Այս անգամ`Առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ
Չնայած Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ պետական քաղաքականության տակավին բացակայությանը եւ առկա չկարգավորված խնդիրներին, այստեղ էլ գործարարությունն ինչ-որ չափով զարգանում է եւ անցած տարիների ընթացքում որոշ ձեռքբերումներ կան: Դրանց ներկայացման եւ հետագա խթանման նպատակ են հետապնդել նախորդ մի քանի տարիներին «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված «Շիրակէքսպո» ամենամյա ցուցահանդեսները: Մայիսի 31-ից հունիսի 1-ը կայացած «Գործարար Շիրակ-2008» այս տարվա ցուցահանդեսի կարգավիճակն ու ընդգրկումն ավելի լայն էին, քանի որ նախաձեռնողն այս անգամ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն էր: Վերջին երկու-երեք տարիներին Լոռիում ու Արմավիրում կազմակերպած երեք ցուցահանդեսներից հետո սա պալատի նախաձեռնած չորրորդ մարզային ցուցահանդեսն էր, ինչն, անշուշտ, ողջունելի է:
«Գործարար Շիրակ-2008»-ը, որի կազմակերպիչներն էին նաեւ Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը, մարզպետարանը եւ «Շիրակի մրցունակության կենտրոնը», նպատակ ուներ բացահայտելու մարզի տնտեսական ներուժը եւ խթանելու նախ` միջմարզային, իսկ հետագա փուլերում նաեւ հանրապետական ու միջազգային համագործակցությունը: Վարդան Աճեմյանի անվան թատրոնի երկու հարկերի ճեմասրահում ծավալված ցուցահանդեսը, որի բացումը ողջունեցին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, առանձնանում էր նաեւ մասնակիցների քանակով ու ձեւաչափով. մասնակցում էին ոչ միայն Շիրակի, այլեւ Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ու Երեւանի 50-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ ու անհատներ: Ցուցահանդեսն ընդգրկում էր արտադրության, շինինդուստրիայի, ծառայությունների, առեւտրի, սննդարդյունաբերության, արհեստների եւ այլ ոլորտներ:
Նոր գործընկերների, նոր շուկաների որոնումը կարեւոր խնդիր է բոլոր գործարարների համար, եւ Առեւտրաարդյունաբերական պալատը պատրաստակամություն է հայտնում այս հարցերում աջակից լինելու նաեւ մարզերի արտադրողներին: Այսպիսի ցուցահանդեսները պետք է օգնեն բացահայտելու այն արտադրատեսակները, որոնք կարող են մրցունակ լինել նաեւ արտաքին շուկայում: Սակայն ցուցահանդեսի մասնակիցները կարեւորում էին ե՛ւ պետության աջակցությունը հատկապես մանր ու միջին ձեռնարկատերերին, նրանց օրենսդրական պաշտպանվածության ե՛ւ հարկային դաշտի խնդիրների լուծումը: Չէ՞ որ դա նաեւ պետության զարգացման ուղիներից մեկն է:
Գ. Մ.