Առաջին դժգոհություններ թեստային համակարգից
«Շատ հուզված եմ, շատ ենք մտածում, թե ոնց կլինի: Երեխաս 1 տարի պարապել է, այսինքն, վստահ եմ, որ գիտելիք ունի, բայց վախենում եմ այս նոր համակարգից: Եթե աշխատանքները համակարգիչն է ստուգելու, վախենում եմ, որ սխալներ լինեն, չնայած ասում են, որ համակարգչով ավելի ճիշտ է լինելու ստուգումը, կամայականություններ չեն լինի, բայց այս ձեւը մեզ համար նորություն է, ու մտահոգված եմ: Երկու երեխաներս քննությունները հանձնել են նախկին համակարգով, այս քննակարգի արդյունքը չգիտեմ ինչ կլինի», երեկ առավոտյան թիվ 127 քննական կենտրոնի առջեւ հավաքված ծնողներից «Ազգին» իր մտահոգությունները հայտնեց տկն Նարինեն: Այս քննական կենտրոնում գրանցված 268 դիմորդ-շրջանավարտներից որեւէ բացակա չկար:
Երեկ հանրապետությունում մեկնարկեցին հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական եւ միասնական քննությունները, որոնք անցկացվեցին դպրոցներում եւ քննական կենտրոններում: Հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական կարգով քննություն անցկացնելու համար հայտագրվել է 13 հազար 643 դիմորդ-շրջանավարտ: Ամբողջ հանրապետությունում գործում են 55 քննական կենտրոններ, որոնցից 19 Երեւանում են, մնացածը` մարզերում, մեկն էլ` Ղարաբաղում: Առավոտյան ժամը 10-ին մեկնարկած քննությունները տեւեցին երեք ժամ, իսկ քննություններից 3 ժամ անց թեստերի պատասխանները տեղադրվեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում:
Այսինքն, այս պատասխաններն ունենալով եւ գնահատման համակարգին ծանոթ լինելով` մանկավարժներն ու շրջանավարտներն արդեն իսկ կարող են հաշվել եւ գոնե մոտավորապես իմանալ, թե իրենք քանի միավոր կստանան: Քննությունների պատասխանները շրջանավարտները կիմանան ընթացակարգի հաջորդ օրվանից սկսած 5-րդ օրը: Այսինքն, քննությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 5-ին: Բողոքարկումների ժամկետը մինչեւ հունիսի 6-ն է` ժամը 18. 00-ն: Ընդ որում, շրջանավարտները կարող են բողոքարկումներն անել հենց իրենց քննակենտրոններում:
Ծնողների մտավախությունները հիմնականում կապված են նոր քննակարգի հետ: Շատերը տարակուսում էին, թե շատ բան վերահսկելի չէ. «Բա որ հանկարծ համակարգիչը սխալ անի, բա որ հանկարծ մի բան ճիշտ ցույց չտա»:
Քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ, թիվ 127 քննական կենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը կարծում է, որ նոր քննակարգը քննություն հանձնելու շատ լավ ձեւ է. «Սա շատ ավելի լավ ձեւ է: Իմացող, գիտելիքներ ունեցող երեխան ստանում է իր արժանի գնահատականը: Սկզբում ես էլ էի տարակուսում, թե ինչպես կարելի է, օրինակ, հայոց լեզվից քննություն տալ խաչեր դնելով (նկատի ունի այն նշանը, որով շրջանավարտները պետք է ընդգծեին թեստերի հարցերի ճիշտ պատասխանները-Գ. Գ.), բայց հիմա տեսնում եմ, որ խաչն ի վերջո գիտելիքից ծնված խաչ է»:
Այնինչ երեկոյան արդեն համակարգչով հաշվարկելով իրենց ստանալիք մոտավոր գնահատականը, դիմորդներից շատերը դժգոհություն էին հայտնում թեստային համակարգից եւ տեխնիկական անհամապատասխանությունից: Նրանք մտավախություն ունեին, որ ցածր գնահատական կստանան:
Շիրվանզադեի անվան դպրոց այցելած կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ նոր նախարարի նշանակմամբ ոլորտը չի տուժի: «Եթե մշակված է կոնկրետ ծրագիր ոլորտի զարգացման համար, ապա կադրային փոփոխությունը որակի վրա չի անդրադառնա», ասել է նա:
Գ. Գ.