«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ 5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանը եւ Եվրոպական հանձնաժողովը համաձայնություն են ձեռք բերել 2007-ին Եվրոպական միությունից Հայաստանին տրամադրված աջակցությունը ուղղել մասնագիտական կրթության եւ վերապատրաստման (ՄԿՎ) բնագավառի հետագա բարեփոխումներին` հիմնվելով նախկին ՏԱՍԻՍ-ի եւ ԵՄ-ի ֆինանսավորած այլ ծրագրերի լայն փորձի եւ դասերի վրա: ԵՄ աջակցությունը 2008-ին Հայաստանում ՄԿՎ բարեփոխումների համար տրամադրելու է մեծածավալ բյուջետային աջակցություն` 15 միլիոն եվրո, որը կեզրափակվի 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության ծրագրով, այսինքն` 16 միլիոն եվրո ընդհանուր գումարով:

16 միլիոն եվրո աջակցության առաջին մասնաբաժինը նպատակաուղղված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում գործազրկության կրճատմանը` մասնագիտական կրթության եւ վերապատրաստման (ՄԿՎ) բնագավառում բարեփոխումների միջոցով: Հայաստանին է փոխանցվել վերը նշված գումարի առաջին մասնաբաժինը` 5 միլիոն եվրո գումարի չափով: Այս գումարը մաս է կազմում Հայաստանի համար եվրոպական հանձնաժողովի 2007-ի տարեկան գործողությունների ծրագրի, որով նախատեսված է 21 միլիոն եվրո աջակցություն: Առաջին փոխանցումը կատարվել է 2008-ի հունիսի 5-ին: Հետագա երկու հատկացումները նախատեսվում են մինչեւ 2010:

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ 5 միլիոն եվրո առաջին ֆինանսական հատկացումը շարունակական աջակցության եւ համագործակցության եւս մեկ կարեւորագույն քայլ է: Հայաստանը եվրոպական հարեւանության ծրագրի մեջ ընդգրկվելուց հետո ձեռնամուխ եղավ եւ հաջողությամբ ավարտեց բանակցությունները Եվրոպական միության հետ գործողությունների ծրագրի ձեւավորման եւ հաստատման ուղղությամբ. «Եվրոպային ինտեգրումը Հայաստանի կարեւորագույն ուղղություններից մեկն է եւ այս գործողությունների ծրագիրը պայմանավորված է եվրոպական ինտեգրմանն ուղղված խնդիրների լուծմամբ: Այն միջոցառումները, որոնք նախատեսված են եւ իրականացվում են Հայաստանումՙ մեծ աջակցություն են ստանում Եվրոպական միությունից, այդ թվումՙ տեխնիկական եւ ֆինանսական: Այս աջակցությունը, որ ստացանք, արդյունք էր ծրագրի իրականացմանը եւ պետք է լինի շարունակական»:

Հյուգ Մինգարելլիին, որը Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի փոխտնօրենն է, ինչպես նաեւ եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի, Միջին Արեւելքի եւ Միջերկրական ծովի հարավային երկրների հետ հարաբերությունների պատասխանատուն, իր հերթին նշեց, որ առաջին տարվա համար նախատեսված է մոտ 21 միլիոն եվրոյի աջակցություն, որից 15 միլիոնը բյուջետային աջակցություն է` անմիջական աջակցություն պետական բյուջեին, եւ 6 միլիոնը պետք է իրականացվի տեխնիկական աջակցության շրջանակներում: Ընդհանուր ծրագիրը առաջիկա տարիների համար կկազմի առնվազն 100 միլիոն եվրո:

Մինգարելլիին ընդգծեց, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում իրականացրել է ծրագրերի գործողությունների գնահատում, որն ընդհանուր առմամբ դրական է. «Լուրջ բարեփոխումներ են ձեռնարկվել հատկապես դատական համակարգում, եւ դրանք պետք է շարունակվեն: Նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագիր ունի, հատկապես տնտեսական բնագավառում: Հարկային եւ մաքսային վարչարաչրության բնագավառներում լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնել: Մենք նույնպես կօժանդակենք կառավարության այս համարձակ ծրագիրը իրականացնելու համար»;

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4