Հնարավո՞ր է արդյոք երկարատեւ խաղաղություն մեր տարածաշրջանում
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
20-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի ժամանակաշրջան, որը կարելի է գնահատել միայն «ամենա» բառով` ամենակործանարար, ամենաարյունալի, միաժամանակ` ամենակառուցողական եւ ամենամեծ հաղթանակների դար: Ընդամենը մեկ հարյուրամյակի ընթացքում մի ամբողջ ժողովուրդ եղավ ե՛ւ բնաջնջման շեմին, ե՛ւ կարողացավ երկու անգամ հասնել անկախ հայկական պետականության ստեղծմանը: Սրընթաց զարգացումները, որոնք հատուկ էին 20-րդ դարին, շարունակվում են նաեւ մեր օրերում: Տնտեսական, քաղաքական, գաղափարական զարգացումների ու փոփոխությունների առումով կարող ենք միանշանակ պնդել, որ 21-րդ դարը լինելու է էլ ավելի արագ զարգացումների ժամանակաշրջան եւ դիմակայելու համար այս ամենին` հարկավոր է ճիշտ հասկանալ մեր շրջապատում կատարված եւ հնարավոր կատարվելիք գործընթացները, որոնցից ելնելով էլ պետք է կազմենք հայ պետականության զարգացման ռազմավարությունը: Ցանկացած ոչ ճիշտ հաշվարկ կարող է նոր կործանումների ու նոր փորձությունների առաջ կանգնեցնել Հայաստան պետությունը: 21-րդ դար մենք մուտք են գործել` ունենալով մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, միջազգային հանրության կողմից ճանաչված պետականություն, եւ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով (ԼՂՀ-ն` ազատագրված շրջաններով), աշխարհի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչված հայկական երկրորդ պետական միավորը: Փաստորեն պատմական Հայաստանի Մեծ Հայքից մնացած այս 42 հազար ք/կմ-ի վրա էլ ստեղծվել է պետական, քաղաքական, մշակութային այն ընդհանրությունը, որը կարող է բարենպաստ լինել հայ կոչվող տեսակի` հայկական էթնոսի զարգացման համար: Ուզենք, թե չուզենք, դուր գա դա ինչ-որ մեկին, թե ոչ, բայց սա պատմական իրողություն է, ինչը պետք է փաստել եւ որից ելնելով էլ փորձենք հասկանալ ու կառուցել մեր երկրի ապագան:
Աշխարհագրական առումով գտնվելով Փոքր Ասիայի արեւելյան շրջաններումՙ Հայաստանը միշտ էլ եղել է մեծ տերությունների ուշադրության կենտրոնում, եւ Եվրոպայից դեպի Ասիա կամ հակառակ ուղղությամբ արշավանք կատարող ժողովուրդների եւ նրանց ղեկավարների համար կարեւոր նշանակություն է ունեցել այս տարածքների վերահսկումը: Կարող ենք միանշանակ պնդել, որ այդ կարեւորությունը մեր տարածաշրջանը, դժբախտաբար, մինչեւ օրս էլ չի կորցրել: Այլ երկրների, եւ հատկապես հզոր պետությունների կողմից եղած այս հետաքրքրությունն էլ ազդել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների հարաբերությունների ու ողջ տարածաշրջանի զարգացման վրա:
Տարածաշրջանի զարգացման օրինաչափությունները
Եթե հետադարձ հայացք նետենք ներկայումս քաղաքագետների կողմից Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանի պատմությանը, ապա կնկատենք որոշակի օրինաչափություններ, որոնք հատուկ են այդ տարածքին: Պատմական այդ օրինաչափությունների ուսումնասիրությունները կարեւոր են, քանի որ այդ օրինաչափությունները որոշակի ժամանակահատվածներում, այս կամ այն ձեւափոխությամբ, կրկնվելու «սովորություն» ունեն:
Ինչպես արդեն նշեցինք, աշխարհագրական առումով տեղակայված լինելով Եվրասիա մայրցամաքի արեւմուտքն ու արեւելքը, հյուսիսն ու հարավը իրար միացնող կարեւորոգույն խաչմերուկի վրա, մեր տարածաշրջանը դեպի իրեն է ձգել գերտերությունների ուշադրությունը: Վերջիններս, ցանկանալով ուժեղացնել իրենց ռազմաքաղաքական ազդեցությունը, կարեւորել են այդ խաչմերուկի վրա իրենց գերակայության տարածումը: Կարող ենք ասել, որ վերջին 2500 տարվա ընթացքում Հարավային Կովկասը այս կամ այն չափով միշտ էլ եղել է տարբեր տերությունների ազդեցության տակ: Տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերը իրենց քաղաքականության մեջ ստիպված են եղել հաշվի առնել այդ տերությունների հզորությունը եւ հետեւաբար` նրանց շահերը: Կախվածությունը արտաքին քաղաքական ուժերից իր բացասական ազդեցությունն է թողել թե՛ տարածաշրջանում բնակվող ժողովուրդների, եւ թե՛ նրանց միջեւ փոխհարաբերությունների բնականոն զարգացման ընթացքի վրա: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտաքին քաղաքական ուժերն են թելադրել տարածաշրջանային զարգացման ողջ ընթացքը, եւ նրանց ազդեցության աստիճանից են կախված եղել Հարավային Կովկասը բնակեցնող էթնիկ խմբերի հարաբերությունները միմյանց միջեւ: Պատմական նման օրինաչափությունը հանգեցրել է նրան, որ շատ դեպքերում արտաքին քաղաքականության ազդեցության թուլացումը բերել է լոկալ բախումների եւ պատերազմների: Մենք այսօր խնդիր ունենք մեր անմիջական հարեւանների հետ հարաբերությունների նոր որակ ստեղծելու հարցում, ինչի զարգացմանը դարեր շարունակ խանգարել է մեծ տերությունների քաղաքականությունը տարածաշրջանում: Եվ այսպես` մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր հարեւանների հետ քաղաքական հարաբերություններ մշակելիս ստիպված ենք լինում հաշվի առնել գերտերությունների շահերը եւ տարածաշրջանի նկատմամբ նրանց վարած քաղաքականության ռազմավարական ուղղությունը: Սկսած Հռոմեական կայսրությունից մինչեւ Խորհրդային Միություն, տարածաշրջանը բնակեցնող ժողովուրդները եւ նրանց ստեղծած պետական միավորները, լինեն դրանք թագավորություններ, խանություններ, մելիքություններ թե հանրապետություններ, միմյանց հետ հարաբերություններ մշակելիս ստիպված են եղել հաշվի առնել տարածաշրջանում իրենց ազդեցությունն ունեցող մեկ կամ մի քանի տերությունների շահերն ու ցանկությունները: Ինչպես արդեն նշեցի` նման իրավիճակը թույլ չի տվել տարածաշրջանի ժողովուրդներին զարգացնել սեփական քաղաքական ուղղությունը` շատ դեպքերում սեփական շահը ստորադասելով, կամ ստիպված լինելով հարամարեցնել գերտերությունների շահերին: Տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական բախումները եւ պատերազմները մեծ մասամբ հրահրված են եղել դրսից` գերտերությունների կողմից, որոնք այդ ճանապարհով ցանկացել են իրենց ազդեցությունը ուժեղացնել: Սակայն այս իրավիճակի պարադոքսն այն է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ պատերազմների կանխումը նույնպես պարտադրված է եղել տերությունների կողմից: Եվ երբ տերությունների միջեւ ընթացող համառ պայքարի հետեւանքով այս կամ այն երկիրը կամ երկրները կարողանում են իրենց ազդեցությունը պարտադրել Հարավային Կովկասը բանկեցնող ժողովուրդներին եւ պետական միավորներին, ապա այդ դեպում հենց այդ տերություններն էլ ստիպում են դադարեցնել պատերազմները եւ սառեցնել առկա հակամարտությունները: Մենք ունենում ենք իրավիճակներ, երբ տարածաշրջանում եղած հակասությունները եւ հակամարտությունները դարեր շարունակ չեն գտնում իրենց լուծումները ոչ խաղաղ բանակցությունների եւ ոչ էլ պատերազմների միջոցով: Չլուծված նման խնդիրների իրավիճակը շատ ձեռնտու է հատկապես այն երկրներին, որոնք Հարավային Կովկասը համարում են իրենց համար ռազմավարական տարածք: Հետեւաբար մենք կախված ենք գերտերություն կոչվող երկրների ցանկություններից, քաղաքական ազդեցություններից, եւ մեր տարածաշրջանում պատերազմներն ու խաղաղությունները սկսվում ու վերջանում են այդ երկրների քաղաքական ազդեցության աճի կամ նվազման հետ մեկտեղ:
Գերտերությունների ազդեցության աստիճանը
Վերջին գերտերությունը, որը միանձնյա իշխում էր մեր տարածաշրջանում, Խորհրդային Միությունն էր: ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության թուլացումն եւ քայքայումն էլ հանգեցրին ղարաբաղյան պատերազմին: Տարիներ շարունակ կուտակված խնդիրները եւ չլուծված ազգային հարցերը, Խորհրդային Միության «ուժեղ ձեռքի» բացակայության պայմաններում, դուրս եկան ասպարեզ` հանգեցնելով լոկալ պատերազմների: Աշխարհի գերհզոր տերության քայքայումը տարածաշրջանում ստեղծեց քաղաքական վակուում, որն այդ շրջանում չէր շտապում լրացնել ոչ ԱՄՆ-ը եւ ոչ էլ Եվրամիությունը: Սկսված պատերազմները եւ մասնավորապես` Ղարաբաղյան պատերազմը ավարտվեցին ոչ միայն այն պատճառով, որ կար ռազմական արդյունք, այլեւ այն պատճառով, որ կար արտաքին քաղաքական ուժեղ ճնշում տարածաշրջանում իրենց շահերը փնտրող տերությունների կողմից: Այսինքն` տարածաշրջանի պատմական այս ժամանակահատվածում էլ կրկնվեց պատմական այն օրինաչափությունը, երբ արտաքին քաղաքական ազդեցությունն է բերում պատերազմի կամ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում: Ներկայումս մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ ազդեցության ուժեղացման համար պայքարող երկրները, կարելի է ասել, միմյանց հետ եկել են որոշակի համաձայնության, եւ նոր ռազմական գործողությունների սկսելը ձեռնատու չէ կողմերից եւ ոչ մեկին: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում պատերազմի եւ խաղաղության հաստատումը ուղղակիորեն կախված է համաշխարհային քաղաքական գործընթացներից: Փաստորեն կարող ենք շեշտել, որ աշխարհում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, աշխարհաքաղաքական որեւիցե ճգնաժամ, կամ տարածաշրջանում իր ազդեցությունն ունեցող տերություններից որեւիցե մեկի քայքայումը կարող է հանգեցնել նոր պատերազմների մեր տարածաշրջանում: Այսինքն` տարածաշրջանի երկրների միջեւ տարածքների վերաբերյալ կնքված խաղաղության պայմանագրերը, որոնք փաստորեն հաստատված են տերությունների կողմից, դադարում են գործել, երբ այդ տերությունները կամ դրանցից մեկը, թեկուզ եւ ժամանակավորապես, հեռանում է համաշխարհային քաղաքականության թատերաբեմից, կամ թուլանում է նրա ազդեցությունը: Տարածաշրջանում քաղաքական ազդեցության հաշվեկշիռը փոխվում է, որից էլ կարող են օգտվել այդ պայմանագրերից դժգոհ պետությունները կամ էթնիկ խմբերը, փորձելով ռազմական ճանապարհով լուծել իրենց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերը: Հասկանալի է, որ այս ամենը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում նոր ռազմական բախումների ու պատերազմների: Այսինքն` ցանկացած պայմանագիր, որ երբեւէ կկնքվի մեր տարածաշրջանում գործող հակամարտությունների շուրջ, ըստ էության կկրի ժամանակավոր բնույթ, հետեւաբար մեծ է վտանգը, որ այն կարող է խախտվել:
Մեկ մայրաքաղաքի սկզբունքը...
Ինչպես նշեցինք, վերջին տերությունը, որը միահեծան իշխում էր տարածաշրջանում, ԽՍՀՄ էր: Եվ եթե այն ժամանակ առկա խնդիրների լուծման համար հարկավոր էր գործ ունենալ միայն Մոսկվայի հետ, ապա այժմ սրան գումարվել են Վաշինգտոնը եւ Բրյուսելը: Մեր բարդ տարածաշրջանում եղած հարցերի համար միանգամից երեք մայրաքաղաքների հետ հարաբերությունների պահպանումը մեծ ռեսուրսներ եւ աշխատանք է պահանջում, ինչի կարիքը չկար նախկինում, երբ Ադրկովկասի ճակատագիրը որոշվում էր ԽՍՀՄ-ի մայրաքաղաքում: Սակայն միաժամանակ երեք կենտրոնների հետ աշխատանքի առավելությունն այն է, որ տարածաշրջանային խնդիրներին լավ ծանոթ երկրներից ցանկացածի հեռացումը Հարավային Կովկասից հնարավորություն կտա մյուս երկու երկրներին արագորեն լրացնել ստեղծված քաղաքական վակուումը, որը, ինչպես հիշում ենք, չկատարվեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծում խուսափել ռազմական բախումից: Բացի դրանից` երեք մայրաքաղաքներից մեկում ոչ բարենպաստ որոշման դեպքում, այն կարելի է չեզոքացնել մյուս մայրաքաղաքներում կատարված դիվանագիտական գրագետ աշխատանքի շնորհիվ:
Վերջաբան
Ամփոփելով վերը նշվածը` ասենք, որ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների շուրջ ընթացող բանակցություններն, ինչ արդյունքի էլ դրանք բերեն, չեն կարող համարվել վերջնական, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում մեծ է դրանց խախտման հավանականությունը: Այսինքնՙ հակամարտությունների լուծման համար հարկավոր է ոչ թե տերությունների համաձայնությամբ ստեղծված խաղաղություն, այլ առկա ռազմական status quo-ի պահպանում եւ դրան իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններ: Հետեւաբար, ցավով պետք է եզրակացնենքՙ համաշխարհային պատմությունը չգիտի, թե ինչ բան է 100 տարվա խաղաղություն, դրա փոխարեն ունի 100-ամյա պատերազմի փորձ: