«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է

Երեկ Արցախում մեկնարկել են դպրոցական ավարտական քննությունները: Միասնական` Ա+Բ մակարդակի քննություններին մասնակցել է 840 շրջանավարտ, իսկ 1200 հոգի մասնակցել են Ա մակարդակի քննություններին: Նրանց թվում են նաեւ էքստեռն կարգով քննություն հանձնողներն ու անցյալ տարվա այն շրջանավարտները, ովքեր հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական քննություն չեն հանձնել:

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունից, հանրապետությունում ստեղծված է 34 քննական կենտրոն, որից միայն մեկն է նախատեսված միասնական քննությունների համար: Այն անցկացվում է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Մյուս քննական կենտրոնները բացվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Առաջին քննությունը հայոց լեզու եւ գրականություն առարկայից էր: Միասնական քննության աշխատանքները կստուգվեն ՀՀ ԿԳ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնում: Արդյունքները կհրապարակվեն հունիսի 5-ին, սակայն նրանք, ովքեր ցանկություն ունեն ավելի վաղ իմանալու իրենց գնահատականները` կարող են տեղեկանալ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջից, որտեղ արդեն տեղադրված են թեստերի ճիշտ պատասխանները:

Ավարտական քննությունների աշխատանքները ստուգվելու են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության ԳԹԿ-ում:

Անցյալ տարվա համեմատ շրջանավարտների թիվն Արցախում շուրջ 200-ով նվազել է, սակայն բարձրագույն կրթություն ստանալը շարունակում է մնալ շրջանավարտներից շատերի բաղձանքը, մանավանդ որ մասնավոր բուհերում բավական է համարվում ընդհանրապես միջնակարգի ատեստատի առկայությունը:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4