«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՏԱԲՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Դրա վերացումը ենթադրում է նաեւ ինքնակամ վերացնել Քեմալ Աթաթուրքի կյանքի եւ գործունեության վրա դրված տաբուն

Տաբուն նախնադարյան համայնական հասարակության մեջ սրբագործված արժեքների համակարգ էր, որոնց խախտումը ենթարկվում էր «գերբնական ուժերի» պատժին: Թուրքիայի Հանրապետությունում այդ ուժերին փոխարինում են սահմանադրության 301 եւ 305-րդ հոդվածները: Դրանք, բարեփոխված տարբերակները ներառյալ, պատիժ են սահմանում «թուրք ազգին հրապարակավ նսեմացնողների» համար, իհարկե, առանց պարզաբանելու, թե որո՞նք են նսեմացման դրսեւորում համարվող դեպքերը: Համենայն դեպս, ներկա պահին վերոհիշյալ հոդվածներով քրեական 9 գործ է հարուցված հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի դեմ: Ընդ որում, այդ գործերի մեծամասնությունը ուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանության հարցին:

Թեեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հարցի վերարծարծման նախադրյալներ է ստեղծել Թուրքիայում, սակայն վերարծարծումները ոչ մի կերպ չեն հանգեցնում դրա անաչառ ուսումնասիրության համար նույնիսկ նախապայմանների ստեղծմանը: Ուսումնասիրել 1915-ի իրադարձությունները, ենթադրում է երկրում հիմնավորել թուրքական ժխտողականությունը, որը դեռեւս ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզն է: Հատկանշական է, որ թուրքական պաշտոնական շրջանակներում պատմաբան են համարվում այս թեզի ջատագովները միայն: Նրանք, ովքեր հակադրվում են պաշտոնական թեզին կամ հանդգնում հրապարակավ արտահայտվել հայերի ցեղասպանության մասին, պիտակավորվում են որպես «հայամետ» կամ «թուրք ազգին հրապարակավ նսեմացնելու» մեղադրանքով կանգնում են դատարանի առջեւ:

Եղել են դեպքեր, երբ հայերի տեղահանության թեմայով Ստամբուլի վարչապետարանին առընթեր գործող օսմանյան արխիվում ուսումնասիրություն կատարելու համար հարցաքննության են ենթարկվել թուրք գիտնականները: Նրանց վտարել են աշխատանքից, նույնիսկ զրկել Թուրքիայի քաղաքացիության իրավունքից, ինչպես, ասենք, Մեհմեդ Ուլուըշըքին, որի մասին այս տարի Ստամբուլում «Հայկական հարցը լուծված է» վերնագրով լույս տեսած վերջին աշխատության մեջ պատմում է Թաներ Աքչամը:

Հայկական հարցը տաբու է Թուրքիայում: Քանի որ դա ներառում է հայերի տեղահանությունը, բնաջնջումն ու ունեցվածքի յուրացումը, ուստի ինքնաբերաբար տաբու է դառնում նաեւ հարցի ուսումնասիրությունը: Դրա ծավալման դեպքում, ինչ խոսք, հենց թուրք գիտնականները կբացահայտեն տեղահանության եւ բնաջնջման կազմակերպիչներին, օսմանյան արխիվային փաստաթղթերով կհաստատվի ցեղասպանության իրողությունը եւ դա շրջանառության մեջ կդրվի թուրք պատմագրության մեջ: Այդ ընթացքում թուրքերի երիտասարդ սերունդն էլ կիմանա, թե ո՞ւմ միջոցներով են հարստացել աշխարհի 100 մեծահարուստների ցուցակում ընդգրկված «թուրք» ընտանիքները, ի՞նչ է նշանակում «տեղահանության հաշվին հարստացածներ» (tehcir zenginleri) հասկացությունը եւ դա ի՞նչ հանգամանքներում է տարածվել ժողովրդի մեջ Առաջին համաշխարհայինի եւ քեմալական ազգային պատերազմների տարիներին:

Եթե թուրք գիտնականները օսմանյան արխիվային փաստաթղթերով հաստատեն Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դա շրջանառության մեջ դրվի թուրք պատմագրության մեջ, ապա թուրքական ժխտողականության դիրքերը կսպառվեն նաեւ Թուրքիայում եւ կառավարող շրջանակները կհայտնվեն ցեղասպանության պաշտոնական թեզից հրաժարվելու հարկադրանքի տակ:

Հարկ է սակայն նշել, որ Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության պարագայում Թուրքիայի խնդիրը սոսկ ժխտողականության դիրքերի սպառումը կամ պաշտոնական թեզից հրաժարվելու հարկադրանքը չէ, այլ 1908-ին երիտթուրքական հեղափոխության առաջնորդները, «Իթթիհադ վե Թերաքքի» կուսակցության կենտրոնական կոմիտեի գործիչները, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» (հատուկ կազմակերպություն) անդամները, ինչպես նաեւ հայկական կոտորածներին մասնակցելու համար 1919-ին օսմանյան ռազմական ատյանում դատապարտվածները, որոնց զգալի մասին Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը աքսորել էր Մալթա:

Վերոհիշյալ առաջնորդների, գործիչների, անդամների, դատապարտվածների եւ աքսորյալների ճնշող մեծամասնությունը, կազմելով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձակա շրջապատը, վերջինի հետ զինակցի կարգավիճակով կազմավորել են Ազգային մեծ ժողովը` Մեջլիսը, մասնակցել քեմալական ազգային պատերազմներին, ապա եւ հանրապետական կարգեր հռչակել Թուրքիայում, զբաղեցնելով բարձր պաշտոններ, այսպես կոչված, թուրքական ազգային պետության օրենսդիր, գործադիր, զինվորական իշխանություններում:

Մինչդեռ նրանք, լինելով Հայոց ցեղասպանության ծրագրման կազմակերպման եւ իրագործման անմիջական մասնակիցներ, արյունարբու մարդասպաններ էին: Թուրք գիտնականների ուսումնասիրության արդյունքում սրանց ինքնության բացահայտումը ենթադրում է ընդունել, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը շրջապատված էր հայ ժողովրդի դահիճներով եւ դա հաստատել օսմանյան արխիվային փաստաթղթերով:

Այլ կերպ, հայկական հարցի տաբուի վերացումը Թուրքիայում ենթադրում է ինքնակամ վերացնել նաեւ Քեմալ Աթաթուրքի կյանքի եւ գործունեության վրա դրված տաբուն, իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի ինչպես քեմալական պատերազմների եւ Թուրքիայի Հանրապետության կազմավորման պատմության վերանայմանը, այնպես էլ թուրքական պետության հիմնադիրների բնութագրի եւ էթնիկ պատկանելության բացահայտմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4