նրան վստահում Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարությունը, դրանով իր գործը համարում ավարտված: Իրականում Նազարբեկյանը սխալվեց, քանզի Բեյ-Մամիկոնյանը պատկանում էր այն սպաների թվին, ովքեր առանձնապես հարգանք եւ հեղինակություն չէին վայելում:
...Գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, որը կոչումով չէր զիջում Բեյ-Մամիկոնյանին, փորձառու եւ հմուտ զինվորականի համբավ ուներ արեւմտյան ճակատում, ռուսական բանակի կադրային սպա էր եւ նպատակահարմար թեկնածու Ղարաքիլիսայի ճակատամարտը ղեկավարելու համար: Կարելի է վկայակոչել նաեւ գնդապետ Սմբատ Սամարցյանին:
...Խոսելով հեղինակությունների մասին, նշենք, որ Նազարբեկյանն ուներ եւս երկու թեկնածու, որոնք անառարկելի հեղինակություններ էին ոչ միայն հայ սպայակույտի, այլեւ ժողովրդի շրջանում: Խոսքն Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի մասին է:
Ինչ վերաբերում է Անդրանիկին, ապա նա չափազանց դժգոհ էր, որ գեներալ Նազարբեկյանը Բեյ-Մամիկոնյանին է հանձնել Ղարաքիլիսայի ճակատի հրամանատարությունը: Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Սարիղամիշից ուղարկել էր իր հրաժարականը, սակայն Թիֆլիս վերադառնալուց հետո Ազգային խորհուրդը ստիպում էր նրան գնալ ճակատ: Անդրանիկը պայման դրեց, որ ցանկանում է ենթարկվել միայն զորավար Նազարբեկյանին: Բոլորը համակերպվեցին: Նրա պայմանի հետ կարծես թե համակերպվել էին դաշնակցական լիդերները, սակայն կուսակցության եւ Անդրանիկի միջեւ փոխադարձ մեղադրանքները, անվստահությունն ու քննադատությունը շարունակվեցին (գրքում զետեղված մի շարք փաստաթղթեր հուշում են, թե ինչու Նազարբեկյանը Ղարաքիլիսայի ճակատը չվստահեց Անդրանիկին-խմբ):
...Հարկ է նշել,որ ազգային խորհրդի կողմից Նազարբեկյանի առաջ խնդիր էր դրված ընդամենը դիմադրելու Ղարաքիլիսայում, հավանաբար այն պատճառով, որ այն ավելի հեռու էր գտնվում Երեւանից: Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանը, հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային խորհրդի նախագահ Իրազեկի (Հակոբ Տեր-Հակոբյան) հետ, սովորական հարց ու փորձից հետո նրան ասում է. «Պատրաստւում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարապատի մոտ: Ի սէր Աստծու, գոնէ երեք օր էլ պաշտպանեցէք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերէ մեր վրայ»: Թուրքերին Ղարաքիլիսայում պահել, նշանակում էր թույլ չտալ նրանց Դիլիջանով շրջանցել եւ թիկունքից սպառնալ Երեւանին, իսկ այդ դեպքում Սարդարապատը եւ Բաշ-Ապարանը դառնում էին անիմաստ: Եթե Ղարաքիլիսայի հերոսամարտին նայենք այս տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ Արամ Մանուկյանի կարգադրությունը կատարված էր, քանզի հայկական ուժերը թուրքերին Ղարաքիլիսայում պահեցին մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը` մայիսի 28-ը, չնայած ճիշտ կազմակերպման դեպքում չի կարելի բացառել, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը նույնպես կպսակվեր իսկական հաղթանակով: Սակայն որքան ոգին բարձր էր ու գործը լավ կազմակերպված առաջին երկու ճակատներում` Դրոյի գլխավորությամբ Բաշ-Ապարանում եւ զորավար Սիլիկյանի գլխավորությամբ Սարդարապատում, այնքան թույլ եւ անկազմակերպ էր երրորդում` Ղարաքիլիսայի ուղղությամբ:...Ճակատամարտերից դեռ երեք օր առաջ Ջալալ-Օղլին արդեն ընկել էր. Լոռին գրավված էր, իսկ Ղարաքիլիսայի հերոսները փաստորեն մնացել էին օղակում` իրենց ճակատագրի հետ:
Անցնելով բուն մարտական գործողություններին` պետք է նկատել, որ թույլ տրվեցին կոպիտ մարտավարական սխալներ, որից օգտվեց թշնամին: Ականատեսի վկայությամբ Ղարքիլիսայում չկար կռվելու որոշակի ծրագիր, դրված չէր լուծելու որեւէ խնդիր, ամեն ինչ թողնված էր տարերային ուժին...Մայիսի 28-ին հայկական հրետանին մնացել էր առանց արկի, իսկ զինվորները հաշվում էին վերջին փամփուշտները:
Գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը նույնպես անդրադառնում է Բեյ-Մամիկոնյանի կողմից ճակատամարտի անտաղանդ կազմակերպմանը` իր զեկուցագրում մասնավորապես նշում է, որ Բեյ-Մամիկոնյանն իր ենթականերից չէր ցանկանում լսել որեւէ առարկություն եւ հաճախ տալիս էր կատարելու համար անհնարին հրամաններ: Բեյ-Մամիկոնյանը, համաձայն նույն զեկուցագրի, նաեւ ճակատամարտի վերջին օրը, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը կեղծ տվյալներ է հաղորդելՂորղանյանին, թե Անդրանիկը մոտենում է, դիմացեք, եւ ըստ այդմ կվերադասավորվեք: Հետագայում Ղորղանյանը Դսեղում անձամբ առիթ է ունեցել հարցնելու Անդրանիկին, թե ինչու նա դուրս չեկավ իր աջ թեւը, ինչին ի պատասխան վերջինս ցույց է տալիս Նազարբեկյանի հեռագիրը, ըստ որի ինքը պետք է հսկեր երկաթգիծը, իսկ գնդապետ Բեյ-Մամիկոնյանի գրավոր խնդրանքը պարտադիր չի համարել:
(Այնուհետեւ պատմելով Բեյ -Մամիկոնյանի կողմից հայկական զորքերի նահանջը անվտանգ կազմակերպել չկարողանալու եւ Անդրանիկի` Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելու խնդրին` հեղինակները փորձում են անաչառ վերլուծել փաստաթղթային հակասություններ պարունակող վերջին ոչ պարզ հանգամանքը-խմբ.)
Նախ պետք է անդրադառնալ զորավար Նազարբեկյանի դիրքորոշմանը Անդրանիկի` Ղարաքիլիսայի ճակատմարտին չմասնակցելու խնդրի վերաբերյալ, որը խիստ հակասական է: Նազարբեկյանի մոտեցումների այս հակասականությունը պետք է բացատրել Հայաստանի պաշտպանության խորհրդի նախագահ Վահան Փափազյանի (Կոմս) կարգադրությամբ, համաձայն որի Նազարբեկյանն իր հրամաններով հեռու է պահել Անդրանիկին Ղարաքիլիսայի հերոսամարտից, իսկ հետո փորձել պարտության պատճառը բարդել նրա վրա: Մյուս կողմից, Անդրանիկի հուշերում եւ արդարացումներում եւս կան հակասություններ, որոնք խորհելու տեղիք են տալիս:
«Մինչեւ վերջին պահը,- գրում է ականատեսը,- Ղարաքիլիսայի հերոսները սպասում էին օգնության ազատասեր Լոռիից: Սպասում էին, որ շուտով հասնելու է Անդրանիկը: Մի պահ նույնիսկ թվաց, որ Անդրանիկը հասել է կռվին, եւ հայ մարտիկները շարժվեցին առաջ` նրան դիմավորելու, սակայն նրանց առաջ դուրս եկան թուրք ասկյարները»:
Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարում է 20-րդ դարի Ավարայր, երբ այս էլ որերորդ անգամ հայ ռազմական եւ քաղաքական էլիտայում տիրող անձնական ու խմբային շահերի գերակայությունը հանգեցրեց մարտավարական, բայց ոչ բնավ բարոյական եւ քաղաքական պարտության: Ղարաքիլիսայի հերոսամարտի բարոյական եւ քաղաքական հաղթանակը կայանում է նրանում, որ անգամ թշնամին գնահատեց հայերի հերոսությունը Ղարաքիլիսայում, խաղաղության բանակցությունների ժամանակ որպես գործոն հատուկ շեշտելով Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը ստիպեց Թուրքիային ճանաչել Հայաստանի հանրապետությունը:
Ծանոթություն.
- Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհվել են 4000 հազար հայ (որոշ աբյուրներով` 7000), դրանք ոչ միայն հերոսամարտի մասնակիցներ էին, այլեւ տարածքի խաղաղ բնակիչներ:
Նկար 1. Պատմական լուսանկարՙ հայկական քաղաքական եւ քաղաքացիական միսիան Մ. Նահանգներում, 1919 թ. Բոստոն: Առաջին շարքումՙ Զորավար Անդրանիկը եւ գեներալ Բագրատունին: Երկրորդ շարքի կենտրոնում, ցիլինդր գլխարկովՙ վարչապետ Հովհաննես Քաջազնունին: