«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

ՀՀ հավաքականի վստահ ելույթները լավատեսորեն են տրամադրում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր վստահ ելույթով կրկին ուրախացրեց հայ ֆուտբոլասերներին: Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացած ընկերական մրցախաղում նախորդ հանդիպման համեմատ մեր հավաքականի մրցակիցը շատ ավելի ուժեղ էր: Մինչ հանդիպումը կարծիք կար, որ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մայրցամաքի չեմպիոն հույն ֆուտբոլիստները վերջին փորձամրցման ժամանակ ուժերի լրիվ ծանրաբեռնումով չեն խաղա: Սակայն, ինչպես ցույց տվեց հանդիպումը, Հունաստանի հավաքականը բավականին մարտականորեն էր տրամադրված եւ ամեն ինչ արեց հաջողության հասնելու համար, սակայն մեր ընտրանու վստահ խաղն ի չիք դարձրեց նրանց բոլոր ջանքերը:

Արդարությունը պահանջում է խոստովանել, որ մեկ-երկու դրվագներում մարզական բախտը ժպտաց մեր ֆուտբոլիստներին, երբ անվստահ խաղաց դարպասապահ Գեւորգ Կասպարովըՙ ձեռքից բաց թողնելով գնդակը: Սակայն, բարեբախտաբար, հույները չօգտվեցին դարպասը գրավելու նպաստավոր պահերից: Իսկ ընդհանուր առմամբ, թեեւ երկրորդ խաղակեսին հույները մեծ ակտիվություն դրսեւորեցին, սակայն այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ մեր դարպասին: Պատճառը մեր պաշտպանների վստահ գործողություններն էին, որոնք այս անգամ գրեթե անթերի էին գործում: Իսկ ահա առջեւի գծում, հատկապես ընդմիջումից հետո, մեր ֆուտբոլիստների խաղը չստացվեց: Հայաստանի հավաքականը գրոհում էր փոքր ուժերով, հաճախակի կոմբինացիաները խափանվում էին տուգանայինի մատույցներում: Երբեմն էլ մեր հարձակվողները չարաշահում էին անհատական խաղը: Սովորականից պասսիվ էր բրազիլացի Մարկոսը, որին խաղընկերները երբեմն մոռանում էին գնդակներ մատակարարել: Իր ակտիվությամբ կրկին աչքի ընկավ Լեւոն Փաչաջյանը, սակայն նրան միայնակ դժվար էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Այնուամենայնիվ, 15-րդ րոպեին նա կարող էր բացել հաշիվը, երբ օգտվելով Կիրյակոսի սխալից, աջ թեւով առաջ խոյացավ ու փորձեց դիպուկ հարվածով խոցել դարպասը: Սակայն հաջող խաղաց հույների դարպասապահ Նիկոպոլիդիսը: Դա մեր հավաքականի ստեղծած գոլային ամենաիրական պահն էր: Մեր ֆուտբոլիստներն իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաեւ խաղավերջումՙ միառժամանակ տիրելով նախաձեռնությանը: Հիշարժան էր Արթուր Մինասյանի ճշգրիտ փոխանցումից հետո Արարատ Առաքելյանի ընթացքից հարվածը, որը ցավոք բարձր ստացվեց: Իսկ խաղային մի դրվագում էլ Փաչաջյանի փոխանցումից հետո քիչ էր մնացել Անցասը գնդակն ուղարկեր սեփական դարպասը: Հարկ է նշել, որ մեր ֆուտբոլիստները հույներին նույնիսկ գերազանցեցին ֆիզիկական պատրաստությամբ, թեեւ մրցակիցն ընդմիջումից անմիջապես հետո հինգ փոխարինում կատարեց:

Այսպիսով, երկրորդ խաղում եւս գրանցվեց ոչ-ոքի: Յան Պոուլսենի գլխավորությամբ սա մեր հավաքականի անցկացրած արդեն 6-րդ հանդիպումն էր, որոնցից 3-ում հաղթել են հայ ֆուտբոլիստները, 2-ն ավարտել են ոչ-ոքի եւ զիջել են միայն մեկ խաղում: Այս արդյունքները հուսադրող են: Մնում է ավելի կայունացնել առանձին օղակների, հատկապես հարձակման գծի խաղը, խնամքով օգտագործել գոլային պահերը: Այդ դեպքում, անկասկած, հավաքականն ի զորու է ավելի լավ արդյունքների հասնել: Հայաստանի հավաքականը վաղն Օֆենբախում իր վերջին հանդիպումը կանցկացնի: Մրցակիցը կլինի գերմանական «Կիկերսը», որն ընթացիկ մրցաշրջանում դուրս է մնացել 2-րդ բունդեսլիգայից: Կարծում ենք, որ այդ խաղում մեր հավաքականից հաղթանակ պետք է ակնկալել: Իսկ հույների հետ խաղում մեր հավաքականի կազմն այսպիսին էր. Գեւորգ Կասպարով, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Լեւոն Փաչաջյան, Գեւորգ Ղազարյան (Սամվել Մելքոնյան, 60), Համլետ Մխիթարյան (Արթուր Մինասյան, 65), Մարկոս Պիզելի (Արա Հակոբյան, 54):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4