Վարդան Օսկանյանը Երեւանում հիմնել է «Ցիվիլիտաս հիմնադրամը», հաղորդում են նորաստեղծ հիմնադրամից: Հռոմեական «ցիվիլիտաս` լինել քաղաքացի» գաղափարով կոչված «Ցիվիլիտաս հիմնադրամը» նվիրվում է Հայաստանի պետականության եւ նրա ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը: Հիմնադրամը գործունեություն կծավալի երկու հիմնական ուղղությամբ` խթանել Հայաստանի արտաքին հարաբերությունների ըմբռնումը եւ աջակցել ծրագրերի, որոնք միտված են նպաստելու Հայաստանի զարգացմանն ու ժողովրդավարության խորացմանը: «Ցիվիլիտաս հիմնադրամը» գրանցված է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հաստատություն: Հիմնադրամը շուտով հայտարարությամբ հանդես կգա հոգաբարձուների խորհրդի, աշխատակազմի եւ գործունեության մասին: Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերին` Երեւանում (մանրամասները «Ազգի» կայքէջի լուրեր բաժնում):