Կոչ են անում թուրք մտավորականները Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուին
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումը, երեւան հանելով ժխտողականության սնանկությունը, թուրքական պաշտոնական շրջանակներին փաստորեն զրկել է հակաքայլերի հնարավորությունից: Գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով այդ շրջանակներն սկսել են կառչել երկու հաղթաթղթից: Առաջինը «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկն է, երկրորդը` Հայաստանի եւ հայերին հասցեագրվող ամբաստանությունները, թե հայկական արխիվները փակ են:
Ամբաստանությանը իրականի տեսք տալու համար Թուրքական պատմական ընկերության նախագահ պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն «Հուրիեթին» հայտարարել էր. «Բոստոնի ՀՅԴ կենտրոնական արխիվի բացման համար անհատույց 20 մլն դոլար առաջարկեցի, սակայն ոչ ոք տեղից չշարժվեց»:
Թուրքական թերթը այս հայտարարությանն անդրադարձել էր նախՙ մայիսի 19-ին նրա հետ արված հարցազրույցում, իսկ մայիսի 20-ի համարում առաջարկը դարձնելով առաջնորդող լուր, առաջին էջում գրել էր, որ Հալաչօղլուն մարտահրավեր է նետում հայկական սփյուռքին, ընդ որում առանց նշելու, թե վերջինը ե՞րբ է առաջարկ արել, ո՞ւմ է ներկայացրել, հանդիպե՞լ է առաջարկի հասցեատերերին, եթե ոչ, նրա փոխարեն ո՞վ է կատարել այդ պարտականությունը:
Այս բացթողումները, սակայն, չէին խանգարել, որ Հալաչօղլուի մարտահրավերի մասին «Հուրիեթի» հրապարակումը մեծ ոգեւորություն առաջ բերի թուրք հասարակությունում: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ 20 մլն դոլարը, անկախ առաջարկի ամբարտավան ոճից, լուրջ բնույթ էր հաղորդում դրան եւ դարձնում համարձակ: Միաժամանակ հասարակությունը դրանով համոզվում էր, որ Հալաչօղլուն մտահոգված է միայն ճշմարտության բացահայտմամբ, ուստի պետք է դիմի համարձակ քայլերի:
«Ազգը» մայիսի 22-ին արձագանքեց Հալաչօղլուի առաջարկին, իսկ մայիսի 30-ին «Բոստոնի ՀՅԴ կենտրոնական արխիվը բաց է» վերնագրով ներկայացրեց արխիվի պատասխանատու Թաթուլ Սոնեց-Փափազյանի պատասխանը, որ հրապարակվել էր «Արմինյն ռիփորթերի» մայիսի 24-ի համարում:
Չնայած թուրքական հասարակական կարծիքի ոգեւորությանը, Հալաչօղլուի առաջարկը նաեւ հակազդեցություն առաջ բերեց թուրք մտավորականների շրջանում: Դրան արձագանքեցին «Թարաֆ» թերթի մայիսի 25-ի համարում «Դաշնակների արխիվը թո՛ղ, օսմանյանո՛վ զբաղվիր» վերնագրով Այշե Հյուրը, «Էվրենսելի» մայիսի 27-ի համարում «Պատմաբանները հազիվ թե հանգուցալուծեն այս թնջուկը» վերնագրով Ռագըփ Զարաքոլուն, իսկ «Ենի ակտուելի» մայիսի 29-ի համարում «Պատմաբանները առաջարկ ունեն Բոստոնի հայկական արխիվին 20 մլն դոլար տրամադրող Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին» վերնագրով Ստամբուլի «Բիլգի» համալսարանի դասախոսները, որոնց խնդրանքով` նաեւ Թաներ Աքչամը, որն ասել է. «Իմ կարծիքով, առաջարկն ինքնին չափազանց անհարգալից է: Ի վերջո հայտնի է արխիվի հասցեն: Եթե առաջարկ ես անում, ապա պաշտոնապես պետք է դիմես, այլ ոչ թե թերթերի միջոցով դրա մասին հայտարարես»:
Այշե Հյուրը հոդվածում Հալաչօղլուի առաջարկին հակադրում է Աքչամի այս տարի «Հայկական հարցը լուծված է» վերնագրով լույս տեսած աշխատությունը, որտեղ գրքի հեղինակը կարծիք է հայտնել, թե ցեղասպանության թուրքական թեզը նույնիսկ օսմանյան արխիվներն են հերքում, որքան էլ դրանք զտված լինեն: Հոդվածագիրը, ելնելով այս կարծիքից, գրում է. «Եթե Հալաչօղլուն դաշնակցական արխիվի մասին ելույթով չի փորձում հասարակական ուշադրությունը շեղել Աքչամի գրքից, ապա թուրք հասարակությանը եւս որոշակի ժամանակով զբաղեցնելու առաջադրանք է կատարում: Գուցե Թուրքական պատմական ընկերությունը չի ընկալում, սակայն համաշխարհային հասարակական կարծիքն այդ հարցում (Հայոց ցեղասպանության) որոշակի տեսակետ արդեն ունի: Հակառակ պաշտոնական շրջանակների պնդումներին, թուրքական կողմը դեռեւս չի բացել իր արխիվները: Օրինակ, երկրում արգելված է խնդրո առարկա ժամանակահատվածին առնչվող անշարժ գույքի առուվաճառքի մատյանների ուսումնասիրությունը: Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի ռազմական պատմության, ռազմավարության ուսումնասիրման եւ վերահսկողության գլխավոր վարչության արխիվին, ապա այնտեղ ներթափանցելը գրեթե անհնար է: Թեեւ հայերի տեղահանությունն ուսումնասիրելու համար խիստ կարեւոր է նաեւ վարչապետարանին առընթեր օսմանյան արխիվը, սակայն քարտագրման աշխատանքների անավարտ վիճակի եւ կառավարական քաղաքականության պատճառներով հնարավոր չէ նյութերի ազատ օգտագործումը: Ժամանակին հարցաքննել էին արխիվում աշխատող գիտնականներին, վավերագրերը չէին տրամադրում, նույնիսկ արխիվից էին վտարում նրանց»:
Այշե Հյուրը, վկայակոչելով Աքչամի վերոհիշյալ աշխատությունը, հերքում է ցեղասպանության թուրքական թեզին ի նպաստ Հալաչօղլուի արտահայտած տեսակետը, ընդգծելով, որ օսմանյան ռազմական ատյանը 1397 հանցագործների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ներառյալ մահապատիժը, ոչ թե հայերի դեմ բռնություն գործադրելու, այլ վերջիններիս թողած գույքը կողոպտելու, թալանի, գողության, կաշառակերության եւ ունեցվածքը յուրացնելու մեղադրանքով:
Հոդվածագրին լրացնում է Զարաքոլուն, գրելով. «Չափազանց հետաքրքրական է Հայոց ցեղասպանության հարցին Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուի մոտեցումը: Քանի որ հազարավոր տարիներ աշխարհագրական միեւնույն վայրում բնակվող մի ամբողջ ժողովուրդ գոլորշանալ չէր կարող, ուստի նա ճարահատյալ հասկացնում է, թե հայերի մի մասը կրոնափոխ եղավ, փոխեց ինքնությունը: Եթե այդ հատվածի վրա ավելացնելու լինենք սփյուռքում բնակվողներին, ապա կստացվի, որ հայերը չեն անհետացել, հետեւաբար «հայերի ցեղասպանություն» լինել չի կարող: Սակայն չստացվեց: Այս պայմաններում նա այլ բացատրություն չգտավ, քան հայերի տեղահանությունը պայմանավորելը Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությամբ: Չէ՞ որ ամեն ինչում հեղափոխականներն են մեղավոր: Այս մոտեցմամբ ՀՅԴ արխիվի բացման դեպքում դաշնակցականները դառնալու են 1915-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն: Ազգայնականները օգտագործում են այս հնարքը: Իհարկե, տեղահանության ճանապարհին հիվանդությունների, ավազակային հարձակումների հետեւանքով հայերի կրած «աննշան կորուստներն» էլ շատ բնական է: Հալաչօղլուն ասում է. «Մենք գումար ենք առաջարկել, թող ՀՅԴ-ն արխիվները բացի»: Մինչդեռ ինքը հրաժարվել էր համատեղ աշխատանքներ կատարելու շվեդ պատմաբան Գունթի առաջարկից, երբ աշխատանքների իրականացման համար կար հատկացված գումար, ավելին, դա համապատասխանում էր «պատմաբանների համատեղ ուսումնասիրությունների» մասին վարչապետ Էրդողանի առաջարկի ոգուն»:
Ինչ վերաբերում է «Բիլգի» համալսարանի դասախոսներին, ապա նրանք էլ, ի դեմս դոցենտ Լեւենթ Յըլմազի, Հալաչօղլուին են դիմում հետեւյալ կոչով. «Եթե այդքան գումար ունեք աջ, ձախ բաժանելու, ապա հատկացրեք վարչապետարանին առընթեր գործող արխիվին, որ ավարտվի վավերագրերի քարտագրումը, դրանք թվայնացվեն եւ օգտագործելի դառնան գիտնականների համար»: Այնուհետեւ դասախոսները թուրքական պատմական ընկերության նախագահին հիշեցնում են Աքչամի գրածը. «Վարչապետարանին առընթեր Ստամբուլում գործող արխիվում աշխատում են մի քանի լուրջ պատմաբաններ: Սակայն նրանք, որպես արխիվի ղեկավարներ, չեն կարողանում կատարել իրենց պարտականությունը: Օրինակ` նրանցից Մեհմեդ Ուլուըշըքը զրկվել է արխիվում աշխատելու իրավունքից, զրկվելով նախապես Թուրքիայի քաղաքացիությունից, եւ տեղափոխվել Գերմանիա: Երբ նա, որպես գերմանահպատակ, արխիվում ուսումնասիրություններ կատարելու համար եկել էր Թուրքիա, նրա մուտքը երկիր հենց օդանավակայանում արգելել եւ նույն ինքնաթիռով հետ էին ուղարկել:
Ի դեպ, «Բիլգի» համալսարանի դոցենտն իր հերթին պատմում է, որ Աքչամին էլ զրկել են թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվից օգտվելու հնարավորությունից եւ ավելացնում. «Օսմանյան արխիվները բառիս բուն իմաստով մաքրվել են, ոչնչացվել փաստաթղթերը: Որոշ փաստաթղթեր էլ անհետ կորել են: Եթե այդպես է, ապա կարելի էր ուսումնասիրել 1914-ի եւ 1916-ի գույքագրման մատյանները եւ համեմատել դրանք»: Սակայն պատմաբանի այս պահանջն էլ բախվում է անշարժ գույքի եւ կադաստրի գլխավոր վարչության, ինչպես նաեւ ազգային անվտանգության խորհրդի արգելքին: Ի վերջո, որքան էլ մաքրազարդված լինեն օսմանյան արխիվները, պահպանվող վավերագրերի քննական ուսումնասիրությունը բավական է լինելու թուրք գիտնականներին, որ նրանք թեկուզ իրենց համար բացահայտեն 1915-ի իրադարձությունների ճշմարտությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ