Տղամարդը իր կյանքի ընթացքում պետք է տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի: Ու երջանիկ է այն մարդը, ով կարող է ասել, որ իր կյանքի այդ շատ կարեւոր առաքելությունը իրեն հաջողվել է կատարել: Սակայն այսօր էլ բազմաթիվ են ընտանիքները, հատկապես բազմազավակ, որոնք զուրկ են սեփական օջախից եւ որոնց միակ երազանքը սեփական տանիք ունենալն է: Ու երբ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Մարտունիի եւ Վարդենիսի երեք բազմազավակ ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան նվիրեց, ուրախությունն անափ էր: Եվ ինչպես հետո ներկաներին պատմում էր մարտունեցի բազմազավակ ընտանիքի ավագ որդինՙ «Ինքը դեռ երազում էր տեսել, որ մի օր ապրելու են մաքուր ու գեղեցիկ բնակարանում, բայց Աստված իրեն չէր ասել, թե այդ օրը երբ է գալու»: Եվ ահա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտունեցի այդ երեխայի ու բազմազավակ մի քանի ընտանիքի ամենանվիրական երազանքն իրականություն դարձրեց եւ նրանց նվիրեց կյանքում ամենացանկալի ու թանկ բանըՙ սեփական օջախը:
Շաբաթ առավոտյան ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ. այնտեղ նրանց արդեն անհամբեր սպասում էին բազմազավակ երեք ընտանիք, որոնց կյանքի ամենակարեւոր երազանքը իրականություն էր դարձել:
Երբ մարդու հուզմունքն ու շնորհակալանքն իսկապես անկեղծ է, բառերով նկարագրելն անասելի դժվար է: Եվ շատ դեպքերում բառը անզոր է դառնում փոխանցելու այն հուզմունքն ու ուրախությունը, որ Մարտունիում եւ Վարդենիսում ապրեցին սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմազավակ այն ընտանիքները, ում Ռոզա Ծառուկյանը հանձնում էր իր որդու նվերըՙ բնակարանի բանալիները: Որովհետեւ, ինչպես թե՛ Մարտունիում եւ թե՛ Վարդենիսում ասաց ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահը. «Իմ որդուՙ Գագիկ Ծառուկյանի խոսքն անմիջապես վերածվում է արժանապատիվ գործի, եւ եթե Աստված ընտրել է իմ որդուն, ապա բարեգործություն անելը Աստծո տվածի մի մասը օգնության կարիք ունեցողներին վերադարձնելն է»: Մարտունի քաղաքում 9 զավակՙ յոթ տղա ու երկու աղջիկ ունեցող Հասոյանների ուրախությունը կիսելու էին եկել քաղաքապետը, տեղի ԲՀԿ կառույցի պատասխանատուներն ու բազմաթիվ մարտունեցիներ, որոնք տանտերերի չափ հուզված եւ ուրախ էին: Իսկ Հասոյանների ընտանիքի համար տեղի ունեցածը նման էր հրաշքի. «Ինձ թվում է, որ դեռ երազում եմ, որտեղ մենք ապրում էինք մաքուր ու սպիտակ տան մեջ, ու մտածում եմ, որ հիմա աչքերս բացեմՙ երազը կանհետանա», բոլորին պատմում էր Հասոյանների յոթ որդիներից ավագը: Նա ու իր եղբայրները Գագիկ եւ Ռոզա Ծառուկյաններին նաեւ բանաստեղծություններ էին նվիրել, իսկ ամենափոքր Հասոյանը հպարտությամբ հայտարարեց, որ մեծանաՙ կա՛մ տիեզերագնաց է դառնալու, կա՛մ Գագիկ Ծառուկյան. «Բայց ավելի շատ ուզում եմ Գագիկ Ծառուկյան դառնալ», իր ապագան նոր ու լուսավոր բնակարանում վերջնականապես որոշեց փոքրիկ տղան:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հաջորդ կանգառը մարզի Վարդենիս քաղաքն էր. 10 զավակ ունեցող Նունեյանների ու 6 զավակ ունեցող Մանուկյանների ընտանիքները եւս ստացան Գագիկ Ծառուկյանի նվերըՙ բնակարան: Վարդենիսի քաղաքապետն իր շնորհակալական խոսքում ասաց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արժանի եւ ճիշտ ընտրություն է կատարել: Այս ընտանիքներում եւս հուզմունքը մեծ էր. Մանուկյանների ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան, եւ արդեն որոշել ենՙ աղջնակը անվանվելու է Ռոզաՙ ի պատիվ Ռոզա Ծառուկյանի: Ու հետո անպայման էլի որդի են ունենալու եւ կոչելու են Գագիկ: «Հիմա արդեն ես հանգիստ եմ իմ ընտանիքի համար, իմ զավակները հայրական տուն ունեն, ու նրանք իրենց ողջ կյանքում հիշելու են, որ այս օջախը իրենց նվիրել է մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը», ասաց ընտանիքի հայր Անդրանիկ Մանուկյանը:
Օրը ավարտվեց. բազմազավակ ու կարիքավոր երեք ընտանիք եւս սեփական օջախ ունեցան: Ու հիմա արդեն այդ ընտանիքների փոքրիկների երազները շատ ավելի անխռով են լինելու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը իրականություն է դարձրել նրանց ամենացանկալի երազանքը: Եվ դա լավագույն նվերն է երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, որ ստացան մեր երկրին ապագա զինվորներ պարգեւած բազմազավակ ընտանիքները: