ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
Զարմանալի էր մայիսի 3-ը. այդ օրը «Ազգ»-ը տպագրեց Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության (ՄԿՀ) նախկին տնօրենուհի Ագապի Նասիպեան-Էքմեքճեանի «Մտորումներ Մելգոնեան բարերարներու օրուան առիթով» հոդվածը, իսկ Հ1-ը ցուցադրեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի մասնակցությամբ միության գործունեության մասին մի տեսաֆիլմ: Կցանկանայի երկուսին էլ անդրադառնալ, բայց անեմ մի նախապատմություն:
Ներկայումս լուրջ աշխատանք է տարվում արեւմտահայոց ժառանգորդների իրավունքների վերահաստատման, նրանց արդարացի պահանջատիրությունը հետապնդող մի համազգային կառույցի ստեղծման ուղղությամբ, եւ այդ ձեռնարկի հեղինակները կատարել էին հերթական խելամիտ քայլըՙ նրանց անհրաժեշտ էր գիտական հենք, եւ այդ նպատակով ապրիլի 18-20-ը գիտագործնական միջազգային համաժողով էին կազմակերպել Նիկոսիայում: Հրավիրվել էր գիտնականների ու մասնագետների մի պատկառելի խումբՙ Հայաստանից, ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ, ազգակիցներՙ տարբեր երկրներից եւ օտարերկրացի բարեկամներ, ներկա էին Կիպրոսի կառավարական շրջանակների անձինք: Ըստ ծրագրի, վերջին օրվա առաջին կեսը հատկացվելու էր ՄԿՀ-ի փակման խնդրի քննարկմանը, եւ տեղի ունեցավ առնվազն անդուր մի իրադարձություն. նախկին ուսուցիչներն ու նախկին սաները հուզախառն, զգայացունց ելույթներ ունեցան, կրթահամալիրը գոցած ՀԲԸՄ ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցին, եւ այդ ամենն ուղղակի վրիպում էր: Ոչ թե բովանդակային իմաստի, այլ խնդիրը մատուցելու տեսակետից: Որովհետեւ եթե դա ոմանց համար ըմբռնելի էր, ապա մեծամասնությունն անտեղյակ էր եւ չէր հասկանում ինչի մասին է խոսքը, մելգոնյանցիները հաշվի չէին առել լսարանի տարաբնույթ լինելը, այնինչ, եթե նպատակ ունեին ինչ-ինչ աջակցություն ստանալՙ պետք էր, նախ, հավաքվածներին տարրական ճանաչողական տեղեկություններ տրամադրել: Եվ որպեսզի մերօրյա ընթեցողն ինքը պատկերացում կազմի, հպանցիկ ասենք:
Գրիգոր (1843-1920) եւ Կարապետ (1849-1934) Մելգոնյան (Մելգոնեան) եղբայրները նախնական կրթությունն ստացել են ծննդավայրիՙ Կեսարիայի Գյումուշյան վարժարանում, ապա սկսել են զբաղվել առեւտրով: 1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա եւ Ֆոքշանում վաճառականություն արել: Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս եւ ճանապարհամերձ մաքսատներից մեկի մոտ խանութ վարձակալելովՙ ծխախոտ վաճառել: Հմտանալով այդ գործումՙ եղբայրներն անցել են արտադրության ոլորտ. 1882թ. Զագազիգում հիմնել են «Գ. Կ. Մելգոնյան» ֆիրման եւ առաջին գործարանը, որը հետագայում տեղափոխվել է Ալեքսանդրիա: 1888-ին Ֆայումում կառուցել են նոր գործարան, ուր փոխադրվել են Ալեքսանդրիայի եւ Ֆայումի ձեռնարկությունները: 1914թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն հատ գլանակ: Ֆիրման ներկայացուցիչներ ուներ Եգիպտոսի ու Սուդանի գրեթե բոլոր քաղաքներում, գործնական սերտ կապեր էր պահպանում եվրոպական ու հեռավորարեւելյան տարբեր երկրների հետ:
Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու պատճառով մեկ տարի անցՙ 1921-ի հուլիսի 25-ին Կ. Մելգոնյանը կազմում է նվիրատվության մի ակտ, որի համաձայն իր ու եղբորից մնացած ամբողջ կարողությունը հատկացնում է Տաճկաստանում ու Կիլիկիայում հայ օրիորդների ու պատանիների համար երեք հայկական դպրոց պահելու: Իրավարարն էր Պոլսո պատրիարքարանը, որը 1923-ին Նիկոզիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, իսկ 1924-ին ճարտարապետ Կ.Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը. կառուցվում են 15 շինություն, խաղադաշտեր, հիմնվում են պուրակներ ու պարտեզներ:
Սակայն 1925թ. դեկտեմբերի 28-ին Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ եւ ամբողջ նվիրատվությունը փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին:
Փաշայի եւ Կ. Մելգոնյանի միջեւ կայացած բանակցությունների հիման վրա, բարերարների ամբողջ հարստությունը Ալեքսանդրիայի Խառն դատարանում պաշտոնապես ՀԲԸ Միությանն է փոխանցվում նոտարական ակտերով (պայմանագրություն): Պ. Նուբարը Կ. Մելգոնյանի ցանկությամբ ծխախոտի գործարանը վաճառում է անգլիական «Իսթերն ընկերությանը»ՙ 564.696 ֆունտ ստեռլինգով (այս գումարի գնողունակության մասին պատկերացում տալու համար ասենք, որ 1925-ին ՀԲԸՄ հատկացրած 5000 ֆունտ ստեռլինգով կազմակերպվեց Հունաստանում, Կ. Պոլսում եւ Պաղեստինում ապաստանած 4190 գաղթականների ներգաղթը Հայաստան), որն էլ հավասար մասերով դրվում է Լոնդոնի «Միդլենդ» բանկում եւ Նյու Յորքի «Նեյշնըլ Սիթի բանկում», որպես անձեռնմխելի գումար: Դրանից ստացվող շահույթն էր հատկացվում ազգօգուտ նպատակներիՙ համաձայն բարերարի հանձնարարության:
Մելգոնյան կրթական հաստատությունը պաշտոնապես հիմնվում է 1926թ.:
Կ. Մելգոնյանի մահից հետո, 1935-ին Ալեքսանդրիայից բերվում է Գրիգոր աղայի աճյունը, ու եղբայրները հողին են հանձնվում հենց համալիրի բակում, նույն դամբանում (ճարտարապետՙ Մ. Ալթունյան, քանդակագործՙ Լ. Մուրադով):
2004-ի մարտի 16-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ծախսատարության եւ կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, որոշում է կայացնում ՄԿՀ-ն փակելու մասին, իսկ 2007-ի մայիսինՙ հաստատության գոյատեւումից 79 տարի անց, որոշումն ուժի մեջ է մտնում:
Հաստատությունն այժմ զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, որտեղ տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենքեր, 2 հանրակացարանՙ տղաների ու աղջիկների համար, մարզահամալիր, տարբեր մարզադաշտեր, պաշտոնյաների բնակելի շենք եւ այլն: Այն միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա դպրոցն էր սփյուռքում: Նաեւ միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին 20-ից ավելի երկրների շուրջ 320 հայ երեխաներ: Ուսումնական ծրագրերն են եղելՙ հումանիտար, գիտական ու տնտեսական (բիզնես): Հայերենից ու անգլերենից բացիՙ դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն: Իր գոյության ընթացքում հաստատությունը տվել է 1650 շրջանավարտ, այստեղ են կրթություն ստացել Սփյուռքի բազմաթիվ ապագա մտավորականներ, կյանքի ուղեգիր են ստացել տարբեր բնագավառների շատ ու շատ բարձրակարգ մասնագետներ:
Ահա այս ամենն էր, որ ապրիլի 20-ին չասվեց գիտաժողովի մասնակիցներին, բայց փոխարենն ստեղծվեց որքան զգայացունց, նույնքան անհասկանալի մթնոլորտ: Նման իրավիճակում թերեւս միակ տրամաբանական, կշռադատված քայլը կատարեց ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, կիպրոսաբնակ Բենոն Սեւանը: Մինչ այդ համեստորեն մի անկյունում լուռումունջ նստածՙ նա ոտքի ելավ ու փորձեց մեղմել լարվածությունը, թեՙ փոխանակ մեղադրելու, բողոքելու, բանակցեք, ընդհանուր լեզու գտեք ՀԲԸՄ ղեկավարության հետ:
Ելույթներից հետո մեկնեցինք կրթահամալիր, եւ այն, ինչ տեսա, երբեք չեմ մոռանա: Տեսա ամրաամուր ցանցապատված շենքերը, մեր մեծերի գետնադիր պղծված արձանաքանդակները եւ... լսեցի լռությունըՙ հայը չկար: Մելգոնյանների դամբանից զվարթություն էր ճառագում, բայց դա մենավոր խնդուք էր, եւ մեր հեռանալուց հետո բարերարները կմնային ազգին իրենց նվիրումի հետ մեն-մենակ: Իսկ նայելով ու լսելով փակված հաստատությանՙ դեռեւս հույսի թրթիռը ջերմած նախկին ուսուցիչներին, ակամա մտաբերեցի Հայաստանի հարյուրավոր «օպտիմալացված» մանկավարժներին ու հանգեցի տխրագույն եզրակացությանՙ այսօրվա հայոց աշխարհում ամենաանպաշտպան, իրավազուրկ ու լլկված հայը ուսուցիչն է: Նա, ով կոչված է ազգի ապագա սերնդի հիմնարկեքը կատարելու...
Խորապես համոզված եմՙ զգայական, հոգեցունց մոտեցումները պատմության ընթացքում մեզ միայն փակուղի են տարել, կորուստներ պատճառել, եւ վաղուց ժամանակն է ամեն ինչ գնահատել սթափ, հաշվենկատորեն, հանգել եզրակացությունների եւ համարձակ որոշումներ կայացնել:
Այժմ անդրադառնամ « Ազգ »-ի հոդվածին եւ Հ1-ի տեսաֆիլմին:
Հարգարժան տիկին Ա. Նասիպեան-Էքմեքճեանը գրում է. « Սփիւռքը որեւէ ատենէ աւելի այսօր պէտք ունի Մելգոնեանին: Այնքան տկարացած է մեր հետաքրքրութիւնը մեր լեզուին, մշակոյթին ու մեր ազգային արժէքներուն նկատմամբ եւ այնքան աղօտած ու խաթարուածՙ մեր ինքնութիւնը, որ եթէ որեւէ միութիւն կամ որեւէ ղեկավար պիտի մեծապէս գնահատէ հայօրէն ապրող հայ մարդոյժ պատրաստելու առաքելութիւնը, իրագործած պիտի ըլլայ մեծագոյն բարերարութիւնը մեր ժողովուրդին համար, եւ ես լիովին համաձայն եմ այս մտքին: Սակայն անընդունելի է հետեւյալը.1915-ին արեւմտահայութիւնն է, որ հայրենազրկուեցաւ, հետեւաբար սփի՛ւռքն է, բարոյապէս, ժառանգորդը Արեւմտահայաստանին եւ սփիւ՛ռքն է, որ առաւելաբար տէր պէտք է կանգնի եղերաբար ինկած մեր նահատակներու լեզուին, մշակոյթին եւ ազգային իտէալներուն »: Համաձայն չեմ, որովհետեւ քանի դեռ կշարունակենք տարանջատվել արեւմտահայ-արեւելահայի (ավելին, Հայաստանում ու Սփյուռքումՙ ըստ ծննդավայրի, հայրենակցականության), քանի դեռ կշարունակենք նորանոր զոհեր մատուցանել հատվածապաշտության սեղանին, քանի դեռ չենք կարողանա ըմբռնել, որ հայ լինելՙ նշանակում է պատկանել մարդաբանական միեւնույն տեսակին, կունենանք մերօրյա կորուստներ: Ինչո՞ւ ես չեմ կարող բարոյական ժառանգորդը լինել մեր «լեզուին, մշակոյթին եւ ազգային իտէալներուն», ինչո՞ւ եք ինձ զրկում ազգիս պարտք մատուցելու իրավունքից, ի վերջո, ես չեմ փակել Մելգոնյանը, այլ սփյուռքյան իրավատերը:
Ինքնագովազդ թող չհնչի, բայց Հայաստանում չգիտեմ մեկ ուրիշի, ով ինձնից հաճախակի անդրադարձած լինի ՀԲԸ Միության պատմությանը եւ դրա հետ առնչվող բազում երախտավորների գործունեությանը. դա ամփոփված է իմ մի քանի գրքերում ու տասնյակ հոդվածներում: Ես համարել եւ համարում եմ, որ ՀԲԸՄ-ն մեր լավագույն համազգային կառույցն է եւ ազգային արժեքային համակարգի անքակտելի բաղադրյալը, ավելինՙ հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությունն առհասարակ անհնար է պատկերացնել առանց Միության: ՀԲԸՄ-ն ունեցել է երկու փառահեղ նախագահ (ներողություն եմ խնդրում մյուսների հիշատակի առջեւ), ի դեմս Պողոս Նուբարի եւ Ալեք Մանուկյանի, ովքեր իսկական ազգային հերոսներ էին: Եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք այդ ազգընտիր անձանց գործունեությունը, ապա կասենք, որ նրանք պահեցին ու պահպանեցին հային: (Ի դեպ, 2001-ին լրանում էր Պ. Նուբարի ծննդյան 150 եւ Ա. Մանուկյանի 100-ամյակները, եւ նույն «Ազգ»-ում հոդված տպագրեցի, որտեղ կոչ էի անում այդ կապակցությամբ գոնե մի հանդիսավոր նիստ գումարել կամ հիշատակի միջոցառում կազմակերպել. չարվեց, եւ դա ամոթ էր ու խայտառակություն):
Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. նախ, քանի որ Միությունն ազգային արժեք էՙ այն պատկանում է համայն ժողովրդին եւ չի կարող լինել մի քանի անձանց կամ մարդկանց խմբի սպասարկուն: Երկրորդ, ղեկավարել Միությունըՙ նշանակում է ուսել ծանրագույն բեռ ու վիթխարի պատասխանատվություն: Երրորդ, այդ կառույցի ղեկավարն ուղղակի հնարավորություն ունի մնալու մեր ժողովրդի պատմության մեջ: Բայցՙ ոչ վարժարան փակելով: Ալեք Մանուկյանը հիմնում-բացում էր: Հեռատես Պողոս Նուբարի մտքով եթե անցներ, որ 79 տարի անց Մելգոնյանը կփակվիՙ ինքը նոտարական ակտում դա արգելափակող կետ կմտցներ:
Հարգարժան պրն Պ. Սեդրակյանը տեսաֆիլմում անթաքույց գոհունակությամբ խոսում էր ՄԿՀ-ի փակման մասին, իբրեւ մեծ հաջողություն: Եվ նշում մի քանի փաստարկներ, որոնք կփորձենք վիճարկել:
Փաստարկ 1. Ուծացումն անշրջելի է, եւ սփյուռքահայ ներկայիս սերնդին հայեցի կրթությունը պետք չէ: Այս թեզը նոր չէ, տասնամյակներ շարունակ շրջանառվում է, եւ, հիրավի, ուծացումն անվիճելի երեւույթ է: Բայց հենց դրա՛ դեմ է պայքարի կոչված եղել
ՀԲԸՄ-ն իր գոյության ընթացքում, ինչո՞ւ ՄԿՀ-ի պարագայում այդ սկզբունքը չի պահպանվում: Մտքի ալարկոտությունը, ամլությունը, կորովազրկությունը, գլխացավանքից ազատվելը չէ՞ պատճառը: Արդյոք Միության մյուս ուսումնական հաստատություններին է՞լ է նույն «բախտը» սպասվումՙ նույն տրամաբանությամբ:
Փաստարկ 2. ՄԿՀ-ի ուսուցման մակարդակը չի համապատասխանում աշխարհի ժամանակակից կրթության պահանջներին: Եթե անգամ համաձայնենք այս տեսակետին, կուզենայինք հարցնելՙ ինչո՞ւ այդ ուղղությամբ չեք աշխատել, ինչո՞ւ չեք փոխել ուսումնական ծրագրերը, ինչո՞ւ չեք համապատասխանեցրել միջազգային չափանիշներին: Ի վերջո, կրթահամալիրի բնույթը կարող էիք հիմնովին փոխել, ձեր ձեռքն ո՞վ էր բռնում, տերը դուք էիք:
Փաստարկ 3. Ծախսատար է եւ ֆինանսապես իրեն չի արդարացնում: 79 տարի ա՞նց եղավ սա: Եթե այս փաստարկը համապատասխանում է իրականությանը, ապա թույլ կտանք եզրակացնել, որ Միության վարչությունը բիզնես-վարչարարների (մենեջերներ) լուրջ կարիք ունի: Այդ դեպքում ճիշտ չէ՞ր ՄԿՀ-ի կառավարումը հանձնել նրան, ով կարող էր կրթական բիզնես իրականացնել:
Փաստարկ 4. Ճիշտ է, ՄԿՀ-ն փակում ենք, բայց փոխարենը նոր Մելքոնյան ենք բացում Երեւանում, ուր ուսանելու կգան սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները: Առաջին հայացքից շատ սիրուն է, հայրենասիրական: Բայց, նախ, Կարապետ աղան վարժարանը հիմնել է Կիպրոսում եւ ոչՙ Երեւանում: Երկրորդ, ովքե՞ր են դասավանդելու, ովքե՞ր են ապահովելու միջազգային պատշաճ մակարդակ, մի՞թե ոչ հայաստանյան բուհերի այն նույն դասախոսները, ովքեր եթե կաշառք չվերցնեն, կրկնուսուցմամբ չզբաղվեն, հանապազօրյա հացի փնտրտուքներում տեղից-տեղ չվազվզենՙ սովորական վարսավիրից երեք անգամ պակաս կվաստակեն: Հայաստանում այսօր կան հազարավոր դպրոցներ, 23 պետական եւ 64 մասնավոր բուհեր, նոր «Մելքոնյանն» ինչո՞վ է տարբերվելու: Եվ, երրորդ, ի՞նչ է լինելու Մելգոնյանների աճյունների հետ, Գրիգոր աղան մի անգամ վերաթաղվել է, հիմա էլ եղբայրների մասունքները պիտի հողին վերահանձնվեն Երեւանո՞ւմ, է, այդ մարդիկ իրենց ազգանվեր բարերարության ձեռից հո կրակը չեն ընկել...
Այս ամենը տեսանելի, մակերեսին երեւացող հարցեր են, այնինչ իրականում կան խորքային լուրջ խնդիրներ: Դրանցից մեկն այն է, որ կրթահամալիրը վերածվել է առուծախի առարկայիՙ ՀԲԸՄ ղեկավարությունը տարածքը, շինությունները հանել է վաճառքի (բա ի՞նչ պիտի աներ, հաջողությամբ արդեն ձերբազատվել է «շարժական գույքից»ՙ սաներից եւ ուսուցիչներից): Տրամաբանական էր ենթադրել, որ եթե մի հայ մի բան է վաճառում, ապա, նախ, այն կարող է գնել մեկ ուրիշ հայ: Վերեւում նշել եմ, որ գիտաժողովին ներկա էին ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատերեր, որոնք միգուցե նաեւ այդ նպատակով էին ժամանել եւ որոնց էլ սկսեցի հարցուփորձ անել: Խոսքը վերաբերում էր լուրջ գործարքի, այդ իսկ պատճառով ըմբռնումով էի ընկալում բոլորի մերժումներըՙ շոշափել այդ թեման: Ի վերջո, նրանցից մեկը տեղի տվեց եւ ասացՙ թանկացրել են, ու նշեց կոնկրետ թիվ: Դա չեմ հրապարակի, որովհետեւ իսկությունն ստուգել հնարավոր չէ: Ասեմ միայն, որ սկզբնապես հայտարարվել է մեկ գումար, հետո ճիշտ այդքան ավելացվել է, ապաՙ ավելացվել եւս ճիշտ այդքան: Խոշոր բիզնեսում դա ընդունված պրակտիկա է. երբ ուզում են իմանալ ունեցածի կամ թեկուզ սեփական ընկերության իրական, շուկայական արժեքըՙ հայտարարում են դրա վաճառքի մասին, եւ սկսվում է յուրահատուկ ներքին աճուրդ: Նույնը կատարվում է ՄԿՀ-ի հարցում: Բայց կա մի «փոքրիկ» խնդիրՙ «Մելգոնյանը» ոչ թե խաղատուն է, պարասրահ կամ ռեստորան, այլՙ վարժարան, հետեւաբար եւՙ բարոյական արժեք:
Եթե ՀԲԸՄ ղեկավարությունը ցանկանում է վաճառել ազգային բարերարների նվիրատվությունը, բայց եւ բարի կամք ունի, որ այն մնա կրթօջախ, թող գինը շարունակ չթանկացնի, ընդհակառակնՙ նվազեցնի, իսկ ես կօգնեմ գնորդ գտնել. գիտեմ մոսկվաբնակ երեք խոշորագույն հայ ձեռնարկատերերի, որոնց բիզնեսը բարձրակարգ կադրերի խիստ կարիք ունի: Նրանցից մեկն արդեն հիմնել է միջազգային բիզնես-դպրոց, մյուս երկուսը որոնումների մեջ են: Ահա այս մարդիկ կարող էին ձեռք բերել ՄԿՀ-ն, պահպանել Մելգոնյանների անունը, պահպանել արեւմտահայերենի, հայագիտական այլ առարկաների դասավանդումը, բայց եւ կպատրաստեին իրենց անհրաժեշտ մասնագետներ:
Այն, որ ՄԿՀ-ն պիտի մնա որպես կրթօջախՙ այլընտրանք չունի, եւ ՀԲԸՄ ղեկավարությունն այս հարցում ունի լրջագույն հակառակորդՙ ի դեմս... Կիպրոսի հանրապետության: Բարեգործականի վարչության որոշումից 8 օր անց, 2004-ի մարտի 24-ին, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացնում ընդդեմ ՄԿՀ-ի փակման, ապրիլի 2-ին ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարում է «պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակըՙ «կանաչ գոտի», իսկ 2007-ի մարտին նույն նախարարությունն արձակում է մի հրաման, որով արգելում է Մելգոնյան կալվածքի որեւիցե ձեւափոխում: Այսինքնՙ այնպիսի խոչընդոտներ է հարուցում, որոնք ապագա սեփականատերը պարզապես ի վիճակի չի լինելու հաղթահարել: Պատմության մեջ ինձ հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ որեւիցե երկրի տարածքում գտնվող հայոց վարժարան պահել-պահպանելու հարցում նույնանման նախանձախնդրություն ցուցաբերեր պետությունը: Կիպրոսն, իբրեւ Եվրոմիության անդամ-երկիր, ունի ստույգորոշ պարտավորություններ, որոնցից մեկն էլ ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելն է, իսկ լեզուն սովորեցնում են դպրոցում: Այնպես որ ՄԿՀ-ին ֆինանսապես պարտավոր եւ պատրաստ են աջակցել ոչ միայն Կիպրոսը, այլեւ համաեվրոպական կառույցն ինքը (եւս մի փաստարկ ընդդեմ կրթահամալիրիՙ ֆինանսապես վնասաբեր լինելու պնդման):
Այսպիսով, ստեղծվել է շախմատային եզրաբանությամբ ասածՙ ցուգցվանգային, պատային իրավիճակ, եւ խնդիրն առկախ է:
Ինձՙ մտավորականիս համար, այս ամբողջ թնջուկն առաջին հերթին ունի ազգային, քաղաքական նշանակություն: Հայերս կղզում ներկա ենք ավելի քան 1000 տարի, այնինչ կրթահամալիրի փակումը վաղ թե ուշ կհանգեցնի թե՛ ուծացման, թե՛ արտագաղթիՙ համայնքի վերացման. ի՞նչ խիղճ պետք է ունենալ նման հանցանքի բեռ ուսելու համար:
Երբ 1974-ին Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի հյուսիսըՙ կղզու տարածքի 38%-ը, եւ առայսօր այն վերածեց անապատի, թուրքական ռազմուժն առաջիններից մեկը ռմբահարեց Մելգոնյան վարժարանը: Ինչո՞ւՙ գիտեր ինչ է անում: Ի՞նչ է, Թուրքիան մի պարագիծ է քաշել, որից անդի՞ն պետք է լինի հայը: Փակենք կրթահամալիրը, որպեսզի սիրաշահե՞նք ագրեսորին: Ինչպե՞ս կարելի է թուրքի ջրաղացին ջուր լցնել: (Դժբախտաբար, այսօր «ոռոգողներ» շատ կան, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի):
2008թ. մարտի վերջին Նիկոսիայի Լեդրա փողոցում քանդվեց բաժանարար պատը, եւ Կիպրոսի երկու հատվածների միջեւ սահմանը բացվեց: Երբ մեկ ամիս անց մենք հայտնվեցինք փողոցի թուրքական մասում, թուրք սահմանապահը անձնագրերը պահանջեց, ուսումնասիրեց եւ ասացՙ Հայաստանի եւ Ռեգբճեղի քաղաքացիների մուտքն արգելվում է: Ասածս սրբագրական վրիպում չէ, Ռեգբճեղի փոխարեն նշեց աֆրիկյան մի կորած-մոլորած երկրի անուն, եւ հավին էլ հասկանալի էր, որ դա պարզունակ պատրվակ էր, հո չէին կարող Հայաստանին «սեւ ցուցակի» մեջ մենակ թողնել: Դա իսկական զավեշտ էր, որովհետեւ չնայած Նիկոսիայի փողոցները հեղեղված էին զանազան ազգերի ներկայացուցիչներով, բայց գեթ մեկ սեւամորթ չենք տեսել: Հիմա ի՞նչ անենք, Թուրքիայի ստվերից սկսենք Կիպրոսո՞ւմ վախենալ: Մինչեւ երբ, որքա՞ն զիջենք:
Ավարտելով այս ծանր ու ոչ հաճելի թեման, կուզենայի սխալ չհասկացվել. ինձ համար հավասարապես թանկ են թե՛ ՀԲԸՄ-ն, որի արածն ու արվողն անգնահատելի է, եւ թե՛ ՄԿՀ-ն, որը տասնամյակներ շարունակ օտարության մեջ հայ է կրթել: Երկուսն էլ ազգային արժեքներ են: Բարեգործականի ղեկավարությունը կրթահամալիրի հարցում սխալ է թույլ տվել, ինչի հետ համաձայն չեն մելգոնյանցիները: Ըստ իս, անխոհեմության արբեցողությունից հետո տիրում է խումհարային վիճակ, որից հարկ է անցում կատարել սթափության ոլորտ: Ուստի երկու կողմին էլ կխնդրեի զերծ մնալ հետագա առճակատումից, անպատեհ արտահայտություններից, դրսեւորել փոխադարձ հանդուրժողականություն, բարիկամեցողություն, միաբանություն եւ ելք գտնել վերաբացելու կրթահամալիրըՙ ի շահ ազգի:
Անշուշտ, այնքան պարզամիտ չեմ կարծելու, թե սույն հրապարակումն ի վիճակի է ինչ-որ էական ազդեցություն ունենալու, բայց եթե դույզն իսկ նպաստ բերիՙ պարզապես երջանիկ կլինեմ:
Նկար 1. Ո՞ւմ ենք թողնելու մեր Զորավարին...
Նկար 2. Ցանցապատ կրթահամալիրը։ Մեջտեղումՙ ՀԲԸՄիության երջանկահիշատակ նախագահ Ալեք Մանուկյանի կիսանդրին: Ստացվում էՙ ՀԲԸՄիությունը ՀԲԸՄիության դե՞մ...
Նկար 3. Բարերարներիՙ Գրիգոր եւ Կարապետ աղա Մելգոնյանների դամբարանի առաջ, ուր ամեն առավոտ մելգոնյանցի աշակերտները իրենց աղոթքն էին ասում...
Նկար 4. Նախկին մելգոնյանցիները եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն. Աշոտ Մելքոնյանը (ձախից երկրորդը)։
Նկար 5. ՄԿՀ-ի բակում: Լքված այբուբենը Մաշտոցի