«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՆԱԽԻՋԵՎԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ

Այցի նախօրյակին Ադրբեջանի նախագահը վերստին սպառնաց Հայաստանին

Հունիսի 3-ին Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Մեթյու Բրայզային, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանը, առանց որեւէ նախապայմանի, չազատի ադրբեջանական տարածքները, ապա իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Այսինքն` նա Հայաստանին սպառնալիս Բրայզային էլ նախազգուշացրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մոտալուտ է պատերազմի վերսկսման վտանգը:

Ի՞նչ արձագանք է տվել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Աբիեւին, հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ պատերազմի վերսկսման դեպքում ուժերի հավասարակշռությունը կտրուկ կխախտվի հակամարտության գոտում, ինչը կհանգեցնի միջազգային ուժերի քաղաքական հաշվարկների խախտմանը եւ դա անխուսափելիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակի վրա: Այսպիսով ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ, ի դեմս Ֆրանսիայի Եվրոմիությունը ստիպված կլինեն նախաձեռնությունը զիջել Ադրբեջանին, ընդ որում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հարավային Կովկասում:

Այլ կերպ` ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման յուրաքանչյուր փորձ անհաշվենկատ ոտնձգություն կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի համատեղ նախաձեռնությանը, որը հանդուրժելու դեպքում վերջիններս կվտանգեն իրենց միջազգային հեղինակությունը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Թերեւս այս ամենի առումով պատահական չէ քաղաքական սեփական նախաձեռնությունների նկատմամբ միջազգային ուժերի խանդոտ վերաբերմունքը:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ԵՄ-ը նախաձեռնությունը չեն կարող զիջել, այն էլ Ադրբեջանի պես ինչ-որ պետության: Նրանք այդ սովորությունը չունեն: Բայց որ ոտնձգության համար կարող են վերջինին պատժել, անվիճելի է: Այս պարզ ճշմարտությունը հավանաբար հասկանում է նաեւ Աբիեւը, դրա համար էլ ընդամենը նախազգուշացրել է Բրայզային: Սակայն նրա նախազգուշացումը` որպես պատերազմը վերսկսելու պատրաստակամության դրսեւորում, հանգում է շանտաժի:

Սա նշանակում է, որ Հայաստանին պատերազմով սպառնացող Աբիեւը Բրայզային շանտաժի ենթարկելու միջոցով էլ ԱՄՆ-ին է սպառնում, թե Ադրբեջանը հակամարտության գոտում սպառնալիքի տակ կդնի ԵԱՀԿ ՄԽ-ի նախաձեռնությունը: Քանի որ նախաձեռնությունը թիրախ է նաեւ շանտաժի պարագայում, ուստի շանտաժը միջազգային ուժերի համար այնքան անընդունելի է, որքան նախաձեռնության դեմ կատարվող ոտնձգությունը: Եթե Աբիեւը մտաբերի նախորդ պատերազմի փորձությունը, ապա կզգա սպառնալիքի եւ շանտաժի սնանկությունը եւ, վերջապես, ի վիճակի կլինի հասկանալու վերոհիշյալ պարզ ճշմարտություններից գոնե մեկը:

Նախազգուշացնելու պարագայում, ինչպես երեւում է, խնդիրը սոսկ Աբիեւը չէ, որովհետեւ մինչ վերջինը Բաքվում Բրայզային էր զգուշացնում, նույն օրը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն մեկնած Իլհամ Ալիեւը Ջուլֆայում նախազգուշացրել է Հայաստանին. «Ադրբեջանն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում ուժ գործադրելու եւ ազատելու Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Նա Հայաստանին բնութագրել է որպես թշնամու եւ ասել է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բանակը ամեն պահի պետք է պատրաստ լինի դիմակայության, որովհետեւ դեմ-հանդիման կանգնած է թշնամու դեմ:

Ադրբեջանի նախագահի սպառնալիքը նույնպես սնանկ է, պարզապես Ալիեւը դա համապատասխան արձագանքի ակնկալիքով հնչեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Նախիջեւան կատարած այցի նախօրյակին: Երեկ Նախիջեւանում երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաեւ Ղարաբաղի հիմնահարցը:

Հանդիպման ավարտին մամուլի ասուլիսում վարչապետ Էրդողանն ասել է. «Մենք էլ ենք ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ միջազգային նորմերին համապատասխան իր լուծումը: Աջակցության հարցում շարունակելու ենք ցուցաբերել նույն վճռականությունը: Պատրաստ ենք անել այն, ինչ անհրաժեշտ է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության եւ դրա պահպանման համար»: Էրդողանը միաժամանակ նշել է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու հիմնարկեքի արարողությունը կկատարվի հուլիսին: Նրան է լրացրել Իլհամ Ալիեւը, ընդգծելով, որ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցության անհնար է որեւէ նախագծի իրականացումը տարածաշրջանում:

Կողմերը միաժամանակ համաձայնության են եկել Բաքու-Կարս եւ Նախիջեւան-Ստամբուլ երթուղով փոխադարձ չվերթեր կազմակերպելու, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող այցագրային ռեժիմը Ադրբեջանում վերացնելու հարցերում:

Այս ամենի մասին տեղեկացել ենք թուրքական հանրային հեռուստատեսության կայքէջում: Այնտեղ հրապարակված նյութը հիմք չի տալիս ենթադրելու, որ Հայաստանին սպառնալու հարցում վարչապետ Էրդողանը արդարացրած լինի Իլհամի ակնկալիքները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4