Հայաստանի եւ հայերի նկատմամբ անգլիական քաղաքականության հակասությունների մասին երկու զեկուցումներով հանդես է եկել Էն Արբորում Միչիգանի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի Մանուկյան-Սիմոն հիմնադրամի գիտական ընկերության անդամ դոկտ. Ջոան Լեյկոքը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 17-ի համարը:
«Բրիտանիայի արձագանքը հայ փախստականների ճգնաժամին» խորագրով առաջին զեկուցումը տեղի է ունեցել Միչիգանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Երկրորդը` «Բրիտանա-հայկական առնչությունները 19-րդ դարում» թեմայով, Սաութֆիլդի Ս. Հովհաննես հայկական եկեղեցում:
Զեկուցումներում, որոնք հովանավորել են Հայկական ուսումնասիրությունների կենտրոնն ու Միչիգան-Դիրբոռն համալսարանը, դոկտ. Լեյկոքը բացահայտել է բրիտանական դիվանագիտության հակասական բնույթը հայերի եւ Հայաստանի նկատմամբ: Սկզբում նրանք (բրիտանացիները) հայերին դիտում էին որպես համադավան քրիստոնյաների եւ Հայաստանը համարում «քրիստոնեական հավատի վերջին ամրոցը» տարածաշրջանում, իսկ հետագայում` որպես «պրիմիտիվ» ազգի, որի եկեղեցին «սնոտիապաշտ է եւ հետամնաց»:
Բանախոսը Բասրայում, Բակուբայում եւ Մոսուլում գործող հայ փախստականների ճամբարների սրտաճմլիկ լուսանկարներ է ցուցադրել եւ դարձյալ շեշտել բրիտանացիների հակասական վերաբերմունքը, երբ սկզբնական կարեկցանքից հետագայում նրանք այդ որբանոցները անվանել են «կիսաքաղաքակրթված», «արեւելյան» եւ «հետամնաց» ճամբարներ:
Լեյկոքը, ըստ հաղորդագրության, զբաղվում է Խորհրդային Հայաստանի պատմության, հատկապես հայրենադարձության եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ուսումնասիրությամբ: Նա պատմության դոկտորի աստիճան է ստացել Մանչեսթր համալսարանից 2005-ին եւ մի շարք կարեւոր հրապարակումներով հանդես եկել հեղինակավոր պարբերականներում: Շուտով լույս է տեսնելու նրա «Պատկերացնելով Հայաստանը: Արեւելաբանություն, երկդիմություն եւ ինտերվենցիա» վերնագրով հատորը:
Հ. Ծ.