«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


«ՓԱՅԼՈՒՆ, ՄԵՂԵԴԱՅԻՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՆՈՂ»

Այսպես է բնութագրել «Մոնրեալ Գազեթ» կանադական հայտնի թերթը դաշնակահարուհի Նարե Արղամանյանի կատարումները Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի ընթացքում, որին «Ազգը» անդրադարձել է արդեն մայիսի 31-ի համարում: «Ռադիո Կանադան» երկու օրվա համերգները ուղիղ եթերով հեռարձակել է ինչպես ռադիո, այնպես էլ ինտերնետային ցանցերով: Մրցույթի երկրորդ օրը վերջինը ելույթ ունենալով, Վանաձորում ծնված 19-ամյա հայուհին բառացիորեն ապշեցնող հաղթանակ է տարել, արժանանալով ոչ միայն 30 հազար դոլարի առաջին մրցանակին, այլեւ կանադական պարտադիր ծրագրի լավագույն մեկնաբանման եւ «հանդիսատեսի ընտրյալը» պարգեւներին:

Համբուրգյան Ստենուեյ դաշնամուրի վրա, Ժան-Մարի Զեյթունիի ղեկավարած Մետրոպոլիտեն նվագախմբի հետ նրա կատարած Չայկովսկու հանրածանոթ «Դաշնամուրի թիվ 1 կոնցերտից» հետո 9 հոգուց բաղկացած միջազգային կազմով ժյուրիից երկար ժամանակ չի պահանջվել միաձայն որոշում կայացնելու համար:

Խմբագրությանը հասցեագրված Արա Առաքելյանի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փառավոր հաղթանակից մեկ օր անց հեռախոսային զրույցում Նարեն իր երախտագիտությունն է հայտնել Մոնրեալի հայկական համայնքին եւ մասնավորապես իրեն հյուրընկալած ընտանիքին այն ջերմ զորակցության համար, որ նրանք ցուցաբերել են իր հանդեպ: Նա նաեւ հավելել է, որ արդեն հրավեր է ստացել առաջիկայում նվագելու Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաեւ լույս ընծայելու իր առաջին ալբոմը` «Անալեկտա» դասական պիտակով:

Ավելացնենք, որ Նարեն սովորել է Երեւանի Չայկովսկու անվան Շնորհալի երեխաների դպրոցում, նախքան կատարելագործման մեկնելը Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանում, որտեղ գերազանցությամբ վերջերս ստացել է բակալավրի աստիճան: Երեւանում նրա կայացմանը շատ է նպաստել ոչ միայն «Նոր անուններ» խումբը, այլեւ հատկապեսՙ հանգուցյալ Ռոյ Քելեկյանը: Նարեն այժմ ուսումը շարունակում է մագիստրատուրայում:

Հաջող ելույթների համար անցյալում նա եւս արժանացել է մրցանակների. 2007-ին Ֆրանսիայում կայացած «Piano Campus» դաշնամուրի միջազգային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել, իսկ Վալենսիայում (Իսպանիա) «Խոսե Ռոկա» միջազգային մրցույթում` երկրորդ տեղը: 2006-ին Վիեննայում սովորելիս Հերբերտ ֆոն Կարայանի անվան կրթաթոշակի է տիրացել:

Առաջիկա հունիսի 21-ին Նարեն հանդես է գալու Բոստոնում, «Բոստոն փոփս» նվագախմբի հետ որպես մենակատար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4