«Օրերի» 2008-ի առաջին թողարկման նյութերից առանձնացնենք մեր տեսանկյունից առավել ուշագրավները: «Օրերը» համարվում է եվրոպական ամսագիր, տպագրվում է Պրահայում եւ, բնականաբար, եվրոպական կյանքին վերաբերող նյութերն են առավել հետաքրքրական եւ համոզիչ:
Փետրվարի սկզբներին Բրյուսելում տեղի ունեցած ՀԲԸՄ կենտրոնական վարչության ՀԲԸՄ նորաստեղծ եվրոպական կառույցների համաժողովում քննարկվել եւ առաջիկա ծրագրերում առաջնությունը տրվել է հին եւ նոր սփյուռքի միավորման խնդրին: Հայության վերջին շրջանի արտագաղթի հետեւանքով առաջացած նոր աշխարհագրության` Մոսկվա-Փարիզ-Նյու Յորք-Լոս Անջելես հարթության վրա կարեւորվել է ռուսահայության ներուժի օգտագործման հարցը: Երեւանի Նորք թաղամասում Մելգոնյան կրթահամալիրի բացումը հաջորդ լուրջ ծրագիրն է. կառույցի 3 մասնաշենքերը տրամադրվելու են ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ռուսաստանից եկած ուսանողներին: Շինարարությունը սկսվելու է 2008-ի վերջին` 2 տարում ավարտելու նախապայմանով: Ըստ Պերճ Սեդրակյանի, Բարեգործականը շարունակելու է կրթամշակութային ծրագրերը, Դիլիջանում բացվող սկաուտական ճամբար կընդունվեն 300 երիտասարդ, իրականացվում են ծրագրեր նաեւ Մայր աթոռի հետ: ՀԲԸՄ Եվրոպայի համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը իրենց գործունեության մեջ այս խնդիրներից կարեւորում է Հայաստանի ապաշրջափակման, դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատման, հայ համայնքների նոր առաջնորդների պատրաստման, Թուրքիայի հայ համայնքի վիճակի բարեփոխման եւ այլ հարցեր:
Համաժողովին մասնավոր քննարկվել են Փարիզի «Նուպարյան» գրադարանի, որպես եվրոպական հետազոտական լուրջ կենտրոնի հետագա զարգացումների հետ կապված խնդիրներ: «Նուպարյանը» Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյանների գրադարաններից հետո փաստագրական, գիտական, հրապարակախոսական նյութերով, գեղարվեստական, մշակութային հարուստ գրականությամբ երրորդ կարեւոր կենտրոնն է արտերկրի հայության համար. շեշտը դրվել է եվրոպական եւ ամերիկյան նմանաբնույթ հաստատությունների հետ հարաբերությունների ձեւավորման վրա:
ԹՄՄ Կանադայի եւ Ամերիկայի վարչության ատենապետ Հարություն Արզումանյանի հետ հարցազրույցը ներկայացնում է ԹՄՄ հիմնադրման 60-ամյա պատմությունը, նպատակները, ներկա շրջանի գործունեությունը: Այս առիթով ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախմբի հիմնադիր եւ ատենապետ Հակոբ Վարդիվառյանը պատմում է հայաստանյան վերջին հյուրախաղերի եւ թատերախմբի գործունեության մասին:
Արվեստի բաժնում առավել ուշագրավ են Արտավազդ Փելեշյանի 70-ամյակի առիթով Հակոբ Ասատրյանի հրապարակումը, ամերիկյան հայազգի դերասան Մայքլ Գյուրջյանի հետ Արծվի Բախչինյանի եւ Արտակ Ալեքսանյանի հարցազրույցները Էլվինա Մակարյանի հետ: Մայքլ Գյուրջյանին Հայաստանում ճանաչեցին անցյալ տարի «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված` իր գլխավոր դերակատարմամբ «Նուռ» եւ իր նկարահանած «Պատրանք» ֆիլմերով, հոլիվուդյան հայտնի դերասան Քըրք Դուգլասի մասնակցությամբ: Հայկական եւ շոտլանդական արմատներով զուտ ամերիկյան միջավայրում մեծացած Մայքլը Հայաստանն իր համար չհայտնաբերված երկիր է համարում, առաջին տպավորությամբ Երեւանը ընկալել է իբրեւ եվրոպական տիպի քաղաք, հայ արվեստագետներին մեծ մասամբ` արտասովոր: Հոլիվուդյան կինոարտադրության փորձը նրան սովորեցրել է, որ այստեղ «շատ բան պետք է զոհաբերես քո ստեղծագործական երազանքներից, քանի որ Հոլիվուդն այնպիսի կառույց է, որն ավելի շատ արտադրանք է ստեղծում, քան արվեստի ստեղծագործություն»: Հայկական մշակութային առնչությունների մասին այսպես է մտածում. «Ես պարտադիր կերպով չեմ ուզում արվեստ ստեղծել սոսկ իմ ինքնությունը սատարելու համար եւ կամ` հակառակը: Ես անպատճառ նպատակ չեմ դնում ֆիլմ նկարահանել Հայաստանի, հայոց պատմության կամ ցեղասպանության մասին: Կնախընտրեի ֆիլմ նկարահանել հայկական ուժերով կամ որի գործողությունները կկատարվեն Հայաստանում, սակայն տարբերություն չի լինի, եթե դրանք կատարվեն Փարիզում կամ այլուր»:
2007-ի հուլիսին ինքնասպանությամբ կյանքը ընդհատած ԱՄՆ-ում ապրող երգչուհի Էլվինա Մակարյանի հետ «168 ժամ» թերթում պարբերաբար տպագրված հարցազրույցից «Օրերն» արտատպել է մի ոչ ընդարձակ հատված, որը, սակայն, ընդհանուր ուրվագծում է երգչուհու անցած ստեղծագործական ճանապարհը եւ արտիստիկ նկարագիրը` դժբախտ ճակատագրով: Հայաստանում նրան Էդիտ Պիաֆ էին համարում, սակայն ինչպես շատ տաղանդավորներ, Էլվինան նույնպես հայկական արվեստային միջավայրը նվաճեց երկրի հակառակ կողմից, ներսում մերժվելուց հետո: Էլվինա Մակարյանի ամերիկյան կյանքի տարիների ողբերգական վախճանի մեջ` անավարտ, դրամատիկ, խռոված նոտա կա:
Արտակ Ալեքսանյանը գրում է. եթե ուրիշները պայքարում էին երգելու իրավունքի համար, Էլվինան` երգելու ձեւի, ոճի եւ թեմատիկայի համար: Այսօրվա հայկական էստրադայի` դեպրեսիա առաջացնող մղձավանջի պատճառը, ըստ երգչուհու, մեկն էՙ «ցույց տալ, որ Հայաստանը Պակիստանի կամ Շրի Լանկայի մակարդակի երկիր է»: Ա. Ալեքսանյանի համար Էլվինա Մակարյանը «խորհրդանիշն էր ճաշակով ու բարձրաճաշակ հայկական երաժշտության: Նա վարպետ էր, որին լքել էինք, թողել էինք միանյակ ու որին ոչինչ չէր մնում, քան իր վերջին քայլով ուղղակի հիշեցնել, որ ամենամեծ արժեքը մարդն է, ամենամահացու զենքը` անտարբերությունը»: Ու իրեն այրելու եւ մոխիրը օվկիանոսին հանձնելու ու իր մահվան օրը մարդկանց չհավաքվելու իր կտակը դրա վկայությունն է:
Հայ վավերագրական կինոյի մեծ վարպետը` Արտավազդ Փելեշյանը, չնայած 16 տարի ֆիլմ չի նկարում, միջազգայնորեն բացառիկ գնահատված հայ սակավաթիվ ռեժիսորներից է: 2000-ին Փարիզի կինոփառատոնում ստացել է Մեծ մրցանակ, 2006-ին «Ոսկե ծիրանում»` Փարաջանովի մրցանակ: Շուրջ 10 ֆիլմերի, երկու` «Տարածական մոնտաժ» եւ «Իմ կինոն» դասագրքերի հեղինակ է: «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի եւ Պավլովի հոգեբանության եւ Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ: Իր ֆիլմերը նա ստեղծել է` միաժամանակ հերքելով ու զարգացնելով Էյզենշտեյնի մոնտաժի ավանդույթները»: Հանրահայտ ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն Փելեշյանի «Բնակիչները» ֆիլմը դիտելուց հետո ասել է. «Երբ ես եւ իմ թիմը նայեցինք այդ ֆիլմը, հասկացանք, թե երկրագնդի վրա ինչ վտանգ է սպառնում մարդկային կյանքին: Չնայած մեկ մարդու կյանքի ուրվագիծ էր, բայց մենք տեսանք, թե ինչքան ենք վտանգված: Տեսանք, թե ինչպես կարելի է առանց որեւէ խոսք արտասանելու նման ուղերձ հղել մարդկությանը»:
Արտավազդ Փելեշյանի կինոն մարդկության հետ խոսում է փիլիսոփայության, գիտության եւ արվեստի լեզուներով: Նա համոզված է, որ բնության մեջ կա մի տեղ, մի մոլորակ, որտեղ գրանցվում են աշխարհի վրա կատարվող բոլոր մանրամասնությունները եւ գալու է ժամանակ, երբ տեխնիկայի վերջին նվաճումներով օգտագործվելու են բնության այդ «արխիվները», եւ բոլոր բացակաները դառնալու են ներկա...
Մ. Բ.