«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՆ ԼԻԴԵՐԸ ՉԷ, ՈՐԸ ՊԻՏԻ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑ ՈՐՈՇԻ»

Բանավիճում են Բլեյանն ու Մազմանյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար, ՀՀՇ իշխանության տարիներին կրթության նախարար աշխատած Աշոտ Բլեյանն ու ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան 1996-ի եւ 2008-ի իրողությունների նմանություններին: Աշոտ Բլեյանի կարծիքով, 1996-ին իրավիճակն այլ էր. «96-ին ընդամենը փողոց հանվեցին տանկեր, 1-2 օր տեւեց ընդվզումը» եւ 1-2 օր հետո ամեն ինչ կարծես թե սկսեց իր սովորական հունով ընթանալ: Եղան ձերբակալություններ, դատապարտելի ձերբակալություններ, բայց մեկ է, որակն ու ծավալը բոլորովին ուրիշ էին` հրապարակային չգնդակահարվեցին մարդիկ, եւ հետոՙ հասարակական ընդվզումն այսպիսին չէր: Բացի այդ, 98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կամավոր հրաժարական տվեց: Ես ճանաչելով նրան` հասկացել եմ, որ հրաժարականն իր ոչ լեգիտիմության դրսեւորումն էր: Ե՞րբ են տեղի ունեցել 2008-ի իրադարձությունները, բայց մինչ այսօր այս խմորումը, այս ընդվզումը շարունակվում է: Սա հասարակական է, սա ավելի խորքային ընդվզում է»:

Իր արտահայտությունների սրությամբ աչքի ընկնող Արմեն Մազմանյանը խորհուրդ տվեց կարդալ Խորենացու «Ողբը», որովհետեւ դարեր առաջ վեպում մեզ տրված բնութագրումն այսօր էլ չի փոխվել: Ինչ վերաբերում է 1996-2008-ի նմանություններին` Մազմանյանը վստահ է, որ դարերի ընթացքում էվոլյուցիա չարձանագրած ժողովուրդը չէր կարող 15 կամ 20 տարում ֆանտաստիկ լիբերալ դառնալ:

Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել է հունիսի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին: «Հունիսի 20-ի հանրահավաքը պայքար է ինչի՞ համար», «Ազգի» հարցին Աշոտ Բլեյանը պատասխանեց, թե քանի դեռ իր եղբայրներն անազատության մեջ են, քանի Հայաստանում ընտրական համակարգը չի աշխատում եւ իր ձայնը չի հասնում իր ընտրած մարդուն, քանի մարդուն կարող են զրկել ազատությունից` առանց օրենքով հիմնավորելու, ինքն իրավունք չունի չպայքարելու: Աշոտ Բլեյանն ասուլիսի ավարտին, խոսելով իր ձերբակալված ընկերներին ազատելու անհրաժեշտության մասին, այնքան տաքացավ, որ հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն էր մեղավոր, թող նրան ձերբակալեին, բայց իմ ընկերներին ազատ արձակեն»: Բլեյանն անգամ մեղադրական հայտարարությամբ դիմեց Արմեն Մազմանյանին, թե նա էլ պետք է ձերբակալվածներին ազատելու մասին խոսի: «Ես արդեն ասել եմ, որ համազգային համաներում պետք է լինի բոլոր ձերբակալվածների նկատմամբ, բացառությամբ նրանց, ում ձեռքին արյան հետք կա», հակադարձեց Մազմանյանը:

« Ազգի » հարցին պատասխանելիս Արմեն Մազմանյանը կարեւորեց լիդերի հարցը` նշելով, որ բոլոր ազգերի մեջ էլ կան սոցիալական բունտ, ազատական բազմակարծություն, արժեքային համակարգից դժգոհողներ, «բայց այստեղ անհատի, լիդերի հարցը շատ է կարեւորվում: Ես ազատ եմ կարծիքս ասելու, որը միշտ ասել եմ: 10 տարում խոսում ենք հասարակության փոխվելուց, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը տասը տարում չէր փոխվել, չէր աճել, բոլոր արժեքային համակարգերը նույնն էին, եւ ես հասկացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չլիներ, սատանա էլ լիներ, էդ 350 հազարը գնալու էր հրապարակ: Նախՙ թող ինքը ակտիվ մասնակցեր քաղաքական կյանքին, ոչ թե 10 տարի նստեր, ասերՙ ինչքան վատ, էնքան լավ, կսատկեք, կգաք, կկզեք, կգամ: Տերմիններ են, մարդն ասել է»: Բլեյանն անմիջապես իր դժգոհությունն արտահայտեց` նշելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լիդերությունը հասարակական պահանջի արդյունք է: Մազմանյանն ավելի հստակ հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այն անձը չէ, որը պետք է մեր ազգի համար հարց որոշի: Եթե շարժման գլխին կանգնած լիներ ավելի ֆունդամենտալ, ավելի անանձնական, ավելի անցյալի մեջ մաքուր մարդ, մենք էլ կմտածեինք...»: Շարունակության մեջ Արմեն Մազմանյանն ավելի խստացավ` հավելելով, որ ինքը, ցավոք, ճիշտ էր իր տեսակետներում, երբ կարծում էր, որ նախկին նախագահին համազգային թաղում էր պետք իշխանության գալու համար:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծիք հայտնեց, որ հիմա եկել է մի փուլ, երբ գալու է մի երրորդ` արժանի ուժ, եւ դա նորմալ է, ժողովուրդն էլ կկարողանա ընտրություն կատարել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4