«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐ, ԸՍՏ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ, ՈՉ ՄԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Ինքնանպատակությո՞ւն, թե իրական փակուղի

Հունիսի 20-ի հանրահավաքը կկայանա որեւէ եղանակի: Իսկ թե ինչ կլինի այդ օրը, եւ ընդհանրական ընթացքի մեջ ինչ դերակատարում ունի այդ հանրահավաքի անցկացման նպատակահարմարությունը` նախորդ հայտարարության հեղինակ Արման Մուսինյանը չպարզաբանեց, ավելացնելով, թե կիմացվի հանրահավաքից հետո:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված Մուսինյանի մոտեցմամբ, հանրահավաքի առնչությամբ ոստիկանության հետ համագործակցելու իրողությունը չի կարող դիտարկվել որպես երկխոսության գնալու իրավիճակ այն դեպքում, երբ ցայս պահը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երկխոսելու տրամադրվածության մասին անգամ չեն խոսում:

Ըստ ԼՏՊ մամլո խոսնակ Արման Մուսինյանի, հունիսի 20-ի հանրահավաքի համար դեռ ծանուցում չի եղել, բայց կլինի, եւ իշխանության կողմից էլ հանրահավաքը խաղաղ անցկացնելու առումով ոստիկանության հետ համագործակցության կոչին էլ արձագանք չի եղել, բայց կլինի: Այսպես լիահույս ներկայացող Մուսինյանի համար, սակայն, տերպետրոսյանականները բավականին երկար` երեք ամիս ժամանակ են տվել իշխանություններին, առաջարկել են միջոցներ ձեռնարկել` կայանալիք հանրահավաքը նորմալ անցկացնելու համար:

Թե որքանով է երկխոսությունից հրաժարվելը հայաստանյան իշխանությունների համար դրական խաղաքարտ եվրոպական ատյաններում, Մուսինյանի պատկերացմամբ, նախ պետք է բավարարվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանում ընդունված բանաձեւի երեք պայմանները, մասնավորապես, «քաղաքական պատանդների ազատում, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, հանրահավաքների մասին օրենքում վերջին փոփոխություններով մտցված սահմանափակումների վերացում»:

Թերեւս ստիպված լինենք Արման Մուսինյանին հիշեցնել, որ ԵԽԽՎ բանաձեւում որեւէ պայման գերադասված չէ մյուսին եւ համագործակցության քայլերի ակնկալիք կա ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից:

Ինչեւէ, Մուսինյանը սեփական տրամաբանության եւ իմացության սահմաններում ներկայացրեց, որ տերպետրոսյանականները համաձայն են նաեւ երկխոսության հարցը քննարկել միայն մեկ պայմանով` «քաղաքական պատանդների ազատ արձակելուց» հետո:

ԼՏՊ մամլո խոսնակը երկխոսություն չի համարում ՀՀ նախագահի` Հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը կամ նմանօրինակ այլ ձեւաչափերը: Ըստ Մուսինյանի, երկխոսությունը բանակցություն է լիազորված անձանց միջեւ: «Ազգի» հարցին, թե ի վերջո ի՞նչ է նշանակում այդ երկխոսությունը, որո՞նք են կողմերը եւ ո՞րն է առարկան, Մուսինյանը պատասխանեց, թե նստելու են Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները, բանակցեն, բայց «քանի դեռ կան քաղաքական պատանդներ, երկխոսության մասին խոսել չի կարելի»:

Ամեն դեպքում, ԼՏՊ մամլո խոսնակի տեղեկացմամբ, դեռեւս կենսագործվում է Հայ ազգային կոնգրեսի գաղափարը, արդյունավետ քննարկումներ են լինում: Իսկ հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքի օրակարգն էլ մարտի 1-ի իրադարձություններից հետո իրավիճակի ամփոփումն է, եւ պայքարը շարունակելու իրողության հայտարարումը:

Այս կոնտեքստի մեջ էլ թերեւս կարելի է ներկայացնել Մուսինյանի այն մոտեցումը, որ չնայած ոչինչ հստակ չէ, բայց արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին այլընտրանք չկա` որպես ելք ստեղծված իրավիճակից:

Առավել հետաքրքրական էր, որ, Մուսինյանի խոսքերով, մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ անկախ հանձնաժողովի ստեղծման դեպքում իրենց մասնակցությունը կլինի այն պարագայում, եթե այդ հանձնաժողովը կազմվի հավասարապես տերպետրոսյանականներից, իշխանություններից եւ միջազգային հանրության ներկայացուցիչներից: Այլ ուժերի, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմության կամ «Ժառանգություն» կուսակցության մասնակցության առնչությամբ Մուսինյանը նշեց, որ «Herritage»-ի հարցը իրենք կլուծեն, իսկ մնացյալ ընդդիմությունը այդպիսին է միայն իշխանության կամոք:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4