Երեկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց նախարարության ռազմավարական ծրագիրը` 2008-2012 թթ.: Նա նշեց, որ «կարեւորվել է բնակչության անապահով եւ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության խնդիրը: Գերակա են համարվել բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովումը, մոր եւ մանկան առողջության պահպանումը, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը»: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականությանը եւ բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին: Պրն Քուշկյանը տեղեկացրեց, որ բարեփոխումների առաջին ուղղվածությունը ծննդօգնության ոլորտն է եւ դա հաշվի առնելով, դիմել են նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ներկայացնելով դիտարկումները եւ այդ ոլորտի կարեւորությունը մեր ազգի գենոֆոնդի զարգացումը հաշվի առնելով: Առողջապահությանը լրացուցիչ տրվեց 1 միլիարդ դրամ, որպեսզի բարձրացվեն բուժաշխատողների աշխատավարձերը եւ ստվերից հանվեն ոլորտի բաց կողմերը: Այս տարվա հուլիսի 1-ից գումարը տրվել է, ու կսկսվեն բարեփոխումների առաջին քայլերը: Հուրախություն բոլոր ծննդկաններին, հուլիսի 1-ից բոլորին կտրվի «Ծննդօգնության» պետական հավաստագիր: Ինչպես տեղեկացրին նախարարը ու մոր եւ մանկան պահպանության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «հավաստագիրը փաստում է, որ ՀՀ-ում հղիության ընթացքի եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացվում են անվճար»: Տեղեկացնենք, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների թվում են` հղիության նախածննդյան հսկողությունը, ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, ծննդաբերությունը եւ հետծննդյան խնամքը, ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով: Այդ թվում է նաեւ դեղերով եւ բժշկական պարագաներով ապահովումը, կնոջ եւ նորածնի վարման եւ խնամքի ապահովումը բժշկի, միջին եւ կրտսեր բուժանձնակազմի կողմից: Հղիության ողջ ընթացքում հավաստագիրը համարվում է ֆինանսական կարեւոր փաստաթուղթ, որը հետո ներկայացվում է այն հիվանդանոցին, որտեղ կնախընտրի հղին ծննդաբերել: Եթե 2008-ի հուլիսի 1-ից հավաստագրի արժեքը 65.000 դրամ է, ապա 2009-ին այն կարժենա մինչեւ 150.000 դրամ, որից 80 տոկոսը նախարարությունը կփոխանցի այն բժիշկներին ու հաստատությանը, որտեղ հսկողության տակ ծննդաբերել է հղին:
Մանրամասներ կարող եք ստանալ 52-15-59, 52-88-72, 52-06-72 հեռախոսահամարներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ