«Հրապարակախոսություն» գրքի շնորհանդեսին ասաց Ռաֆիկ Հովհաննիսյանը
Արդեն երկու տասնամյակ է, ինչ հայ լրագրության մեջ ամենաաչքի ընկնող քաղաքական մեկնաբաններից եւ հրապարակախոսներից է մեր գործընկեր Ռաֆիկ Հովհաննիսյանը: Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր անվանի լրագրողը այժմ Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ է եւ միաժամանակ շարունակում է «Արմենիա» հեռուստատեսությունում իր հրապարակախոսական հաղորդումների շարքը վարել:
Մայիսի 30-ին Ազգային գրադարանում կայացավ Ռաֆիկ Հովհաննիսյանի «Հրապարակախոսություն» ծավալուն գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը հրատարակվել է Թունիսում ՀՀ դեսպան, ԵՊՀ-ի կրոնագիտության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ եւ Մեծի տանն Կիլիկիո Լիբանանի թեմի առաջնորդ Շահեն եպս. Սարգսյանի բարձր կարգադրությամբ, տեր եւ տիկին Գաբրիել եւ Անժել Չեմպերեճյանների հովանավորությամբ: Ռաֆիկ Հովհաննիսյանի Հալեպում լույս տեսած 766 էջանոց գիրքը տպագրության է երաշխավորել Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնը: Խմբագիրն է պատմ. գիտ. դոկտ., պրոֆ. Սերգեյ Հայրապետյանը: Ի դեպ, գրքի հակիրճ նախաբանը գրել է հենց խմբագիրը:
Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը բարձր գնահատելով Ռ. Հովհաննիսյանի գործունեությունը, գրքի հրատարակման եւ ծննդյան 60-ամյակի առթիվ առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալով պարգեւատրեց նրան: Հոբելյարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ վստահել ու հավատացել են իրեն: Թեկուզ ուշացումով, բայց ամենայն անկեղծությամբ միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու մաղթում նորանոր հաջողություններ մեր գործընկերոջը:
« Ազգը » զրուցեց պրն Հովհաննիսյանի հետ ու տեղեկացավ, որ լրագրությունը նրա համար կենսակերպ է, եթե մեկ անգամ էլ հնարավորություն տրվի ապրելու` կրկին կընտրի լրագրողի մասնագիտությունը եւ ոչ մի բանի համար չի ափսոսում` անգամ սխալների: «Այն տարիները, ասաց Ռաֆիկ Հովհաննիսյանը, որ աշխատել եմ « Ազգում », ինձ համար եղել են շատ կարեւոր ու հիշարժան, որովհետեւ պաշտամունք ունեմ ե՛ւ թերթի աշխատակազմի, ե՛ւ խմբագրի նկատմամբ: Ես չեմ գնացել « Ազգից », մինչեւ հիմա էլ թղթակցում եմ եւ կապերս չեմ խզել թերթի հետ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ