«The California Courier» շաբաթաթերթի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, արմատներով զեյթունցի Մնացականի եւ Ազատուհու համեստ ընտանիքում 1950-ին ծնվել է Հարութ Սասունյանը:
1965-ին ընտանիքը Հալեպից փոխադրվել է Բեյրութ, որտեղ Հարութը սովորել է Սոֆյա Հակոբյան վարժարանումՙ իր լավագույն նիշերով միշտ մնալով դասարանի առաջին աշակերտը:
Լիբանանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով ընտանիքի հայրը ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման վարձը, եւ Հարութը հեռացվում է դպրոցից: Նա տխուր-տրտում դուրս է գալիս դպրոցից եւ փողոցում հանդիպում է մի ծանոթի, որը, իմանալով նրա տխրության պատճառը, խորհուրդ է տալիս դիմել Հովակիմյան-Մանուկյան դպրոցի տնօրենինՙ ձրի սովորելու համար: Հարութը գնում, ներկայանում է այդ դպրոցի տնօրենին, սակայն արժանապատվության տեր պատանին անհարմար է զգում ձրի սովորելու մասին ակնարկել, այլՙ խնդրում է զեղչով արձանագրել իրեն: Բայց նրան դուրս են հանում գրասենյակիցՙ ասելով. «Զեղչով դպրոց չկա՛...»: Այնպես որ, երկու օրվա ընթացքում երկու դպրոցներից վռնդված, Հարութը, համակերպվելով իր ճակատագրին, գնում, նստում է ինքնշարժի անիվներ նորոգող իր հոր խանութի դռան առաջ:
Հաջորդ օրն իր դասընկերներից մեկը գալիս, հայտնում է, որ նրա ուսման վարձն արդեն վճարված է, եւ նա կարող է դպրոց գնալ, արձանագրվել: Զարմացած Հարութը գնում է Սոֆյա Հակոբյան վարժարանի գրասենյակ եւ հարցնում, թեՙ ո՞վ է վճարել իր ուսման վարձը: Պատանին ինչքան խնդրում է իմանալ իր բարերարի անունը, որպեսզի իր շնորհակալությունը հայտնի նրան, հրաժարվում ենՙ ասելով. «Մեզ պատվիրված է իր անունը չհայտնել»: Օրեր անց անհանգիստ պատանին դարձյալ դիմում է նրանցՙ ասելով. «Այս ոսկե առիթն ո՞վ է պարգեւել ինձ: Ասացեք, խնդրե՜մ, նրա անունը: Խոստանում եմ, չարտահայտվել, բայց գոնե սրտիս մեջ, հոգուս խորքում երախտապարտ լինեմ նրան»: Վերջապես, ընդառաջելով նրան, ասում են. «Քո անգլերենի ուսուցչուհիՙ օրիորդ Օլիվյա Պալյանը, դասարան մտնելով, նկատել է, որ դասարանի ամենալավ սովորող աշակերտիՙ Հարութի նստարանը պարապ է, հարցրել է, թեՙ նա ինչո՞ւ է բացակա: Իմանալով պատճառըՙ եկել, ասել է. «Իմ ամսականես պահեցե՛ք եւ Հարութին կանչեցե՛ք»»: Հարութը, լռությամբ լսում է այդ բոլորը եւ, հավատարիմ իր տված խոստումին, երախտագիտության զգացումը սրտում, շարունակում է սովորել եւ ավարտում է դպրոցը գերազանց նիշերով:
1969 թ. նա մեկնում է ԱՄՆ ուսանելու Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնումՙ մասնագիտանալով արաբ-իսրայելյան պատերազմի գծով (MA):
1975 թ. նրա ծնողքը եւս Բեյրութից փոխադրվում է Լոս Անջելես: Ապաՙ Հարութը ԱՄՆ-ի Փեփըրթայն համալսարանի բիզնեսի բաժնում ստանում է մագիստրոսի երկրորդ դիպլոմը (MBA) եւ աշխատանքի անցնում Procter & Gamble ընկերության մեջ, որտեղից նրան գործուղում են Ժնեւ, որպես այդ ընկերության միջազգային մարկետինգի պատասխանատու մենեջեր:
1978 թվականից Ժնեւում սկսվում է Հարութ Սասունյանի կյանքի կարեւորագույն հանգրվանը, քանի որ Ժնեւում էր գտնվում ՄԱԿ-ի Մարդկային իրավանց բաժանմունքը: Այն 1972 թվականից սկսել էր զբաղվել ցեղասպանությունների հարցով, եւ զեկուցաբերը ռուանդացի Նիկոդեմ Ռուհաշյանքիքոն վեց տարի շարունակ, տարաբնույթ ճնշումների ներքո, 1978-ին վերջապես այն ներկայացրել էր Մարդկային իրավանց ենթահանձնախմբին, սակայն պարզվել էր, որ թուրքական ճնշումների հետեւանքով, 30-րդ պարբերության մեջ ջնջված էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը եւ նույնիսկ զեկուցաբերը ներկա չէր այդ օրվա զեկույցին: Երբ Հարութ Սասունյանը տեսնում է, որ Ցեղասպանության զեկույցը ներկայացված է առանց Հայոց ցեղասպանության պարբերության, նա Հայ դատի մի քանի երիտասարդների հետ անմիջապես գործի է անցնում, որպեսզի ՄԱԿ-ի ենթահանձնախումբը չվավերացնի այդ անկատար զեկույցը: ՄԱԿ-ի ենթահանձնախումբը զեկուցողին հանձնարարում է վերանայել իր զեկույցը, որի նյութը Ցեղասպանության ոճիրի կանխարգելումն ու պատժումն էր: Սակայն զեկուցաբերն իրեն տրված հանձնարարությունը չի կատարում եւ թուրքական ճնշումների ներքո այլեւս ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին չի ներկայանում:
Ի տես այդ բոլորին, Հարութ Սասունյանը, հավատարիմ զեյթունցու իր խրոխտ արմատներին, իր ընկերների հետ միասին սկսում է հետապնդել հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած այդ հարցը: Թեպետ նա ՄԱԿ-ում պաշտոն չուներ եւ ձայն չուներ, բայց մտածում ու գտնում է ելքըՙ դառնալով Միացյալ Ազգերի Կազմակերպությունում արձանագրված ամերիկյան հնդկացիների ոչ-կառավարական մի կազմակերպության (NGO) անդամ: Այդպիսով ստանում է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու Իրավանց բաժանմունքի նիստերում ելույթ ունենալու իրավունք:
Երբ նիստի նախագահողը հայտարարում էր, թեՙ այժմ ձայնը տրվում է ամերիկյան հնդկացիների ներկայացուցչին, Հարութ Սասունյանը ոտքի էր կանգնում եւ հանգամանորեն ներկայացնում 1915-ի երիտթուրք կառավարության գործադրած Հայոց ցեղասպանությունը: Նրա համարձակ ելույթներն առաջացնում էին ենթահանձնաժողովի Թուրքիայի ներկայացուցիչների զայրույթը: Վերջիններս հակառակ ելույթներ էին ունենում, բայց Հարութ Սասունյանն առանց վարանելու հակահարված էր տալիս նրանց: Իսկ ընդմիջմանը, նրա կողքից անցնելով, մատնացույց էին անում նրան եւ թուրքերեն ասում. «Բու դա կոմիտեջի դըր» (Սա էլ կոմիտեական է - այսինքնՙ հայ-դատական): Այդ տարիների նիստերի արձանագրությունների մեջ Հարութ Սասունյանի անունն մշտապես հիշատակվում էր...
1983-ին Ժնեւում ՄԱԿ-ը նոր զեկուցաբեր է նշանակումՙ անգլիացի Բենջամին Ուիթըքըրին, որպեսզի վերանայի եւ այժմեականացնի անցյալում կիսատ մնացած զեկույցը: Նա երկու տարի աշխատում եւ ներկայացնում է իր զեկույցը, որի 24-րդ պարբերության մեջ արդեն հիշատակվում էր Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ երկարատեւ համառ ջանքերի շնորհիվ օրակարգից հանված Հայոց ցեղասպանության հարցը վերստին իր տեղն է գտնում զեկույցի մեջ:
1985-ին այս վերանայված զեկույցը ներկայացվում է Ժնեւում ՄԱԿ-ի ենթահանձնախմբի քննարկմանը եւ ընդունվում 14 կողմ եւ 1 դեմ ձայնով: Այնպես որ, ՄԱԿ-ի ենթահանձնաժողովն ընդունում է Ցեղասպանության մասին ընդհանուր զեկույցը, որի 24-րդ պարբերության մեջ առաջին անգամ հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը:
1982 թ. փոխադրվելով Կալիֆոռնիաՙ Հարութ Սասունյանի առաջ նոր հորիզոններ են բացվում: Ֆրեզնոյում լույս տեսնող «The California Courier» շաբաթաթերթի 25 տարվա հրատարակիչ Ջորջ Մեյսընը Հ. Սասունյանին է հանձնում իր պաշտոնը եւ նրան պատգամում. «Երդվի՛ր, որ թերթի համար ամեն շաբաթ մի սյունակ պիտի գրես. թեկուզՙ հոգնած լինես, թեկուզՙ քաղաքում չլինես...»: Եվ արդեն 25 տարի շարունակ Հ. Սասունյանը ոչ միայն հավատարմորեն կատարում է իր խոստումըՙ առանց բացթողումի ամեն շաբաթ գրելով իր կուռ եւ հավասարակշռված խմբագրական հոդվածները, այլեւ թերթի խմբագրությունը Ֆրեզնոյից տեղափոխել է տվել Լոս Անջելեսՙ ավելի դյուրացնելով երթեւեկի եւ փոխադրականի հարցերը:
1988-ին, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցան սումգայիթյան ահավոր ջարդերը, եւ հայ ժողովուրդը կրկին սուգ ու ողբի մեջ էր, Հ. Սասունյանը որոշեց այդ հարցը եւս ներկայացնել աշխարհին: Նա դարձյալ Ժնեւ մեկնեց եւ ՄԱԿ-ի Մարդկային իրավանց բաժանմունքում ելույթ ունեցավ արդեն որպես ամերիկահայ: Բայց, քանի որ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, նա մտածեց չվնասել Հայաստանին եւ սկսեց բանակցել Ժնեւում ՄԱԿ-ի ԽՍՀՄ պատգամավորի հետՙ հայտնելով, որ մտադիր է ելույթ ունենալ. «Ես Սովետ Միությունը չպիտի մեղադրեմ, այլ պիտի մեղադրեմ ազերի ոճրագործներին, որոնք այս ոճիրը գործեցին: Եվ, ընդհակառակը, պիտի գնահատեմ Գորբաչովին, որն, իբր արդյունք իր գլասնոստի, դատապարտի ազերի այդ ոճրագործներին»: Սակայն ԽՍՀՄ պատգամավորը պատասխանում է. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչքան կոռեկտ կլինի ձեր խոսքը: Մենք կնախընտրենք, որ այն ընդհանրապես չլինի»: Սակայն ըմբոստ զեյթունցին, ընդդիմանալով, ասում է. «Ես պարտավոր չեմ ձեզանից թույլտվություն հարցնել, քանի որ ես ոչ-կառավարական կազմակերպության անդամ եմ եւ իրավունք ունեմ ցանկացած հարցի շուրջ ելույթ ունենալ: Ես պարզապես, առ ի քաղաքավարություն տեղեկացնում եմ, որպեսզի ձեզ անակնկալ չլինի, քանի որ ես հայ եմ եւ իմ հայրենիքը Սովետական Միության կազմում է»: Հաջորդ օրը, երբ ելույթներն սկսվում են, հերթը հասնում է Հ. Սասունյանին: Նա ներկայացնում է Սումգայիթի դեպքերը. Սովետական Միության ողջ պատվիրակությունը ոտքի է կանգնում եւ հեռանում Ժնեւում ՄԱԿ-ի դահլիճից:
1988 թ. Հայաստանի ահավոր երկրաշարժից հետո, մարդասիրական օգնությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, ամերիկահայ յոթ գլխավոր կազմակերպություններիՙ Ամերիկայի հայկական համագումարի, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Ազգային առաջնորդարանի, Հայ ավետարանական ընկերակցության եւ Լինսի հիմնադրամի նյութական հնարավորությունները համադրվեցին, եւ, ի մի բերվելով, 1989-ին հիմադրվեց Միացյալ հայկական ֆոնդը, որի պատասխանատու ղեկավար նշանակվեց Հարութ Սասունյանը: Ֆոնդն իր գործունեության 19 տարիների ընթացքում միասնաբար Հայաստան է առաքել մարդասիրական օգնության 146 բեռնատարՙ օդանավով եւ 1575 կոնտեյներՙ ծովային ճամփով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 525 միլիոն դոլար:
1998-ին, երբ հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանը առաջին անգամ Հարութ Սասունյանի հետ այցելեց Հայաստան, խոստացավ ենթակառույցային ծրագրեր իրականացնելու համար հատկացնել 170 միլիոն դոլար: Այդ բոլոր աշխատանքները, ինչպես նաեւ ներկայումս Հայաստանի եւ Արցախի մեջ 60 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագրերը վերահսկում է Լինսի հիմնադրամի ավագ փոխնախագահ Հարութ Սասունյանը:
Ավելի ուշՙ 2006 թ., երբ իսրայելյան օդուժը ռմբակոծում էր Լիբանանը, ազգասեր Քըրք Քըրքորյանը CNN-ի հեռուստաալիքով տեսնելով այդ դրվագները, մտահոգված լիբանանահայ համայնքի ճակատագրով, հեռախոսով կապվում է Հ. Սասունյանի հետ եւ հուզումով հարցնում, թե ինչպես կարելի է օգնել լիբանանահայ մեր հայրենակիցներին: Հ. Սասունյանն ուսումնասիրում է Լիբանանի կացությունը եւ պարզում, որ այդ ռմբակոծումներից հայ համայնքը մարմնական վնասվածքներ եւ զոհեր չունի, ուստի առաջարկում է պրն Քըրք Քըրքորյանին նյութական եւ բարոյական օգնություն ցուցաբերել Լիբանանի բոլոր 28 հայկական վարժարաններին: Մեծ բարերարն անմիջապես համաձայնվում է: Հ. Սասունյանը մեկ առ մեկ ուսումնասիրում է յուրաքանչյուր դպրոցի վիճակը, ուսուցիչների եւ պաշտոնյաների նախորդ մեկ տարվա չվճարված աշխատավարձերի քանակը, դպրոցական աշակերտների չվճարած ուսման վարձերի պարտքերը, ինչպես նաեւՙ յուրաքանչյուր դպրոցի տնօրենության ընթացիկ ծախսերը: Այդ բոլորի ընդհանուր գումարը դառնում է 4,5 միլիոն դոլար:
Երբ սկսվում է 2006-ի դպրոցական շրջանը, Հ. Սասունյանն այցելում է Լիբանան: 1969 թվականից ի վեր այդ նրա առաջին այցն էր Լիբանան: Նա այցելում է բոլոր 28 հայկական դպրոցները եւ յուրաքանչյուր դպրոցի տնօրենությանն անձնապես հանձնում այդ գումարի կեսը, որպես առաջին կիսամյակի աշակերտական ուսման վարձ, իսկ 2007-ի գարնանը, երկրորդ կիսամյակի սկզբին, բոլոր դպրոցների տնօրեններին հանձնում է մնացած գումարը, ներառյալ այն երկու դպրոցները, որոնք 37 տարի առաջ իրեն վտարել էին կամ չէին ընդունել դրամ չունենալու պատճառով: Հ. Սասունյանը նաեւ բարեկամաբար խորհուրդ է տալիս տնօրեններին, որ երբեւէ որեւէ աշակերտ նյութականի չգոյության պատճառով դպրոցից չհեռացվի, ուսումից չզրկվի, քանի որ ոչ ոք չգիտի, թե այդ աշակերտը, եթե իր ուսումը շարունակի, ապագային ի՛նչ կարող է դառնալՙ ուսուցիչ, տնօրեն, պրոֆեսոր, գիտնական, կաթողիկոս կամ դպրոցի բարերար: Այդ առիթով, Հ. Սասունյանը, հիշելով մոտ 40 տարի առաջվա իր անգլերենի ուսուցչուհի օրիորդ Օլիվյա Պալյանի սրտառուչ արարքը, որն ինքնակամ վճարել էր դպրոցի իր ուսման վարձը, փնտրում, գտնում է նրան Բեյրութի արվարձաններից մեկում, որտեղ մեն-մենակ ապրում էր արդեն տարիքն առած ուսուցչուհին: Հ. Սասունյանն այցելում է նրան Լիբանանի հայոց առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանի եւ իր մի քանի նախկին դասընկեր-դասընկերուհիների հետ միասին: Շուրջ 40 տարվա ընթացքում այդ առաջին անգամն էր, որ նա առիթ էր ունենում իր երախտագիտությունը հայտնել սիրելի ուսուցչուհուն, որն իր կատարած այդ գեղեցիկ արարքի մասին համեստորեն լռում էր եւ չէր ուզում, որ հիշվի կամ խոսվի այդ մասին:
Այսօր Հ. Սասունյանը հանրաճանաչ ազգային հասարակական-քաղաքական գործիչ է եւ մի շարք աշխատությունների հեղինակ: Նա ծառայել է Լոս Անջելեսի PBS հեռուստաընկերության համայնքային խորհրդատվական կազմում: Որպես «The California Courier» շաբաթաթերթի խմբագրական մշտական սյունակի փաստավավերական եւ քաղաքական մեկնաբան, նրա վերլուծական արժեքավոր գրվածքները նաեւ համացանցի միջոցով համաշխարհային ընթերցող լայն շրջանակ ունեն: 2005-ին ԱՄՆ-ում լույս է տեսել նրա «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005. Փաստաթղթեր եւ հռչակագրեր» («The Armenian Genocide: The World Speaks Out, 1915-2005, Documents and Declarations.» Glendale, California) անգլերեն հատորը, որը նույն թվին Բեյրութում հրատարակվել է նաեւ արաբերեն թարգմանությամբ: Հուսանք, որ գրքի հայերեն տարբերակը եւս լույս կտեսնի Հայաստանում:
Հ. Սասունյանն իր մասնագիտական փորձառությունը սիրահոժար փոխանցում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար խորհրդին, ինչպես նաեւ Փասադենայի Մեյֆիլդի ավագ դպրոցի տնօրենների խորհրդին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հարութ Սասունյանին պարգեւատրել է «Անանիա Շիրակացի» պատվո շքանշանով, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսըՙ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանով, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսըՙ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Նրան շնորհվել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու առաջին անձնագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի համար ամենահեղինակավոր, Կոնգրեսի պաշտոնական գրանցումներում արձանագրվողՙ Էլիս Այլընդի պատվո շքանշանը, որը հանձնվում է այն երեւելի ամերիկացի քաղաքացիներին, որոնք օգնել են իրենց էթնիկ խմբերին ինտեգրվել ամերիկյան կյանքինՙ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Օրերս Լոս Անջելեսում բազմամարդ ու շքեղ հանդիսավորությամբ նշվեց «The California Courier» շաբաթաթերթի 50-ամյա հոբելյանը, որտեղ բարձր գնահատվեց Հարութ Սասունյանի բազմաբովանդակ եւ մեծամասշտաբ երախտաշատ առաքելությունըՙ պատիվ բերելով հայ ժողովրդին, որի երդվյալ ու նվիրյալ զավակն է ինքըՙ Հարութ Սասունյանը: