Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների հերթական ցանկը: Երկրորդ անգամ անընդմեջ ցուցակը գլխավորում է Անգլիայի չեմպիոն եւ չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդը»: Բացի չեմպիոնից, լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ անգլիական եւս 3 թիմեր` «Չելսին», «Լիվերպուլն» ու «Արսենալը», ինչը վկայում է անգլիական ֆուտբոլի մեծ ներուժի մասին: Նախորդ ամսվա համեմատ լավագույն տասնյակում ընդգրկվել են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» եւ Իտալիայի չեմպիոն «Ինտերը», որոնք փոխարինել են «Սեւիլիային» ու «Միլանին»:
Հայաստանն այս անգամ ներկայացնում են «Միկան» ու «Փյունիկը», իսկ «Բանանցը» դուրս է մնացել ուժեղագույնների կազմից: «Միկան» 75 վարկանիշով նախորդ ամսվա 251-րդ տեղից նահանջել է 258-րդ հորիզոնական: «Փյունիկը» եւս նահանջ է ապրել` 62,5 վարկանիշով 317-րդ տեղից տեղափոխվելով 337-րդ հորիզոնական:
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից լավագույն ցուցանիշն ունի ՌԴ չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: ՈւԵՖԱ-ի գավաթի նվաճումը զգալիորեն անդրադարձել է թիմի ցուցանիշի վրա, որը 10 հորիզոնականով բարձրացել ու հանգրվանել է 22-րդ տեղում: Հաջորդը Դոնեցկի «Շախտյորն» է, որը 2 տեղով առաջընթաց է ունեցել եւ զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը: 100 լավագույնների ցանկում ընդգրկված են նաեւ Մոսկվայի «Սպարտակը» (65-րդ տեղ), Կիեւի «Դինամոն» (70-րդ տեղ) եւ Տաշքենդի «Կուրուվչին» (97-րդ տեղ):
Ահա լավագույն տասնյակի ցուցանիշները:
1. | «Մանչեսթր Յունայթեդ» | Անգլիա | 286 |
2. | «Բոկա Խունիորս» | Արգենտինա | 267 |
3. | «Չելսի» | Անգլիա | 258 |
4. | «Բարսելոն» | Իսպանիա | 257 |
5. | «Բավարիա» | Գերմանիա | 252 |
6. | «Գլազգո Ռեյնջերս» | Շոտլանդիա | 251,5 |
7. | «Ռոմա» | Իտալիա | 248 |
8. | «Լիվերպուլ» | Անգլիա | 243 |
9. | «Արսենալ» | Անգլիա | 237 |
10. | «Ինտեր» | Իտալիա | 226 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ