Պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների վրա
Մայիսի 30-ի համարում «Ազգը», անդրադառնալով Մալաթիայի բնակիչ, երաժիշտ Քյազըմ Աքընջըիի հայտարարությանը, նշել էր, որ նա արմատներով հայ է, դիմել է դատարան վերականգնելու համար հայկական ինքնությունն ու փոխելու անունը: Նախորդ օրն այդ մասին նշել էր նաեւ թուրքական «Զաման» թերթը: Մալաթիայում հայկական ինքնության վերականգնման փաստն ուշագրավ է: Այդ առումով ավելի քան ուշագրավ պետք է համարվի պատմական ժառանգություններին տեր կանգնելու նախաձեռնությունը, որը վերջերս ցուցաբերել է «Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի վիլայեթների, գյուղերի եւ գավառների հայ սասունցիների սոցիալական փոխօգնության մշակույթի եւ համերաշխության» միությունը:
Մինչ նախաձեռնության բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ այս միությունը 2006-ին Ստամբուլում ստեղծել են Բաթմանում բնակվող սասունցիները, նախագահն է Ազիզ Դաղջըն: Ինչպես սասունցի հայերի միության, այնպես էլ նրա նախաձեռնության մասին մայիսի 27-ին տեղեկացրել է թուրքական ATV հեռուստատեսության կայքէջը, որի համար ամենայն հավանականությամբ իբրեւ սկզբնաղբյուր է ծառայել Բաթմանի տեղական «Բաթման փոստ» թերթի մայիսի 26-ի համարում «Թող ախոռ չդառնա պատմական ժառանգությունը» վերնագրով հրապարակված հոդվածը:
Ինչո՞ւ Բաթմանի, որովհետեւ ներկայումս Սասունն այդ վիլայեթի վարչական տարածքում է: ATV հեռուստատեսությունը «Անատոլիայի հայերը տեր են կանգնում իրենց եկեղեցիներին» վերնագրով կայքէջում գրում է. «Բաթմանի հայերը պահանջում են 1915-ից հետո ավերված եկեղեցիներն ու կողոպտված գերեզմանները: Դարեր շարունակ հայերին պատկանող այդ եկեղեցիներն ու գերեզմանները վերադարձնելու համար է պայքարում Սասունի հայերի միությունը, որի անդամները 1915-ի իրադարձությունների ընթացքում Հայաստան փախչելու կամ քուրդ աշիրաթներին ապավինելու միջոցով փրկվածների թոռներն են: Միության նախագահի հավաստմամբ, Բաթմանի անշարժ գույքի եւ կադաստրի վարչությունը ֆիզիկական անձանց հանձնելու կամ պետական սեփականություն ձեւակերպելու նկրտումով, գիտակցաբար եկեղեցիները գրանցել է իբրեւ լքված բնակարան, իսկ գերեզմանները` ամայի տարածք, ինչը սասունցիների միության ստեղծման դրդապատճառն է դարձել: Եթե դա Ստամբուլում է հիմնադրվել, ապա դրա պատճառը ազգային փոքրամասնությունների նկատմամբ այստեղ ցուցաբերվող հանդուրժողականությունն է, քան Բաթմանում: Միությունը դիմում է ներկայացրել Բաթմանի նահանգապետարան, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ կադաստրի վարչություն, պահանջելով Մարութա սարի Գոմք եւ Արծվիկ գյուղերի թալանված եւ ախոռի վերածված եկեղեցիներն ու գերեզմանները որպես այդպիսիք գրանցել գույքագրման մատյաններում, ապահովելու համար նրանց պահպանությունը պետության կողմից»:
Դիմումում միության նախագահ Դաղջըն, ըստ ATV-ի, հիշեցրել է հայերի Լոզանի պայմանագրից բխող ազգային փոքրամասնության կարգավիճակի, ինչպես նաեւ թուրքական օրենսգրքի 3998-րդ հոդվածի մասին, որն արգելում է գերեզմանների առուվաճառքը ու այլ նպատակներով օգտագործումը:
Դիմումի առումով ATV-ին է լրացնում «Բաթման փոստը», որին ահա թե ինչ է ասել Դաղջըն. «Մենքՙ հայերս Լոզանի պայմանագրի 37-44 հոդվածների համաձայն, երկրում ունենք ազգային փոքրամասնության կարգավիճակ: Պայմանագրի 42-րդ հոդվածը մեզ իրավունք է վերապահում ինքնուրույն տնօրինելու մեր եկեղեցիներն ու գերեզմանները, անհրաժեշտության դեպքում վերականգնելու, իսկ իշխանություններին պարտավորեցնում է դրանք որպես անշարժ գույք գրանցել համայնքի անունով: Ավելին, չնայած սահմանադրական դատարանի եզրակացությանը, թե «թուրքական կառավարությունը ստանձնում է ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիների, սինագոգների եւ գերեզմանների պահպանության պատասխանատվությունը», իշխանությունները մեզ ամեն կերպ խոչընդոտում են»: Այնուհետեւ միության նախագահը «Բաթման փոստին» պատմել է այն անարգանքի ու բռնության մասին, որոնց ինքը ենթարկվել է Բաթմանի անշարժ գույքի եւ կադաստրի վարչությունում, թե «հայերն այստեղ որեւէ գույք չունեն»:
Ինչ վերաբերում է Սասունի հայերի միության դիմումին Բաթմանի նահանգապետարանի տված պատասխանին, որի մասին էլ մայիսի 9-ի համարում տեղեկացրել է «Ակօսը», ապա այնտեղ ասված է. «Սասունի գավառում եւ գյուղերում դեռեւս հնարավոր չի եղել գույքագրել պատմամշակութային հուշարձանները: Նահանգապետարանը մարդկանց միջամտության պատճառով եկեղեցիների եւ գերեզմանների ավերման կամ որպես ախոռ օգտագործման փաստերի մասին որեւէ դիմում-բողոք չի ստացել: Խնդրո առարկա հուշարձանները շուրջ 100 տարի առաջ շրջանից հայերի հեռացման պատճառով լքվել են, դրա համար էլ միանգամայն բնական պետք է համարվի եկեղեցիների եւ գերեզմանների բնակլիմայական գործոնի ազդեցությամբ ավերումը»:
Թուրքական իրականության մեջ հայկական վանքերի, եկեղեցիների, գերեզմանների ավերումն ու անարգումը սովորական երեւույթ է: Սակայն միանգամայն անսովոր է, երբ Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի սասունցիների փոխօգնության մշակույթի եւ համերաշխության հայկական միություն են ստեղծում, միության նախագահ Ազիզ Դաղըջիի թուրքական անուն-ազգանունը չի խանգարում, որ նա հանդես գա հայկական ինքնությամբ, Լոզանի պայմանագրի մասին թուրքական իշխանություններից հիշեցնելիս «մենք, հայերս» ասի, պայքարի գոնե Գոմք եւ Արծվիկ գյուղերի հայկական եկեղեցիների գերեզմանների վրա համայնքային իրավունքների վերականգնման համար:
Ի դեպ, այն եկեղեցիներից, որոնց համար պայքարում է միության նախագահը, Սուրբ Պետրոս առաքյալի վանքը կառուցված է Մարութա սարի ստորոտին, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցին` գագաթին: Ինչ վերաբերում է հայկական գերեզմաններին, ապա նրանցից միայն Գոմք գյուղինը ունի 4 հեկտար տարածք:
Հ. ՉԱՔՐՅԱՆ