Լուսինե Հարությունյան
Լուսինե Հարությունյանը մեկն է աստվածատուր շնորհներով ու տաղանդով օժտված այն բազմաթիվ հայուհիներից, ում մինչեւ ինքնահաստատումը նույնպես վիճակված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ խոչընդոտներ: Մինչ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելը ուսանել է Ղազարոս Սարյանի, Սպենդիարյանի, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում, մեկուկես տարիՙ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: Դասատուներից յուրաքանչյուրը, ըստ Լուսինեի, ներդրում է ունեցել իրՙ որպես ջութակահարի կայացման գործում, բայց հաջողությունների համար հատկապես պարտական է կոմպոզիտոր եւ դաշնակահար Աշոտ Ղազարյանին, իսկ ճակատագրական է համարում հանդիպումը այժմյան ուսուցիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի հետ. «Նա իմ միակ դասատուն է, որի ինֆորմացիան ջութակի մասին երբեք չի սպառվում: Եզակի մարդ է, եզակի մանկավարժ. հրաշալի հասկանում է աշակերտներից յուրաքանչյուրին, առանձնահատուկ մոտեցում ունի յուրաքանչյուրի հանդեպ»:
Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Լուսինե Հարությունյանի մենահամերգն էր (կոնցերտմեյստերՙ Սուսաննա Երիցյան)ՙ նվիրված Էժեն Իզայիի ծննդյան 150-ամյակինՙ կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ: Թե ինչո՞ւ հենց Էժեն Իզայի, Գ. Սմբատյանի համոզմամբՙ Լուսինեի ներաշխարհին այն շատ հոգեհարազատ է: Ըստ նրաՙ թեեւ դժվարագույն ստեղծագործություններ են դրանք եւ, ցավոք, հաճախ չեն կատարվում, բայց Լուսինեն շատ գեղեցիկ ներկայացրեց դրանք:
Կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ներկայացմամբՙ այդ ստեղծագործությունների մի մասը Հայաստանի Հանրապետությունում հնչում է առաջին անգամ:
Մենահամերգին ներկա կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանի կարծիքովՙ Լուսինեն տաղանդավոր, շնորհաշատ, ծանրակշիռ, հարուստ ներաշխարհով, կարողությունների մեծ ներուժով անհատականություն է: «Ինձ միշտ զարմացնում է նրա համակողմանի, հասուն մտածողությունը եւ յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործության, կոմպոզիտորի մասին իր ուրույն խոսքը,- ասաց Ա. Ղազարյանը:- Այդ տարիքում այդքան հասուն նվագել Իզայի, երեւույթ է. նրա կատարողական հասունությունը խոսում է միայն պրոֆեսիոնալիզմի մասին: Նա դեռ շատ աճելու տեղ ունի, եւ, որ անչափ կարեւոր է, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, միշտ ձգտում է կատարյալին»:
Երաժշտական մեկնաբան, կոնսերվատորիայի դոցենտ Վալենտին Թովմասյանը համոզված է, որ ոչ բոլոր պրոֆեսորներն են, որ համարձակվում են մենահամերգի հանել իրենց առաջին կուրսի ուսանողներին: «Սա բացառիկ երեւույթ է, մանավանդ միայն մեկ կոմպոզիտորի ստեղծագործությունները ներկայացնելու առումով եւ այնպիսի՜ մակարդակով, որ վստահորեն կարելի է ասելՙ ապագայում կունենանք տաղանդաշատ համերգատու մի ջութակահար, որն իր կատարողական արվեստով կհիացնի ոչ միայն մեզ, այլեւ, կարծում եմ, ողջ աշխարհին: Հրաշալի տվյալներ, կատարողական, ձեռքերի դրվածք, հրաշալի աղեղ»:
Լուսինեն եղել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդի անդամ, մասնակցել է «Էլիտար սերունդ» 3-րդ հազարամյակի առաջին հեռուստատեսային մրցույթին, արժանացել երրորդ մրցանակի: Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Քանաքեռ-Զեյթուն համայնքի մրցույթում նույնպես մրցանակակիր էր, պատանի ջութակահարների եւ թավջութակահարների Ավետ Գաբրիելյանի եւ Սերգեյ Ասլամազյանի անվան հանրապետական 6-րդ մրցույթում եւ ջութակ անվանակարգումՙ երկրորդ կարգի մրցանակակիր եւ դափնեկիր, Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնումՙ դափնեկիր, Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրորդ երիտասարդական «Դելֆինյան խաղերում»ՙ երրորդ մրցանակակիր:
Ուշագրավ է, որ, ծնվելով ոչ երաժշտական ընտանիքում, թե՛ Լուսինեն, թե՛ նրա վեցամյա քույրըՙ փոքրիկ Դիանան (արդեն սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում), երաժշտական եզակի ունակություններ եւ տաղանդ ունեն:
Լուսինեին ամենահոգեհարազատ կոմպոզիտորը Բախն է: Սիրում է նվագել Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան... Նաեւ հրաշալի երգում էՙ խորունկ ու հոգեթով...
- Մեր ժողովուրդը շատ տաղանդավոր է,- ասում է Լուսինեն,- յուրաքանչյուր երկրորդը կամ երրորդը երգում է կամ նվագում: Ափսոս, արժանավայել գնահատող, տիրություն անող չկա...
Մտահոգված է, որ շուտով միջազգային մրցույթների մասնակցելու առիթ կլինի, եւ դարձյալ կսկսվեն հովանավոր գտնելու անվերջանալի եւ հոգետանջ փնտրտուքները... Ինքն անձամբ երազում է ապրել եւ աշխատել իր հայրենիքում, որտեղ ձեւավորվել, կայացել է որպես անհատականություն, բայց մտավախություն ունի, որ անհրաժեշտ աջակցություն չստանալու դեպքում հնարավոր է, որ հարկադրված լինի... առժամանակ հեռանալ հայրենիքից...
- Երազանքս հանրահայտ կամ անպայման առաջին տեղում հայտնվելը չէ, այլ լավ ջութակահար եւ երաժիշտ դառնալը: Կարեւորըՙ հասկանալ երաժշտությունը եւ այնպես նվագել, որ հասնի յուրաքանչյուրի սրտին եւ հուզի նրան...
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ