«Նախանձում եմ քեզ, որ թափառում ես իմ սիրելի Արփաչայի ափերում, Շիրակի երկնքի տակ...», 1937 թ. օգոստոսի 30-ին 62-ամյա Ավետիք Իսահակյանը կարոտով գրում է երիտասարդ Շիրազին: Նույն հող ու ջրի հոգեղեն ավիշով կապված երկու բանաստեղծների համար «սիրելագույն Շիրակը» միշտ աշխարհի կենտրոնը եղավ: Հայրենի Գյումրիում այսօր նրանց հուշատուն-թանգարանները համարյա կողք կողքի են, Վարպետաց անունը ստացած նույն փողոցում:
Հովհաննես Շիրազի թանգարանի սրահներում շրջեցինք այս նվիրական օջախի մի անուրանալի երախտավորի` շիրազապաշտ, շիրազագետ նախկին տնօրեն, այժմ ֆոնդապահ Արամայիս Շիրազունու հետ, նրա օգնությամբ ծանոթանալով ցուցանմուշներին ու բանաստեղծի կյանքի մինչ այդ մեզ անհայտ առանձին դրվագների: Առաջին սրահում հին լուսանկարներ ու իրեր են, որոնք ներկայացնում են Շիրազի մանկությունն ու ժամանակի Գյումրին: Սբ. Աստվածածին եկեղեցում մանուկ Հովհաննեսին կնքել են ծննդյան 40 օրը լրանալուց հետո, Հովհաննես Մկրտչի եւ Հիսուսի սրբապատկերի ներքո: Հայտնի է, որ ապագա բանաստեղծը երեխա ժամանակ, քաղաք մտած թուրքերի ձեռքով հոր` բոստանչի Թաթոսի սպանվելուց հետո որբանոց է ընկել, որոշ ժամանակ անց փախել այնտեղից... Սրահի պատին մի քահանայի մեծադիր լուսանկար կա, երեցկնոջ հետ: Ուղեկցիս բացատրությամբ` Ամբակում քահանան է, որը որբանոցից փախած երեխային փողոցից իր տուն է տարել, ապաստան տվել:
Շիրազյան հիմնական իրեղեն մասունքները հաջորդ սրահում են, որտեղ արդեն հասուն տարիքի բանաստեղծի խմբակային լուսանկարն է իր յոթը նոր զավակների հետ: Ահա նրա հին գրապահարանը` գրքերով, փայտե մահճակալը: Շիրազի գրասեղանը, վրան` աշխարհաբար «Նարեկը» եւ Լեոյի «Հայոց պատմությունը»...
Երրորդ` ամենամեծ սրահում, որը նաեւ ծառայում է գրական միջոցառումներին, կարդում ենք Շիրազի գրական անվան կնքահայրը համարվող Ատրպետի խոսքերը: «Լակոտ, քո երգերից վարդերի անմահական բույր է գալիս: Այդպիսի վարդեր կան միայն Շիրազում (Իրանի Շիրազ քաղաքում - Գ. Մ.): Ուրեմն թող այսուհետեւ քո անունը լինի Հովհաննես Շիրազ»:
Ահա նույնպես մասունք դարձած, 1935-ին տպագրված բարակոտ, կարծեմ թղթե կազմով առաջին ժողովածուն` «Գարնանամուտը» ցուցափեղկի ապակու տակ, քսանամյա պոետի հորդաբուխ տաղանդի առաջին, ազդարարիչ բխումը: Ժամանակի հիացական կարծիքներ, հայտնի ու քիչ հայտնի գնահատականներ իր տաղանդի, նաեւ տարբեր գործերի մասին: Օրինակ` այս մեկը. «Շիրազի «Սիամանթո եւ Խջեզարե պոեմը... ի՜նչ քնարերգություն, ինչպիսի՜ պատկերավոր լեզու, անկրկնելի լիրիկա... Արեւելքի մեծագույն ստեղծագործություններից մեկն է սա». Յանա Շտրոբլ, չեխ թարգմանչուհի: Տարբեր ցուցափեղկերում` Վանա ծովափից բերված քարակտոր, բանաստեղծի ԽՍՀՄ գրողների միության անդամատոմսը, պետական երկու շքանշանները, Վազգեն Ա վեհափառի նվիրած գիրքը` «Արարատատենչ Շիրազին» ընծայագրով, Վիկտոր Կոչեւսկու բանաստեղծությունների եւ թարգմանությունների ժողովածուն` «Մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանին, ուկրաինական թարգմանչի կողմից» (2003 թ.) հեղինակի հայերեն համեստ մակագրությամբ, այլ նյութեր, գրություններ, հրատարակություններ, նաեւ բանաստեղծի որդիների կերպարվեստի գործեր:
Մինչ սովորաբար բողոքում ենք (եւ հիմնականում` ոչ անտեղի), թե հենց նույն Գյումրիում մարդիկ թանգարաններ չեն այցելում, Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Շուրա Ղազարյանը մեզ հետ զրուցելիս մի անսպասելի տվյալ ասաց: Միայն ապրիլ ամսին թանգարանը 750 այցելու է ունեցել: Գալիս են խմբերով, ընտանիքներով, զույգերով, նաեւ` Երեւանից, Էջմիածնից, Լոռուց: Գալիս են զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր: Պրն. Ղազարյանը վաստակաշատ մանկավարժ է, կրթության գործի երկարամյա կազմակերպիչ եւ խիստ կարեւորում է մշակութային այս օջախի դերը հատկապես մատաղ սերնդի դաստիարակության գործում: Այստեղ սովորական են ոչ միայն դպրոցականների, ուսանողների այցելությունները, այլեւ գրական ցերեկույթները, բաց դասերը, հանդեսները: Գործող գիտխորհուրդը հանրային կապերի ու թանգարանային առօրյայի աշխուժացման ուղղությամբ եւս աշխատանք է կատարում: Ապրիլը հատկապես աշխույժ էր նաեւ հայտարարված շիրազյան միամսյակի շնորհիվ, որի եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ ամսի 27-ին` բանաստեղծի ծննդյան օրը: Ծրագրված է շուտով նշել Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Առաջինի ծննդյան 100-ամյակները:
Սա թերեւս այն եզակի օջախներից էր, որտեղ տնօրենից որեւէ տրտունջ չլսեցինք: «Բոլոր տեսակի խնդիրները քաղաքապետարանը բարձր մակարդակով լուծում է», ասաց թանգարանի տնօրենը եւ ավելացրեց, որ վերջերս էլ գրասեղան, աթոռներ, նոր ցուցանակ են ստացել: Ութ հաստիք ունեն: Կոչով դիմել են բոլոր նրանց, ովքեր շիրազյան մասունքներ, հուշեր ունեն, որ նվիրեն թանգարանին: Արդեն արձագանքողներ կան...
Ամեն մի բանաստեղծական մեծություն նաեւ ազգային մեծություն է: Բայց Շիրազի ազգային մեծությունը զուտ գրականից բացի մեկ այլ կողմ էլ ունի, որի պատկերավոր արտահայտությունը տեսանք երեւանցի նկարիչ Ստեփան Գրիգորյանի` թանգարանին նվիրած գրաֆիկական նկարում: Նկարը կոչվում է «Շիրազի ոգին»: Նրանում Մեծ ու Փոքր Մասիսներին թիկնած բանաստեղծն է, դեպի որը ձգվում են ժողովրդի հոծ շարքերը: Այդ շարքերն էին, որ գնացին դեպի Արցախ, դեպի Շուշի: Հովհաննես Շիրազի, ժամանակի այլ մեծերի բառն ու ոգին մոռացության պարտադրանքի տասնամյակներում նաեւ իմ սերնդի հայացքը նվիրական Արարատներին ամուր հառած պահեցին: Այդ սերնդի ներկայանալի զավակներից մեկը թանգարանի տպավորությունների մատյանում 2003 թ. սեպտեմբերի 27-ին գրել է. «Հարգելի գյումրեցիներ, ոչ միայն դուք եք հպարտ, որ ունեք Շիրազ, այլեւ ամբողջ հայությունը աշխարհի բոլոր անկյուններում: Ես դաստիարակվել եմ Շիրազի ոգով, որով ապահովվել է իմ ազգային ոգին` ոչ թե լացով, այլ պայքարով»: Գրողը Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ