ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսին անց է կացվելու երեք փառատոն:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյա, ինչպես նաեւ նրա անունը կրող տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյա հոբելյանները արժանավայել նշելու նպատակով հունիսի 6-14-ը անցկացվելու է երաժշտական փառատոն: Նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ փառատոնի նպատակն է հանրությանը ծանոթացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների` Ա. Խաչատրյանի կոմպոզիտորական դպրոցի հետեւորդների նոր ստեղծագործություններին, որոնցից շատերը կհնչեն առաջին անգամ: Փառատոնը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, նրա շիրիմին այցելությամբ, որից հետո ժամը 15-ին կբացվի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունըՙ ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարի ձեւավորմամբ: Այսօր թանգարանի ֆոնդում հավաքվել է 15.000 ցուցանմուշ: Թանգարանը հարստացել է նաեւ կանադահայ բարերար Հասմիկ Գրիգորյանի նվիրաբերած մոտ 5000 CD եւ 100 DVD-ներով եւ առաջիկայում կկազմակերպվի հատուկ լսումներ երաժշտասերների համար: Հունիսի 9-ին թանգարանում տեղի կունենա գիտական կոնֆերանս, իսկ 10-ին եւ 12-ին կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորներ Վ. Աճեմյանի, Գ. Հովունցի, Գ. Չթչյանի եւ այլոց վոկալ կամերային ստեղծագործությունների առաջին կատարումները Ա. Մայիլյանի, Գ. Գեղամյանի եւ «Արսիկա» տրիոյի մասնակցությամբ:
«Ոսկե կիթառ-2008»
Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամը, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 5-8-ը Դիլիջանում, Ստեփանավանում եւ Վանաձորում անց է կացնում հեղինակային երգի «Ոսկե կիթառ-2008» հանրապետական փառատոն: Փառատոնի նպատակն է` հայ հեղինակային երգի ժանրի ավանդույթների պահպանումը, զարգացումը, լավագույն երգերի ու կատարողների ի հայտ բերումը: Փառատոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը եւ երգահան-կատարող Էդուարդ Զորիկյանը լրագրողներին տեղեկացրին, որ համերգներից բացի կկազմակերպվեն նաեւ վարպետության դասընթացներ, սեմինար-քննարկումներ:
«Արեւիկ» մանկական մրցույթ-փառատոն
Արդեն 7-րդ տարին է, որ անց է կացվում մանկապատանեկան երգի ամենամյա «Արեւիկ» մրցույթ-փառատոնը: «Արեւիկ» անսամբլի գեղ. ղեկավար Արմեն Դիվանյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց. «2001-ից զգացի մանկական երգի հանդեպ հայ հեղինակների անտարբերությունը, որոշեցի անցկացնել մրցույթ-փառատոն, որով մեծ հետաքրքրություն ու շահագրգռվածություն առաջացավ մանուկների համար երգեր գրելու գործում»:
Փառատոնին ներկայացված 1000-ից ավելի երգերից եզրափակիչ փուլ են անցել 23-ը, որոնց ձայնագրություններն ու նոտաները տրվել են «Արեւիկ» անսամբլի սաներին, որոնք հունիսի 11-12-ը Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող «Արեւիկ» մանկական մրցույթ-փառատոնին կներկայացնեն հանդիսատեսի եւ ժյուրիի դատին: Մրցանակային տեղեր շահած ստեղծագործությունները կյանքի են կոչվում ՀՀՌ-ի «Արեւիկ» անսամբլի ծրագրում: Այս 7 տարիների ընթացքում մրցանակների արժանացած երգերից հրատարակվել է 6 երգարան, թողարկվել 10 CD եւ 5 DVD, որոնք բաժանվում են մանկական հիմնարկներին թե՛ հանրապետությունում եւ թե՛ սփյուռքում, տեղեկացրեց փառատոնի սցենարի եւ «Արեւիկ» հաղորդաշարի հեղինակ Նաիրա Դիվանյանը: Հունիսի 12-ին գալա համերգը կեզրափակի փառատոնը, որի ընթացքում «Արեւիկ» անսամբլի սաները հանդես կգան բոլոր տարիների մրցանակակիր երգերով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ