«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Որոշ երկրներում մեծ, բեռնատար կամ այլ ծանր մեքենաների համար նախատեսված են շրջանցիկ ճանապարհներ: Նման մեքենաներն աշխատում են մազութով կամ այլ վառելիքով, որի արտանետումներից ավելի շատ են վնասվում մթնոլորտը, շրջակա միջավայրը: Երկար խցանումներում կանգնելով, հիշյալ մեքենաներն անգամ վնասում են փողոցների ասֆալտը: Այս պատճառով նման մեքենաների համար որոշ երկրներում կառուցվել են հարակից փողոցներ, որոնցով միայն կարող են երթեւեկել այդ մեքենաները, կամ մյուս փողոցներումՙ սակայն միայն որոշակի ժամերի:

Վերը նշված մեքենաների երթեւեկության վնասները քչացնելու համար, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարծիքով, բավական անելիք ունենք. «Երեւանի գլխավոր նախագծում նախատեսված են շրջանցիկ ճանապարհներ հատուկ բեռնատարների եւ այլ մեքենաների համար, որոնց նպատակը` բացի քաղաքի կենտրոնը բեռնաթափելուց, նաեւ վնասները նվազեցնելն է»:

« Ազգի » այս հարցին երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա առիթով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ: «Վերջ սովորույթին: Դեպի տնտեսություն ածխածնի ցածր ծավալներով» խորագիրն է կրում շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Ածխածնի ծավալները նվազեցնելու աշխատանքների մասին Արամ Հարությունյանը նշեց. «Այս առումով, իսկապես մենք լուրջ անելիք ունենք ծառերի, կանաչապատ տարածքների ավելացման, թթվածնի արտադրության հետ կապված, որովհետեւ եթե մենք թթվածին շատ արտադրենք, այդ ածխածինը կպակասի: Երկրորդ մասով հնարավորինս պետք է քիչ արտանետումների հասնենք: Սա վերաբերում է մեր տնտեսվարողներին եւ այն կազմակերպություններին, ովքեր ունեն արտանետումներ, որպեսզի դրանց չափը համապատասխանի սահմանված չափին: Վնասների չափը քչացնելու համար երկրորդ մասով պետք է ներդնենք նորագույն ֆիլտրեր եւ այլ տեխնոլոգիաներ»:

Հյուրանոցի սրահում հավաքված հյուրերն անդրադարձան շրջակա միջավայրի պահպանության կարեւորությանը` կոչ անելով յուրաքանչյուրին ուշադիր եւ հոգատար լինել բնության նկատմամբ: «Շրջակա միջավայրը տառապում է մեր ագահությունից, մենք պետք է ընտրենք` կամ պիտի պատերազմենք բնության հետ, կամ պիտի փոխենք մեր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ», նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը :

Բնապահպանության ոլորտում նշանակալի ներդրման համար 4 հոգին պարգեւատրվեցին ոսկե մեդալով եւ 100-հազարական դրամով:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4