«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ԲԼՈԳ. ՄՐՑԱԿԻՑ, ԹԵ՞ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի մամուլի ակումբը, «Թիմ» հետազոտական կենտրոնը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ, Աղվերանում սեմինարների կարգով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրամցրին մի շարք զեկուցումներ, որոնցով փաստորեն մի տեսակ ամփոփում էին նախագահական ընտրություններին նախորդող շրջանի քարոզչության ժամանակի վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ նախընտրական ժամանակին էլ նախորդող` 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վերաբերյալ վերլուծություններ: Զեկուցումների թեմաները խոսուն են` «Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2008 թվականի նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները», «Հանրային նշանակության խնդիրները ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ելույթներում», «Ընտրությունների շրջանում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության փոփոխությունների ազդեցությունը լուսաբանման վրա»: Զեկուցումներ կային նախագահական ընտրությունների ժամանակ ներքին եւ արտաքին խնդիրները ԶԼՄ-ներում լուսաբանելու վերաբերյալ: Ասենք, որ երիտասարդ լրագրողներին այդ սեմինարներն իսկապես աջակցություն էին, սակայն մենք չենք մանրամասնի թեմաները, քանի որ վերը նշված կազմակերպություններն իրենց դիտարկման հանգրվանային արդյունքները մամուլի ասուլիսներով ներկայացրել են, այդ թեմաներով եզրահանգումները մասամբ հնչելու են Ազգային ժողովում մայիսի 4-ին անցկացվելիք լսումներին, չկրկնենք: Սակայն մի թեմա, կարծում ենք, ավելի լայն ընթերցողին հետաքրքրող, կներկայացնենք, օգտվելով «Ինտերնետային բլոգները 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ» զեկուցման հեղինակ Արթուր Պապյանի ուղղորդումներից եւ մեր դիտարկումներից:


Նախագահական ընտրություններից մի փոքր առաջ եւ հետընտրական շրջանում, հատկապես արտակարգ դրության ընթացքում ինտերնետը դարձել էր մինի պատերազմների տարածք` բացվեցին բազմաթիվ բլոգներ, որտեղ կարելի էր ոչ միայն սեփական տեսակետներ հայտնել, այլեւ տեղեկատվություն փոխանակել: Անտեղյակ ականջի համար ասենք, որ բլոգը ինտերնետային անհատական թողարկման պես մի բան է, որը ստեղծում են անհատները (բլոգերները): Բլոգները հիշեցնում են պարզունակ էլեկտրոնային թերթեր, որոնք խիստ անհատական բնույթ են կրում, այստեղ եղած տեղեկատվությունը կարող է խիստ սուբյեկտիվ լինել, թեեւ կան օբյեկտիվ լրատվամիջոցի իմիջին ձգտող մի շարք բլոգներ: Բլոգների շատ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ ընթերցողին մեկնաբանություններ անելու հնարավորություն են տալիս: Իհարկե, համաշխարհային ցանցում հայտնի բլոգներն ու մեր տեղականներն իրար հետ համեմատելի չեն, քանի որ, օրինակ, Endganget blog.-ը կամ BBC. com-ը 40-45 մլն այցելու ունեն, իսկ ամեն րոպե աշխարհում հրապարակվում է 100 հազարից ավելի բլոգային հոդված: Հայաստանն ընդհանրապես, Միջազգային հեռահաղորդակցման միության տվյալներով, ընդամենը 172 հազար ինտերնետ օգտագործող ունի (բնակչության 5,8 տոկոսը): Թեեւ` «Արմենտելի» առաջարկած ինտերնետային այլընտրանքային կապի շնորհիվ ինտերնետից օգտվողների թիվը պետք է ավելացած լինի: «Եվրասիա» հիմնադրամի մի այլ ուսումնասիրություն Հայաստանում ինտերնետ թափանցելիության 27 տոկոս է նշում: Այս թվերի ֆոնին, «Youtube»-ում գոյություն ունեցող վիդեոբլոգների հետ մեկտեղ` հայկական հայտնի բլոգների թիվը մոտ 3000 է, քիչ թե շատ Հայաստանում օրական 250 բլոգ է դրսեւորվում, որոնք օրական 1-2 կամ շաբաթական 2-3 նյութ են հրապարակում: Խոսքը ոչ թե այս կամ այն լրատվամիջոցից ծաղկաքաղի մասին է, այլ սեփական հոդվածի, նյութի կամ տեսակետի:

Ըստ Արթուր Պապյանի` հայկական ամենաճանաչված բլոգները 400-1000 ընթերցող ունեն օրական, սա Պապյանը վատ թիվ չի համարում` եթե «Առավոտն» օրական 800, «Հետքը»` 800-ին մոտ, Ա1+-ը 4000-5000, «Ազգը»` 150 այցելու է ունենում. այստեղ չենք կարող ասել, թե Ա. Պապյանի թվերը որքանով են հավատ ներշնչում, նշածս լրատվամիջոցներն իրենք կարող են իրենց թվերը հրապարակել, բայց «Ազգի» մասով ասենք, որ մեր կայքէջի այցելուների թիվը, նույնիսկ անտեղյակ մարդու համար էլ պարզ է, որ իրականությունից սարեր-ձորեր հեռու է: Մեր ընթերցողին եւ բլոգների մասնագետ Արթուր Պապյանին, որ շարունակելու է այս թեմայով զեկուցումներ կարդալ եւ համեմատություններ անել, տեղեկացնենք, որ «Ազգի» ինտերնետային կայքում եւս արտացոլված «Rambler»-ի սերվերի հաշվիչն ամեն օր նվազագույնը 2 հազարին մոտ այցելուների թիվ է ցույց տալիս, իսկ ավելի թեժ օրերին` մինչեւ 5-6 հազար: Բայց սա միայն «Rambler»-ի ցուցիչն է, մինչդեռ «Ազգը» սերվերներ ունի Նյու Յորքում եւ Վիեննայում, որոնց այցելուների թվերը մենք չգիտենք, այնպես որ այս թիվը գուցե կրկնակի-եռակի է: «Ազգի» ինտերնետային կայք են այցելում աշխարհի 103 երկրներից, իսկ ինտերնետային լրատվության հանդեպ վստահության ամենաբարձր ցուցիչը մեր թերթինն է:

Վերադառնանք բուն նյութին. Արթուր Պապյանը եւ բոլոր ինտերնետից օգտվողներս նկատել էինք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բլոգները սկսեցին ակտիվորեն քաղաքական խնդիրներ քննարկել, դրանց մի մասը պաշտպանում էր իշխանական թեկնածուներին եւ կուսակցություններին, աչքի ընկնում պահպանողական հայացքներով, մյուս մասը խիստ ազատական տեսակետներ էր հայտնում եւ կռիվ էր տալիս Տեր-Պետրոսյանի համար: Ստեղծվեցին նաեւ մի շարք բլոգներ, որոնք լրագրողներ էին վարում, օրինակ` Արտակ Ալեքսանյանը, Գեղամ Վարդանյանը, Մարկ Գրիգորյանը, ֆոտոլրագրող Օնիկ Գրիգորյանը եւ այլք: Հետո նաեւ լրատվամիջոցները բլոգներ ստեղծեցին, օրինակ` «Ա1+ը», «E channel»-ը: Նախագահական ընտրությունների ժամանակ «Հետքի» բլոգը փակվեց, որտեղ շատ էր հայհոյանքը (բառիս բուն իմաստով):

Ըստ Ա. Պապյանի` Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սեպտեմբերի 21-ից հետո ակտիվորեն բլոգները ծառայեցնում են իրենց քարոզչությանը, այսինքն` խիստ անհատական-ինտերակտիվ հաղորդակցման միջոցից բլոգը Հայաստանում վերածվում է քարոզչամիջոցի: Եթե անծանոթ մեկը փորձի հետազոտել հայկական բլոգները, նրան կարող է թվալ, որ Հայաստանում միայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, ինչը, բնականաբար, բացարձակապես սխալ պատկերացում կլինի: Տեր-Պետրոսյանի թիմի հատուկ առանձնացված մարդիկ են զբաղվում բլոգներով եւ դրանք վերածել են ակտիվ քարոզչական միջոցի: Նրանց հակակշռում են մի քանի, այդ թվում` երկու դաշնակցական բլոգներ, մեկըՙ Հայաստանից, մյուսըՙ սփյուռքից: Ըստ Ա. Պապյանի դիտարկումների` արդեն հունվարին պարզ դարձավ, որ բլոգներն ակտիվ ընթերցում են համապատասխան ծառայությունները, քանի որ հատուկ ուղղվածությամբ պատասխանում էին, ինչը Պապյանին ռեսուրսների անիմաստ վատնում է թվում, քանի որ լեւոնական բլոգների ընթերցողները միջինն օրական 600 մարդ են: Պապյանը ակտիվ բլոգներից մեկն անվանեց Հ1-ի աշխատակից Ռուբեն Մուրադյանի «Uzogh» անունով բլոգը, որը նաեւ հետաքրքրական է: Ընդհանուր առմամբ երկու կողմերը ներկայացնող բլոգները քաղաքական թեժ օրերին կիսել են «Հայլուրի» եւ «Հայկական ժամանակի» առաջադրած օրակարգը` փոխադարձ «հաճոյախոսություններով», բայց կան նաեւ լուրջ բլոգներ, որոնցից մեկն էլ Պապյանի «Ditord» անվանված բլոգն է: Լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանն իր բլոգում հրապարակում էր իր ֆոտոները, որոնցից մեկը` հայտնի բռունցքները, Տեր-Պետրոսյանի թիմը դարձրեց իր խորհրդանիշն` առանց նրան հարցնելու, հաջորդեցին մի շարք սկանդալներ` Օնիկն իր հեղինակային իրավունքն էր պահանջում:

Ընտրություններից մի քանի օր անց եւ մարտի մեկից հետո ինտերնետը լցվեց վիդեոբլոգներոով, զանազան տեղեկատվությամբ, սրանք արտակարգ դրության տեղեկատվական քաղցը հագեցնելուց զատ` նաեւ միտումնավոր ապատեղեկատվություն էին տարածում, զանազան նպատակներով: Փաստորեն ահա մի անհեթեթ վիճակ, երբ պետությունում հայտարարված արտակարգ իրավիճակը չի ազդում ինտերնետային տեղեկատվության վրա. կարելի էր, իհարկե, բլոգ փակել, բայց մեկը եթե ջնջվեր, տեղը 10 ստեղծվում էր:

Ահա մի հիանալի օրինակ, երբ պետք է ոչ թե արգելել, այլ նույն ծավալով եւ եռանդով հակակշռել ապատեղեկատվությունը, ինչը, բլոգների մակարդակով, փաստորեն չի արվել:

Ի դեպ` նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանը եւս բլոգ ուներ, այժմ էլ այդ բլոգը վարում են: Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցի ժամանակ ուղղված ինտերնետային հարցերի մեծ մասը հենց բլոգերներն են ուղղել, որոնցից 65-ին Ս. Սարգսյանը եթերում պատասխանեց, հետո էլ ինտերնետով 325-ը պատասխաններ ստացան, սակայն, Ա. Պապյանի տվյալներով, 625 հարցերից 300-ը ցայսօր չեն պատասխանված:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Մենք ձեռնպահ ենք մնում հայկական բլոգներից առավել հայտնիների ամբողջական անունները մեջբերելուց` դա համարելով ավելորդ գովազդ: Ավելացնենք միայն, որ Տեր-Պետրոսյանի թիմակիցները շարունակում են նորանոր քարոզչական բլոգներ ստեղծել, որոնցից «Boycott»-ին անդրադարձել էր նաեւ կիրակնօրյա «Հայլուրը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4