«Լավ ընկեր եւ կայացած մտավորական, խմբագիր, հասարակական գործիչ եւ գրող. այսպիսին է Երվանդ Ազատյանը, որն ավելի քան 35 տարի Մանուկյան ընտանիքին է ներկայացրել միջազգային հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ», ասել է Ռիչարդ Մանուկյանը «Մասկո կորպորացիայի» գլխավոր մասնաճյուղում մայիսի 1-ին նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ:
Հաղորդելով այս մասին «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 17-ի համարը տեղեկացնում է Լյուսի Արտաշը, որ 1972-ին Ազատյանն արդեն հեղինակավոր լրագրող եւ խմբագիր էր, երբ Ալեք Մանուկյանը նրան Դետրոյթ հրավիրեց, որպեսզի ղեկավարի «Մասկոյի» հայկական ծրագրերը: Հինգ լեզուների տիրապետելով, Ազատյանը ձեռնհասորեն է կատարում իր պարտականությունները:
«Մենք հրապարակայնորեն ենք ցանկանում շնորհակալություն հայտնել նրան երկար տարիներ հավատարիմ ծառայելու համար ոչ միայն մեզ, այլեւ այստեղիՙ Միչիգանի համայնքին եւ Հայաստանին: Դուք թոշակի եք անցնում, բայց վստահ ենք, որ շարունակելու եք համագործակցել մեզ հետ, եւ մենք դեռ երկար ժամանակ օգտվելու ենք ձեր գիտելիքներից ու փորձառությունից», շարունակել է Ռիչարդ Մանուկյանը:
Ազատյանը մեծ ներդրում ունի Էն Արբուրի Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի անվան հայ ժողովրդի արդի պատմության եւ Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի եւ գրականության ամբիոնների ստեղծման գործում: Նա նաեւ 1972-ից ի վեր եղել է Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի վարչության փոխնախագահը եւ իր ստեղծած «Հայկական մշակույթի ժառանգություն» ռադիոծրագրերի տնօրենը: Նա շարունակելու է իր այդ գործունեությունը:
Ազատյանը նաեւ բեղուն գրիչ ունի, հեղինակ է հինգ հատորների: Արժանացել է բազում մրցանակների, այդ թվումՙ Վազգեն Ա կաթողիկոսից Սբ. Սահակ եւ Սբ. Մեսրոպ պատվո մեդալի, Հայաստանի նախագահիցՙ Մովսես Խորենացի մեդալի եւ Հայաստանի ազգային գրադարանիցՙ Հակոբ Մեղապարտի անվան մեդալի: 1998-ին նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել Երեւանի պետական համալսարանը:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում խոսք են ասել նաեւ պրոֆ. Գեւորգ Բարդակչյանը եւ դոկտ. Կարապետ Բելյանը: Վերջում շնորհակալական խոսքով հանդես է եկել Երվանդ Ազատյանը:
Հ. Ծ.