«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՆԿԱԽ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեցին լսումներ` նվիրված ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորման խնդիրներին: ԶԼՄ-ների, տեղեկատվության ազատության օրենքները եվրոպական չափանիշներով համարվել են առաջադիմական, հեռարձակման ոլորտը կարգավորող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, «Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքը» եւ «Գովազդի մասին» օրենքը դեռեւս բարեփոխման կարիք ունեն, դեռ խնդիրներ կան` անկախ կարգավորման մարմնի եւ բուն հեռուստատեսության անկախության տեսակետից: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը , որին հանձնաժողովը դիմել էր օրենքը փոփոխելու առիթով իր տեսակետները հայտնելու, նկատեց, որ, իհարկե, օրենքում անհրաժեշտ է մեխանիզմներ դնել, որոնցով կբացառվեին էլեկտրոնային լրատվամիջոցների բացերը, սակայն ներկա օրենքով էլ, եթե ցանկություն ու կամք լիներ, ուրիշ դաշտ կունենայինք լրատվամիջոցների համար: Հեռահար փոփոխությունները թողնելով հետագային` Ա. Հարությունյանը խոսեց այն արագ փոփոխությունների մասին, որոնք անհետաձգելի են. դրանք վերաբերում են հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգին, նրա վերահսկողության իրականացմանը: Խոսքը պետք է վերաբերի ոչ միայն մրցութային կարգով հանձնաժողովի անդամների ընտրությանը, այլեւ նրանց (8 անդամների) գործադիր այլ օղակներում չաշխատելուն եւ գործադիրից կախված չլինելուն, էլեկտրոնային լրատվամիջոցներում շահեր չունենալուն, պետք է սահմանվեն նաեւ այն սկզբունքները, թե ո՞վ կարող է լինել հանձնաժողովի անդամ. ասենք` բացի հարգված մարդ լինելուց, նաեւ կարելի է կարեւորել ՀԿ կամ լրագրողական կազմակերպություն ներկայացնելը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որ գործող օրենսդրությամբ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին, փոփոխություններով պետք է նաեւ անդրադարձ անի, թե քաղաքական ուժերին ի՞նչ տեղ է տրվել եթերում եւ լրատվական թողարկումներում:

Ա. Հարությունյանը նաեւ խոսեց Հանրային հեռուստառադիոընկերությունում ներքին օմբուդսմենի ինստիտուտի ներդրման մասին, ով պետք է նույնպես ներքին խնդիրներով զբաղվելուց բացի` հաշվետվություն ներկայացնի ԱԺ: Ա. Հարությունյանը տեղյակ պահեց, որ ԵԱՀԿ գրասենյակի հետ Հանրայինի աջակցության լայն ծրագիր է սկսվել, որի միջոցառումներն ուղղված են լինելու Հանրային ռադիոհեռուստաընկերությունը եվրոպական ընդունելի մոդելի բերելուն:

Ֆինանսական խնդիրները եւս կարեւորվեցին որպես անկախության գործիքներից մեկը: Հարցադրումներ անող պատգամավորները հղումներ արեցին հենց Ա. Հարությունյանի ելույթին, որ ասում էր, թե այս օրենքով էլ կարելի է մեր սահմանադրական իրավունքներն իրականացնել` եթե կամք լինի. Անահիտ Բախշյան . «Մենք գիտենք մեզ ով է խանգարում, ձեզ ո՞վ է խանգարում»: Ստյոպա Սաֆարյանը գտավ, որ օրենքը բաց է թողել եթերային քաղաքականության սահմանման խնդիրը, բացի այդ` կարեւոր է, ո՞վ է անցկացնելու մրցույթները: Ա. Հարությունյանը ընդունելի համարեց եթերային քաղաքականությանը միջամտելը, եթե միայն ԱԺ-ն օրենքով սահմանվի, թե ի՞նչ է ուզում տեսնել Հանրայինով: Գովազդի օրենքը խախտելու վերաբերյալ բուռն տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ակումբը ներկայացնող Մեսրոպ Հարությունյանը . Հանրայինը եւ մյուս հեռուստաընկերություններն ամեն րոպե խախտում են գովազդի` օրենքով սահմանված տեւողությունն ու հաճախականությունը, քանի որ գիտեն` չեն պատժվելու: Գովազդի խնդիրն այնքան էլ դյուրին չէ ըստ Ա. Հարությունյանի. որ առաջին ալիքով գովազդային գումարները 8-10 մլն դոլար են կազմում («Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց)` ճիշտ չէ, որովհետեւ իր գովազդի իրավունքը Հանրայինը վաճառել է մասնավորին, իսկ ընդհանրապես իրականությունն այն է, միջազգային հեռուստաչափումներ իրականացնող ընկերությունների գնահատականով, որ Հայաստանի գովազդային շուկան այս տարի կկազմի 12-15 մլն դոլար, եւ բնականաբար Հանրային հեռուստատեսությունը չի կարող 8-10 մլն դոլար ունենալ: Գովազդի ֆիքսված գին չկա` առավոտյան եւ տարբեր ժամերի գները տարբեր են, 25-30 տոկոս էլ անվճար սոցիալական գովազդներ են:

Մեսրոպ Հարությունյանը վիճակի պատասխանատուն համարելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկեց նրան հրաժարական տալ, որ նույնն անի նաեւ ՀՌԱՀ-ը` նոր օրենքով նոր խորհուրդ ու նոր հանձնաժողով թող ձեւավորվեն: Նա համաձայն էր Ա. Հարությունյանի հետ մի հարցում` խորհրդի անդամներն, ի տարբերություն ՀՌԱՀ անդամների, պետք է հասարակական կարգով աշխատեն եւ փոխհատուցում ստանան Հանրայինի միջոցներից: Ս. Սաֆարյանը դեմ էր ներքին օմբուդսմենի գաղափարին` սոցիոլոգիական կենտրոնների աշխատաոճով կարող է աշխատել: Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հանրայինի` պետությանը պաշտպանելու ճիգերից պետք է հրաժարվել, քանի որ պետությունն ու խմբային շահերը հաճախ նույնանում են:

Մի խոսքով` բավական շահագրգիռ քննարկում ծավալվեց, թեեւ դժվար է ասել, թե ինչ արդյունք կլինի: Ասենք, որ «Ինտերնյուզը», Երեւանի մամուլի ակումբը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը, որոնք երկար ժամանակ հետապնդում էին երեկ քննարկվող խնդիրները, միասնական փաթեթ են առաջարկելու Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահ Հրանուշ Հակոբյանը երեկվա լսումներն ամփոփեց հնչած առաջարկները թվելով. դրանք գուցե եւ առաջիկա նոր քննարկումներից հետո օրենքի նախագծում տեղ գտնեն. ՀՌԱՀ անդամները պետք է մրցութային կարգով ընտրվեն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին ոչ թե պետք է նշանակի հանրապետության նախագահը (ինչպես հիմա է), այլ մրցութային կարգով ընտրվեն, մրցութային հանձնաժողովի կազմում պետք է չլինեն պետական պաշտոնյաներ, մրցութային հանձնաժողովում պետք է լինեն ընդդիմության, տարբեր ուժերի, մասնագիտացված հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինքնաառաջադրման հնարավորություն էլ պետք է լինի այդ ոլորտներում աշխատելու համար, ֆինանսական ազատությունը եւս հեռուստատեսության անկախության գրավականն է: Եթերային քաղաքականության եւ տեղեկատվական բլոկի չափը ֆիքսելն էլ քննարկման խնդիր է` տեղավորելու համար այսօրվա գործող օրենքում, ինչպես նաւ լիցենզավորման խնդիրները:

Հ. Հակոբյանն առաջարկեց մինչեւ ուրբաթ տեսակետները ներկայացնել հանձնաժողովին, այնտեղ դրանք տեսքի կբերվեն, միջազգային փորձաքննության կարիքը եւս կզգացվի: Այնուհետեւ մինչեւ աշնանային նստաշրջան փորձ կարվի փոփոխությունների նախագիծ-փաթեթը ներկայացնելու խորհրդարան, բայց մինչեւ խորհրդարան ներկայացնելը նախագիծը բոլոր կառույցների հետ էլի կքննարկվի, որ տեսակետները հնարավորինս մոտենան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4