«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆՔԱՆ Է ՑԱԾՐԱՑԵԼ, ՈՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄ»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անելու է ադրբեջանցիների գերության մեջ գտնվող Հայաստանի 4 քաղաքացիներին պաշտպանելու համար: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը : Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը տարածել էին հայտարարություն, որ Նախիջեւանում ձերբակալված Վանիկ Ղմբոյանը, Արտեմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանը եւ Աղասի Ենոքյանը «փորձել են իրականացնել դիվերսիոն գործողություններ եւ կպատժվեն օրենսդրությանը համապատասխան»: Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ գերիներից Վանիկ Ղմբոյանը եւ Աղասի Ենոքյանը ընդհանրապես չեն անցել զինվորական ծառայություն, սովորել են Գավառի պետական համալսարանում եւ պետք է զորակոչվեին ամռանը: Մյուս երկուսը բանակում ծառայել են թիկունքային զորամասերում եւ զորացրվել են: «Ադրբեջանն այնքան է ցածրացել, որ պայքարում է երեխաների դեմ` անվանելով նրանց «դիվերսանտներ»: Հավանաբար նրանք չգիտեն, թե ինչպիսին են իսկական դիվերսանտները, որոնց տարիքը 30-ից ցածր չի լինում, որոնք մինչ դիվերսանտ դառնալը երկար տարիներ զարգացնում են իրենց ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր կարողությունները», ասաց Ա. Կարապետյանը: ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը նկատեց, որ Նախիջեւանի տարածքում չկա մի բան, ինչից Հայաստանի զինված ուժերը տեղյակ չլինեն: Նա հիշեցրեց, որ 4 գերիները Նախիջեւան են ընկել, երբ գնացել էին հայկական զորամաս եւ իրենց կատարած խուլիգանական արարքից հետո փախուստի դիմել «Ժիգուլի» ավտոմեքենայով: «Երեւի ադրբեջանցիները պատկերացնում են, թե հայ հետախույզները կարող են «Ժիգուլիով» անցնել սահմանը եւ այնտեղ իրականացնել ինչ-որ գործողություններ: Իրենց «հակահետախույզները» մեր տղաների հաշվին ցանկանում են ընդամենը ուսադիրներ վաստակել եւ հասարակության մեջ անուն հանել», կարծիք հայտնեց Ա. Կարապետյանը:

Նա նշեց, որ հայ երիտասարդների նկատմամբ կտտանքներ են կիրառվել, որպեսզի նրանցից կորզվեն «դիվերսանտ» լինելու ցուցմունքներ. «16 տարվա ընթացքում ոչ մի հայ հետախույզ չի բռնվել, չնայած նրանք ձեռքերը ծալած չեն նստել: Մենք դեռ կփորձենք խաղալ խաղի ընդունված կանոններով, սակայն զգուշացնում եմ, մեր համբերությունն անսպառ չէ: Իսկ հայ երիտասարդները վաղ թե ուշ լինելու են հայրենիքում», ավելացրեց Ա. Կարապետյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4