ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոինտեգրացիայի հանձնաժողովի համատեղ կազմակերպած լսումները երեկ նվիրված էին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցին եւ տեղի ունեցող զարգացումներին: Հիշեցնենք. որ Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը ելույթի հետ կապված արդեն իսկ ներկայացրել էին իրենց առարկությունները, դրանք կրկին ներկայացվեցին լսումներում: Միանգամից ասենք, որ այս քննարկումների հրապարակայնությունն ապահովելու խոստումը մասամբ սահմանափակված էր տեխնիկապես, քանի որ օրակարգը նախատեսված էր մինչեւ երեկոյան ժամը 20-ը, երբ լրագրողներից շատերն արդեն պետք է լինեին իրենց լրատվամիջոցներում, այլապես ընդհանրապես չէին կարող լուր տալ տեղի ունեցողի մասին: Անձամբ տողերիս հեղինակը ներկա էր մինչեւ 18:30-ը, եւ եթե իսկապես կազմակերպիչներն ուզում էին լրագրողներից շատերի ներկայությունը` լսումները կարելի էր սկսել ոչ թե ժամը 14-ին, այլ առավոտյան 9-ին:
Մի ընդհանուր դիտարկում. զեկուցողներին` ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված հարցուպատասխանի ընթացքում եղան պահեր, որ թվաց, թե բանավեճը ծավալվում է ոչ թե ներկաների, այլ դահլիճից բացակա կողմերի միջեւ, եւ այդ կողմերից ոչ մեկը Տեր-Պետրոսյանը չէ: Արմեն Հարությունյանը որդեգրել էր շատ համարձակ մի ոճ, անգամ իրեն հարց տվող պատգամավորների հարցերը մի թեթեւ ձեռք էր առնում` թե սպասեք, գրեմ, մոռանում եմ: Ու բոլորովին չէր ընդունում ՀՀԿ-ԲՀԿ-ական պատգամավորների դիտարկումները, թե մտել է քաղաքական վերլուծությունների ոլորտ եւ ոչ թե իրացրել է պաշտպանի իր լիազորությունները:
Ա. Հարությունյանն իր ելույթը կառուցեց գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարի` իր զեկույցի առթիվ արված առարկություններին առարկելու վրա, նշելով, որ առարկությունների հեղինակները բազմիցս նենգափոխել են զեկույցի բովանդակությունը եւ շեղող շեշտադրումների միջոցով փորձ է արվել խուսափել զեկույցում բարձրացված հարցերին պատասխանելուց, նենգափոխվել են հարցադրումները: Նա մեջբերեց իր արտահերթ զեկույցի այն հարցադրումները, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով պետության կողմից ուժի կիրառմամբ առաջացած մահը կարող է համարվել օրինաչափ, եթե եղել է «բացառապես անհրաժեշտ» եւ «ողջամտորեն արդարացված», իսկ ուժի կիրառման համաչափությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ ջնջխված է եղել զոհված ցուցարարների գլխուղեղը, ըստ տարածված տեղեկությունների` մեկ ժամից ավելի ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, բացի այս, պետք է պարզել մարդկանց կուտակումների ժամանակ հրազեն գործադրելիս այլ մարդկանց վնաս հասցնելու հնարավորությունը: Մի շարք օրինակներ բերելով առարկություններից իր այս եւ այլ կարգի հարցադրումների վերաբերյալ` Ա. Հարությունյանը գալիս է այն եզրակացության, որ ձեւախեղելով, երբեմն էլ զարգացնելով զեկույցում առաջ քաշված հարցադրումները, առարկությունների հեղինակները բարձրացնում են զեկույցում չարտացոլված հարցեր եւ դրանց պատասխանելով առարկության պատրանք են ստեղծում: Պաշտպանի լիազորությունները գերազանցելու (թե` գնահատականներ է տալիս պետական մարմիններին, օրինակ` Հանրային հեռուստատեսությանը եւ որոշ կուսակցությունների) մեղադրանքներին ի պատասխան` ՄԻ պաշտպանը մատնանշեց օրենսդրական այն դրույթը, որ Հանրային հեռուստատեսությունը ստեղծում է պետությունը, ապահովելու համար տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը , բացի այդ` հեռուստառադիոընկերության խորհուրդն ակնհայտորեն պետական մարմին չէ: Իսկ ՄԻ զեկույցում քաղաքական գնահատականներ տալու բնորոշումը Ա. Հարությունյանն անվանեց թյուրիմացություն, քանի որ այդ տեսանկյունից հարցը քննարկող դատախազությունն ու արդարադատության նախարարությունը, իրավապահ կառույցներ լինելով, այդպիսով` օրենքով արգելված քաղաքական գործընթացներին մասնակցելու գնահատականի կարող են արժանանալ: Ա. Հարությունյանը ելույթն ավարտեց այն ոգով, ինչը զայրացրել էր վերը նշված կառույցներին. «Ակնհայտ սոցիալական եւ տնտեսական բեւեռացումը, հանրային եւ հատկապես իրավապահ մարմինների նկատմամբ գոյություն ունեցող հասարակական անվստահությունը, իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ոչ արդյունավետ գործողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների անբավարար երաշխավորված լինելը, արտոնյալ խավի փակ համակարգի ձեւավորումը հասարակության մի զգալի մասին դրդեցին կտրուկ եւ շրջադարձային փոփոխություններ փնտրել այս խնդիրների լուծումները ստանալու համար»: Եվ. «Մարդու իրավունքները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում»:
Զգուշացնելով, որ հարցերը դիտարկելու է միայն իրավական հարթությունում, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը զարմացավ, որ ՄԻ «զեկույցի բովանդակությունն ու կառուցվածքը պայմանավորված են նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների համալիր վերլուծություն կատարելու փաստով», որն օրենքով նախատեսված չէ, ՄԻՊ-ը շրջանցել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակը բուն պարտականությունների հարցում նաեւ, զեկույցում ներկայացնում են դատողություններ, որոնք չեն վերաբերում պաշտպանի գործառույթներին եւ որեւէ առնչություն չունեն մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրներին: ՄԻՊ-ը որոշ հարցադրումներ ձեւակերպելիս հիմնվել է միայն սուբյեկտիվ դիտարկումների եւ մեկնաբանությունների վրա:
ՄԻ պաշտպանի այն հարցադրմանը, թե անհրաժեշտ է պարզել` եղե՞լ է ոստիկանության զորքը ներգրավելու որոշում, ո՞վ է անմիջական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձն այս խնդրում, գլխավոր դատախազը մատնանշեց օրենքն, ըստ որի ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանապետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանության զորքերի հրամանատարը: Այստեղ հնչեց դահլիճի արձագանքը` «բարդում են ոստիկանապետի վրա»:
Բազմաթիվ օրինակներ հակադրելով ՄԻՊ արտահերթ զեկույցի դրույթներին` գլխավոր դատախազը եզրակացնում է, որ զեկույցն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան իրավական, որով նսեմացվում է դրա գործնական-կիրառական նշանակությունը: «Ես ակնկալում էի, որ ՄԻ պաշտպանն այսօր ձեր առաջ զերծ կմնա քաղաքական շեշտադրումներից, բայց նա այսօր էլ քաղաքական զեղումների մեջ էր...», ահա այս ոգով ավարտեց իր խոսքը գլխավոր դատախազը, իսկ ավելի վաղ զգուշացրել էր, թե որեւէ մեկին չի հաջողվի դատախազությանը ներքաշել քաղաքականության մեջ, քանի դեռ ինքն է գլխավոր դատախազը:
Մեր վերեւի դիտարկմանը, թե իշխանական ինչ-որ չերեւացող կողմերի պայքարն էր կարծես արտացոլված երեկ ԱԺ դահլիճում կազմակերպված լսումներում, ավելացնենք մի դրվագ` մեջբերելով նաեւ Դավիթ Հարությունյան-Աղվան Հովսեփյան երկխոսության բովանդակությունը: Առաջինը հետաքրքրվեց` արդյո՞ք մեկ դրույթ չի գտել գլխավոր դատախազը ՄԻՊ զեկույցում, որը պարզաբանման կարիք ունենար, իսկ վերջինս նկատեց, թե հաջորդ անգամ ՄԻՊ զեկույցի առարկությունները կկոչի «Առարկություններ ու պարզաբանումներ»: Արմեն Հարությունյանն էլ ամեն կերպ խուսափում էր նախագահ Քոչարյանի անունը որեւէ կերպ շոշափելուց:
Լսումների այլ մանրամասների դեռեւս կանդրադառնանք: