«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ

ՀՅԴ-ի քայլից քաղաքականությունն ու տնտեսությունը չեն տուժի

«Քաղաքական իմաստով Դաշնակցության որոշումը (նկատի ունի 3 նախարարներին փոխելու որոշումը-հեղ.) մեզ համար նորույթ է, որ քաղաքական կուսակցությունները կարող են իրենց անդամներին հետ կանչել, նորերին առաջադրել: Իհարկե, հայտարարությունը, կարծում եմ, համարժեք չէր այն գործողություններին, որը փորձում էր Դաշնակցությունը լուծել, քանի որ, ըստ սահմանադրության, նախարարներ են նշանակվում վարչապետի ներկայացմամբ, նշանակում է երկրի նախագահը: Պարզապես ՀՅԴ-ն պարտավոր էր եւ կարծում եմ, հենց էդպես էլ պետք է հասկանալ, խնդրել է երկրի նախագահին եւ վարչապետին փոխել իրենց ներկայացուցիչներին: Սրանից չեմ կարծում, որ քաղաքական կուրս է փոխվելու կամ տնտեսական կուրս է փոխվելու, կամ դա ընդհանրապես այն երեւույթն է, որը ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսական կամ քաղաքական կյանքի վրա», երեկ «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը ` պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ 3 նախարարներին փոխելու Դաշնակցության որոշումը: Ավարտական եւ ընդունելության քննությունների նախաշեմին էլ կոնկրետ կրթության նախարարին փոխելու որոշումը խզումներ չի առաջացնի` հաշվի առնելով, որ այս շրջանում հնարավոր էին որոշակի պայմանավորվածություններ: «Մեզ մոտ ավանդույթ է ստեղծվել, ինչքան մարդը հայտնի է, այդ նույն չափով էլ բամբասանքներ են շրջում: Այնպես որ չեմ կարծում, թե այստեղ կոռուպցիոն ռիսկերի մասին կարող է խոսք գնալ» ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ-ական փորձառու պատգամավորը անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, անգամ խոսեց գների թանկացման մասին` նշելով, որ մինչեւ աշուն գները կիջնեն 30-40 տոկոսով: Ակումբի հյուրի խոսքով, ե՛ւ միջազգային գներն են իջնում, ե՛ւ կառավարությունն է ի վիճակի միջամտելու գների բարձրացմանը: «Եթե դա չկարողանանք անել, տանուլ տված կլինենք», նշեց ՀՀԿ-ական պատգամավորը` նշելով, որ կառավարությունն անգամ փոխհատուցումներով է պատրաստ մեղմելու իրավիճակը:

Հունիսի 20-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի կազմակերպած հանրահավաքից իշխանությունները չեն վախենում: Գալուստ Սահակյանի խոսքով. «Այսօր էլ կարող է դուրս գալ (ընդդիմությանը նկատի ունի-հեղ.), վաղն էլ, մյուս օրն էլ, հետո կարող է ընդդիմադիր այլ ճամբարից մեկը դուրս գալ: Մի մտածեք, որ մենք կարող ենք Եվրոխորհուրդը դիտել որպես Տիզբոն: Ընդհանրապես Եվրոխորհուրդն իր խաղի կանոններն ունի եւ ասում է, որ առաջարկում է սա: Մենք արդեն նրանց պատասխանել ենք, եւ անկախ Եվրոխորհրդի պահանջներից, մեր ամբողջ ծրագիրն այդ բաղկացուցիչներն ունի` կապված Եվրոխորհրդի առաջարկների հետ: Այնպես որ, երբեք մեր ժողովրդի կամքի եւ ունակությունների վրա այսպես զսպման մեխանիզմներ մի դրեք, թե միջազգային կառույցները ճնշումներ են գործ դնում, որ հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր համակիր մարդիկ փողոց դուրս չգան: Մենք այդտեղ որեւէ մտահոգություն չունենք: Մեր հետընտրական ուղղվածությունն այն է, որ մեր խոստումներն ու ծրագրերը ժամանակին իրականություն դառնան»:

Ի դեպ, Գ. Սահակյանը կարծում է, որ մարտի 1-ի դեպքերի գլխավոր դրդիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց նաեւ հավելում է, որ հետաքննությունը կպարզի: ՀՀԿ փոխնախագահը նաեւ կարծիք հայտնեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով հեռանալու է երկրից, սակայն Գալուստ Սահակյանը չգիտի, թե երբ. «Տոմսերը ես չեմ գնում»:

ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարմանն անդրադառնալիս Գալուստ Սահակյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում մեր երկիրը ձայնի իրավունքից զրկվելու խնդիր չունի. «Անկախության իրավունքից որեւէ մեկը մեզ չի կարող զրկել, իսկ մենք այդ քաղաքական ուժն ենք` մենք չենք կարող տրամաբանորեն ձեւացնել ինչ-որ առաջարկների, պարտադրանքների ներքո, որ պիտի մեզ զրկեն կամ չզրկեն, եւ վտանգենք Հայաստանի անկախությունը»:

Հանրային խորհրդի ստեղծմանն անդրադառնալով` ակումբի հյուրը նշեց, որ կարող է լինել կարծիքներ հայտնելու լուրջ ամբիոն, որտեղ ամենքը կարող են տեսակետ հայտնել: Իսկ որ խորհուրդը ղեկավարելու է նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, Սահակյանի համոզմամբ, չի ստվերելու հասարակական պալատի գաղափարը. «Դա մի հիմնարկ չէ, որտեղ կան շեֆեր, որոնք ուղղորդելու են դրանց գործունեությունը. այնտեղ ամեն մարդ կարող է կարծիք հայտնել»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4