«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ԳՐՈՂԻ ՎԵՊԸ

Առաջիկա հուլիսին Հայաստանի գրողների միությունում հեղինակի մասնակցությամբ ներկայացվելու է փարիզաբնակ գրող Մովսես Պչաքճյանի «Անցողիկը եւ անժամանցելին» երկհատոր վեպը: Գրքի շնորհանդեսն ընդգրկված է հուլիսի 6-13-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվելիք գրողների համահայկական 4-րդ համաժողովի շրջանակներում:

«Մովսես Պչաքճյանը սփյուռքահայ ճանաչված հեղինակներից է, ընթերցողին հայտնի է տասից ավելի արձակ ծավալուն վեպերով, պատմվածքների ժողովածուներով եւ այլ հրապարակումներով: Մենք սիրով ենք հրավիրել նրան Հայաստանՙ մասնակցելու իր գրքի շնորհանդեսին ու համաժողովի աշխատանքներին», ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

«Հայրենիքիս, գրչակից ընկերներիս, բարեկամներիս շատ եմ կարոտել, որովհետեւ բավականին երկար ժամանակ է, ինչ բացակայել եմ: Իսկ գրքիս շնորհանդեսը Մայր հայրենիքում կազմակերպելու մասին որոշումը եւ Գրողների միությունից հրավեր ստանալն ինձ անսահման ուրախություն են պատճառել», հեռախոսելով Արմենպրես, ասաց գրողը:

Մովսես Պչաքճյանը ծնվել է Հալեպում, որտեղ եւ կրթություն է ստացել, անցել մանկավարժական աշխատանքի: Հետագայում տեղափոխվել է Դամասկոս եւ ապա Բեյրութ, որտեղից էլՙ Փարիզ, ուր պաշտոն է վարում տեղի հայկական եկեղեցում:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ է այցելել Երեւան, այնուհետեւ հաճախակի կրկնել ժամանումները: Այստեղ հրատարակվել է նրա գրքերից մեկըՙ «Լուսավոր աչքերով օտարականը», որի շնորհանդեսը նույնպես ժամանակին տեղի է ունեցել Երեւանում, իսկ «Անկարելի կարելին» ստեղծագործությունը բեմադրել է Երեւանի «Թատրոն-13-ը»:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից, «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4